04 03 2021

Հնարավոր չէ լինել ՀՀ «հպարտ քաղաքացի» և մտածել, որ Արցախը և արցախցիները «մերը չեն»․ «Առավոտ»

Հնարավոր չէ լինել ՀՀ «հպարտ քաղաքացի» և մտածել, որ Արցախը և արցախցիները «մերը չեն»․ «Առավոտ»

«1988-2018 թվականների ընթացքում ես չէի կարող պատկերացնել որևէ հայի, որը հարցազրույց է տալիս Երևանի կենտրոնում հայկական լրատվամիջոցին և ասում, որ Արցախն Ադրբեջան է: 44-օրյա պատերազմի ընթացքում, ի դեպ, ադրբեջանցի զինվորները նույնն էին ստիպում անել մեր գերեվարված տղաներին: Բայց մի բան է, երբ նման բան ասում ես, երբ քեզ վրա ինքնաձիգ է ուղղված, մեկ այլ բան է, երբ դա իսկապես մեր հայրենակիցների ներքին համոզմունքն է, որը նրանք արտահայտում են միանգամայն կամավոր:

Եվ պարադոքսն այն է, որ դա ասում են մարդիկ, որոնք սատարում են այն լիդերին, որն ասում էր, թե Արցախը Հայաստան է և վերջ: (Արցախը ադրբեջանական լինելու կամ, առնվազն, այդ տարածքի «անկարևորության» մասին տեսակետն արտահայտում են, իհարկե, Փաշինյանի անկեղծ կողմնակիցները, և ոչ թե նրանք, ում վարչական ռեսուրսով կամ փողով բերում են «աջակցության հանրահավաքների»):

Հասարակական դեգրադացիան, բնականաբար, 2018 թվականին չի սկսվել: 1994 թվականի մայիսից ի վեր իշխանություններին, քաղաքական և հասարակական վերնախավին չի հաջողվել մարդկանց գիտակցության մեջ արմատավորել այն գաղափարը, որ պատերազմում տարած հաղթանակը դարերի կտրվածքով մեր կարևոր պատմական նվաճումներից մեկն է, և այն պետք է պահպանել աչքի լույսի պես, իսկ մնացած խնդիրները դրա հետ համեմատ տասներորդական նշանակություն ունեն:

2018 թվականին եկավ իշխանություն, որը, անկախ վերը նշված կարգախոսից («Արցախը Հայաստան է»), արտահայտում էր հայրենիքի և պետության մասին հենց այդ՝ «դեգրադացված» պատկերացումը: Երբ ասվում է, որ մենք պատրաստ չէինք պատերազմին, արդարացիորեն նշվում են տարբեր պատճառներ: Բայց հիմնական պատճառն, իմ կարծիքով, հասարակության անպատրաստ լինելն էր՝ չկար այն գիտակցությունը, որ Արցախը մեր տունն է, որ արցախցիները մեր քույրերն ու եղբայրներն են: Եվ հիմա, պարտությունից հետո, հասարակության որոշ մասի ներկայացուցիչները, աջակցելով ներկայիս իշխանությունը, հրապարակավ ասում են՝ հա, ոչինչ, միևնույն է, ադրբեջանական տարածք էր, ոչ մի վատ բան չի կատարվել: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ են հիմա մեր մասին մտածում հադրութցիներն ու շուշեցիները, որոնք զրկվել են իրենց տներից, ինչպես նաև այն մարդիկ, որոնք դեռ մնացել են իրենց հայրենի հողում։

Բայց ամենաէականն այն է, որ հայրենիքի կորստի ցավը չզգացողները չեն հասկանում, որ այդ ցավի բացակայությունը չի կարող լինել մասնակի, ազգային դեգրադացիան մասնակի չի լինում: Այսինքն՝ հնարավոր չէ լինել Հայաստանի Հանրապետության «հպարտ քաղաքացի» և մտածել, որ Արցախը և արցախցիները «մերը չեն»: Դա ուղիղ ճանապարհ է, որը տանում է դեպի հայկական պետականության կորուստ և մեր երկրի հայաթափում: Ասածս չափազանցություն չէ՝ եթե մենք հեշտությամբ ենք հաշտվում այն բանի հետ, որ մեզ քշեցին Արցախից, ապա մոտակա տասնամյակներում թուրքերի և ադրբեջանցիների համար խնդիր չի լինի մեզ քշել նաև Հայաստանի Հանրապետությունից՝ մանավանդ, որ Ալիևը պարբերաբար հայտարարում է դրա «իրավունքի» մասին:

Կարծես թե բոլորը համաձայն են, որ Թուրքիայի ռազմավարական նպատակն է, որ հայկական պետություն չլինի, և որ մենք այստեղ չապրենք: Այդ առումով ձեզ չի՞ մտահոգում, որ Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի ղեկավարությունը մեկնաբանում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներն ու իր անվերապահ աջակցությունն է հայտնում Փաշինյանին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ