«Ռուսական thisnews.ru պարբերականը «Ահա և դաշնակիցները․ Հայաստանը ողջունում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները» վերնագրով մի վրդովված նյութ է տպագրել։ «Ռուսաստանը, փրկելով Հայաստանին Լեռնային Ղարաբաղում տոտալ ջախջախումից, չէր սպասում, որ երեկվա դաշնակիցն այդքան արագ ու այդքան բացեիբաց կդիրքավորվի հակառուսական դաշտում»։ Այս վրդովմունքի պատճառը Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի՝ նիդերլանդական Weekblad Elseveir պարբերականին տված հարցազրույցն է, որում նա դրական է գնահատել Արևմուտքի կողմից Նավալնու հարցով պատժամիջոցների սահմանումը։ «Բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների բոլոր վստահեցումները վայրկենապես հօդս ցնդեցին՝ ցույց տալով երևանյան իսթեբլիշմենթի իրական դեմքը՝ իր դաշնակցային պարտավորությունների մասով»,- գրել է վրդովված հոդվածագիրը։
Մեր աղբյուրների վկայակոչմամբ՝ ռուսական կողմն այս հարցազրույցն ուղարկել է տարբեր անձանց ու կառույցների՝ մատնացույց անելով այս «չլսված ու չտեսնված լկտիությունը»։ Մենք ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին խնդրեցինք մեկնաբանել իրավիճակը և Բալայանի հայտարարությունները: Վերջինս ասաց․ «Այդ հարցով խորհուրդ կտամ կարդալ օրիգինալ հարցազրույցը, որը հասանելի է դեսպանության կայքում»։ Այսինքն՝ նիդերլանդական պարբերականն աղավաղե՞լ է Տիգրան Բալայանի մտքերը։ Եվս մեկ հարց․ իսկ ռուսական կողմը պարզաբանում պահանջե՞լ է ՀՀ ԱԳՆ-ից, ԱԳՆ խոսնակն ասաց՝ ոչ, որևէ նման հարց չի եղել։
Դեսպանության կայքում գտանք հարցազրույցի հայերեն տարբերակը, որտեղ, եթե այն, իհարկե, ամբողջական է, ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին այլ բան է ասվել։ Հարցին, թե ըստ հայկական կողմի` Թուրքիան նույնպես ներգրավված է եղել պատերազմում, Բալայանն ասել է, որ Թուրքիայի կառավարությունը ջիհադիստներին Սիրիայից ուղարկեց կռվելու Հայաստանի դեմ, նրանք Սիրիայից օդանավերով տեղափոխվել են Ստամբուլ և Անկարա, որտեղից էլ՝ Բաքու, ու նշել է, որ «Եվրոպան աչք է փակում կատարվողի վրա»:
Հարցին, թե ինչու պետք է Եվրոպան լռեր, ասել է․ «Ըստ ոմանց՝ դրա պատճառը Եվրոպա մատակարարվող ադրբեջանական գազն ու նավթն են: Ռուսաստանը ևս գազ ու նավթ է մատակարարում Եվրոպա, սակայն դա չխանգարեց Ալեքսեյ Նավալնու ենթադրյալ թունավորման պատճառով Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառել»։ Հարց․ ի՞նչ կարող է անել Եվրոպան: Բալայանը պատասխանում է. «Պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի հրամանատարության դեմ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ դեմ։ Տիկին Ալիևան Ադրբեջանի փոխնախագահն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեսպանն է: Փարիզի և Միլանի բուտիկներում գնումներ կատարելու հնարավորությունից նրան զրկելն ուժեղ ազդակ կլիներ»: Իսկ Նիդերլանդնե՞րը։ «Արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկն ասում է, որ ենթադրյալ ռազմական հանցագործությունները պետք է հետաքննվեն: Արդյո՞ք պետք է քննել, թե հայը, որին գլխատել են, իրոք մահացել է: Ինչո՞ւ Նիդերլանդներն առաջատար դեր չի ստանձնում: Չէ՞ որ Նիդերլանդներն աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության չեմպիոնն է»։
Այնուամենայնիվ, փորձագետները նկատում են, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է իրեն այս ճամբարից այն ճամբարը գցել և մե՛կ սիրաշահում է Ռուսաստանին, մե՛կ՝ Արևմուտքին ու Բայդենի նորընտիր վարչակազմին:
Նյութը պատրաստելու ընթացքում պարզեցինք, որ վրդովմունք առաջացրած հոդվածը տպագրվել է ոչ անհայտ Կորոտչենկոյի՝ ադրբեջանցի ամենախոշոր լոբբիստի խմբագրած թերթում, ինչը նշանակում է, որ հնարավոր է գույները խտացված լինեն։
Դեմկուսի առաջնորդ Արամ Գ․ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Եթե տեքստը ամբողջը դա է, ապա Տիգրան Բալայանը հստակ ասում է, որ նրա ենթադրյալ թունավորման փաստի հետ կապված դուք՝ եվրոպացիներդ, կարողանում եք պատժամիջոցներ մտցնել ՌԴ-ի դեմ, իսկ այն պարագայում, երբ Ադրբեջանը նման քայլեր է անում, չեք սահմանում պատժամիջոցներ։ Այստեղ չի համեմատվում Նավալնու հետ, համեմատվում է փաստի հետ, որ էսինչ հարցում մարդու իրավունքներ եք պաշտպանում, իսկ մարդու իրավունքների բացահայտ խախտումների դեպքում ինչո՞ւ չեք պատժամիջոցներ սահմանում»։ Սարգսյանն առաջարկեց․ «Կարծում եմ՝ ԱԳՆ-ն պետք է միանգամից, օպերատիվ ձևով ռուսերեն լեզվով թարգմանված այդ հարցազրույցը տեղադրի կայքում, կարծում եմ՝ որևէ բանականություն ունեցող մարդ դրան նման գնահատական չի տա»»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը