«Քաղավիացիայի կոմիտեից արդեն տևական ժամանակ է՝ գրավոր խնդրել էինք պատասխանել՝ ճի՞շտ են արդյոք լուրերն առ այն, որ կոմիտեի նախագահը՝ Տաթևիկ Ռևազյանը, դեռ հազիվ Հայաստան եկած, կրկին արձակուրդի է մեկնել: Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածվեցին խոսակցություններ, թե Տաթևիկը գտնվում է Մալդիվներում՝ հանգստի նպատակով: Ընդ որում, մինչ այդ Ռևազյանը մեր թերթին տված հարցազրույցում հայտնել էր, թե ռազմական դրության պատճառով ստիպված է բնակություն հաստատել աշխատավայրում: Բայց չէ՞ որ ռազմական դրությունը չեղարկված չէ, ուրեմն նա այդ ինչպե՞ս է մեկնել հանգստի:
Այն դեպքում, երբ մեր ավիացիան հասել է այն խայտառակ վիճակի, որ հայաստանյան ինքնաթիռներն են արդեն, ըստ ԱԱԾ-ի մեկնաբանության, առևանգում և տանում Իրան, որի արդյունքում երկիրը կանգնել է ամերիկյան պատժամիջոցների շեմին:
Վերջապես ստացանք կոմիտեի հետևյալ պատասխանը. «Ի պատասխան Ձեր հարցման՝ կապված Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահ Տաթևիկ Ռևագյանի հանգստի մեկնելու հետ, հայտնում ենք հետևյալը.
ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարի 2021 թվականի փետրվարի 1-ի թիվ 109-Ա հրամանով, հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջները, Կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին 2021 թվականի փետրվարի 8-ից 2021 թվականի մարտի 5-ը տրամադրվել է ամենամյա նվազագույն արձակուրդ:
Հաշվի առնելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1- ին մասի 2-րդ կետը՝ հարկ է նշել, որ արձակուրդը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար, որի ժամանակահատվածում աշխատողը ազատ է տնօրինելու հանգստի ընթացքում անձնական և ընտանեկան կյանքը և ընտրելու աշխատունակությունը վերականգնելու ձևաչափը: Բացի այդ՝ ՀՀ օրենսդրությամբ չկա որևէ սահմանափակում՝ աշխատողի կողմից արձակուրդ մեկնելու և արձակուրդի ընթացքում գտնվելու վայրի առնչությամբ»:
ՉԷ, մենք էլ գիտենք, որ ցանկացած աշխատող հանգստի իրավունք ունի ու կարող է, որտեղ միջոցները ներում են, այդ հանգիստն անցկացնել: Պարզապես ուզում էինք հասկանալ Տաթևիկը տարվա մեջ 11 ամիս աշխատում է ու 1 ամիս հանգստանո՞ւմ, թե 1 ամիս աշխատում է (լինում է աշխատավայրում) ու 11 ամիս՝ շքեղ հանգստյան գոտիներում: Համենայնդեպս հիշեցնենք, որ Տաթևիկը սեպտեմբերի սկզբներին էր դեկրետային արձակուրդից հետո վերադարձել Հայաստան»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը