168.am-ը գրում է․ «Էկոնոմիկայի նախկին նախարարին հավանաբար շատերն են հիշում. խոսքը Տիգրան Խաչատրյանի մասին է, ով չէր վարանում անընդհատ կրկնել, թե միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագրեր ունենք։ Ցավոք, այդ ներդրումային ծրագրերն այդպես էլ ներդրումներ չդարձան։
Հիմա Տիգրան Խաչատրյանն այլևս նախարար չէ։ Նրան փոխարինել է Վահան Քերոբյանը, ով նույնպես միլիարդավոր ներդրումներից է խոսում։ Եվ ոչ միայն միլիարդավոր ներդրումներից է խոսում, այլև կառավարության ընդամենը 3,2 տոկոսանոց սպասումների դիմաց՝ երկնիշ աճ է խոստանում Հայաստանի տնտեսությանը։
Կասկած չկա, որ չի լինելու թե՛ մեկը, և թե՛ մյուսը։
Չուզողությունը չէ պատճառը այդպես կարծելու համար։ Այդպես կարծելու համար բազմաթիվ պատճառներ կան։
Անցած 2,8 տարում ադպես էլ չհասկացան, որ ներդրումներն ու տնտեսական աճը խոսքերով չեն լինում։ Դրա համար հիմքեր են պետք։ Իսկ այդպիսի հիմքեր այսօր չկան։
Հայաստանը նոր տնտեսական տարի է մտնում բազում անորոշություններով ու մարտահրավերներով։ Հետպատերազմյան շրջանում անկայունության ու երկրի անվտանգության հետ կապված խնդիրներն էապես ավելացրել են տնտեսության ռիսկերը։ Չնայած ստորագրած խայտառակ փաստաթղթին, չի ուզում պաշտոնին հրաժեշտ տալ վարչապետը։ Նա ամեն ինչ անում է՝ հնարավորինս ձգելու իր պաշտոնավարումը։
Որքան երկար ձգվի այս իրավիճակը, այնքան վատ տնտեսության համար։
Հազիվ թե Նիկոլ Փաշինյանը սա չի գիտակցում։ Գիտակցում է, բայց շարունակում է երկիրը տանել նոր փորձությունների։
Պարզից էլ պարզ է, որ համատարած անորոշությունների ու անկայունության պայմաններում անիմաստ է լուրջ հույսեր կապել տնտեսական զարգացումների հետ։ Վստահություն չկա նույնիսկ վաղվա օրվա նկատմամբ։ Էլ ուր մնաց՝ մտածել ներդրումների ու ներդրումային ծրագրերի մասին։
Անգամ, եթե մի կողմ թողնենք անորոշությունն ու անկայունությունը, երկրի անվտանգության հետ կապված խնդիրներն ամենամեծ չարիքն են ներդրումների համար։ Հիմա ներդրողներն ավելի շուտ մտածում են՝ ոչ թե ներդրումներ անեն Հայաստանում, այլ՝ դուրս բերեն իրենց ներդրումները՝ հնարավոր բացասական հետևանքներից ապահովագրելու համար։
Սա խնդիր է, որին մենք միայն հետպատերազմյան շրջանում չէ, որ բախվել ենք։ Իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի մեր տնտեսության մեջ ներդրումային հոսքեր չլինեն։ Օրինակները բազմաթիվ են։
2,5 տարի կանգնած է Ամուլսարի ծրագիրը։ Իրենց պոպուլիզմի ու անվճռականության պատճառով, այդպես էլ իշխանությունները չհամարձակվեցին որևէ որոշում կայացնել այդ ծրագրի վերաբերյալ։ Այսօր էլ մի քանի հարյուր միլիոնանոց ծրագրի ճակատագիրը հարցական է։ Մինչդեռ, այն կարող էր լուրջ խթան լինել տնտեսության աղետալի վիճակն ինչ-որ չափով մեղմելու համար։ Եվ ինչո՞ւ միայն տնտեսության. երբ ամենուրեք գլուխ են բարձրացրել սոցիալական խնդիրները, այն կարող էր հազարավոր մարդկանց համար ապրուստի ապահովման միջոց լինել։
Միայն Ամուլսարը բավական էր երկիրը ներդրողների աչքում վարկաբեկելու համար։
Ցավոք, այն միակը չէ։ Վերջերս էլ միջազգային արբիտրաժ դիմելու մասին հայտարարեց Երևանի աղբահանությամբ զբաղվող նախկին օպերատորը։
Ոչինչ, որ այդ նախաձեռնության արդյունքում Հայաստանը կարող է տասնյակ միլիոն դոլարի տույժեր վճարել ներդրողին, վտանգվում է երկրի ներդրումային հեղինակությունը, եթե իհարկե, դեռ ինչ-որ բան դրանից մնացել է։
Այսօր, երբ Հայաստանի տնտեսությանը, առավել քան երբևէ, ներդրումներ են անհրաժեշտ, շատ ավելի դժվար է լինելու դրանք գտնելը։ Հատկապես ներկա իշխանությունների օրոք։
Տարօրինակ է, որ այսքանից հետո էկոնոմիկայի նորանշանակ նախարարը միլիարդավոր ներդրումների մասին է խոսում։
«Մենք ունենք բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր, որտեղ կա և՛ ինվեստորը, և՛ պրոյեկտը։ Հիմա մեր գերխնդիրն այդ պրոյեկտները հնարավորինս արագ շուկա լցնելն է։ Այստեղ մենք ստանձնում ենք առաջին ջութակի դերը՝ օգնել բոլոր ներդրողներին իրենց պրոյեկտները հասցնել շուկա»,- ասում է էկոնոմիկայի նախարարը։
Թե ինչ բազմամիլիարդ ներդրումային ծրագրերի մասին է խոսքը, բնականաբար, նախարարը չի բացահայտում։ Բացահայտելու իմաստը չկա էլ։ Նախկին նախարարն էլ էր միլիարդավոր դոլարների հասնող ծրագրերից խոսում, և ի՞նչ ունեցանք արդյունքում։ Արդյունքում՝ տարեցտարի արձանագրում ենք ներդրումների նվազում։
Հիմա, առավել ևս, ներդրումային ռիսկայնությունը մեր երկրում չափազանց բարձրացել է։ Այդ թվում՝ ոչ միայն արտաքին, այլև ներքին ներդրողների մոտ։
Եվ ոչ մի նշանակություն չունի, թե էկոնոմիկայի նախարարի պաշտոնում հայտնված Վահան Քերոբյանն ինչ է մտածում ներքին ներդրողների մասին. «Մենք շատ ենք խոսում օտարերկրյա ներդրողների մասին՝ մոռանալով տեղական ներդրողներին։ Բայց հենց տեղական ներդրողներն են, որ իրականում առաջ են տանում տնտեսությունը։ Իսկ տեղական ներդրողները շատ մեծ հավատով են լցված Հայաստանի ապագայի նկատմամբ, և իրենց պրոյեկտների իրագործումը կխթանի նաև օտարերկրյա ներդրումների մուտքը Հայաստան»։
Ինչ հավատի մասին է խոսում նախարարը, միայն կարելի է երևակայել։ Հայաստանի տնտեսության նկատմամբ ներդրողների մոտ հավատի լուրջ կորուստ է։
Նույնիսկ անիմաստ է հատուկ ուսումնասիրություն կատարել համոզվելու համար, որ Հայաստանում ներդրումային միջավայրը գտնվում է զրոյական վիճակում։ Ոչ մեկը ներդրում չի անի այնպիսի մի երկրում, որտեղ այսքան անորոշություններ ու անկայունություն է։ Այն, ինչ կատարվում է Հայաստանի տնտեսության մեջ, ապագայի նկատմամբ ոչ մի հույս չի տալիս։ Այս իրավիճակում առնվազն տնտեսությունից ոչինչ չպետք է հասկանալ՝ երկնիշ տնտեսական աճի մասին կանխատեսումներ անելու համար։
Ժամանակին Նիկոլ Փաշինյանն էլ շատ բաներ էր ասում՝ ներդրումներ ու թռիչքային աճեր էր խոստանում, տնտեսական հեղափոխություններ էր իրականացնում, բարեփոխումներից ու վերափոխումներից էր խոսում։ Հիմա այդ մասին արդեն քչերն են հիշում։ Հիշելու բան էլ չկա, որովհետև ունենք այն, որ այդպիսի խոստումներով իշխանության եկած թիմը ոչ միայն տնտեսությունը, այլև երկիրը կանգնեցրեց կործանման եզրին։ Ու այդքանից հետո չի ուզում հեռանալ, շարունակում է ամուր կառչած մնալ աթոռներից՝ լավ իմանալով, որ իր գոյության յուրաքանչյուր հաջորդ օրն ավելի է խորացնում ճգնաժամը մեր երկրում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը