19 12 2020

Գոր­ծող կա­ռա­վա­րու­թյան ուժե­րից վեր է խնդիր­նե­րի լու­ծու­մը․ «Փաստ»

Գոր­ծող կա­ռա­վա­րու­թյան ուժե­րից վեր է խնդիր­նե­րի լու­ծու­մը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը ողջ ծավալով սկսել է զգալ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ու, որպես արդյունք, պատերազմում ծանրագույն պարտության դառը պտուղները։ Իսկ Ադրբեջանը, տեսնելով մեր երկրում ստեղծված իրադրության բարդությունը, ավելի լկտի պահվածք է դրսևորում և անգամ այնպիսի քայլերի է դիմում, որոնք խախտում են նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի համաձայնության պայմանավորվածությունները: Այսպես, Ադրբեջանը ոչ միայն ձգձգում է համատեղ հայտարարությամբ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով նախատեսված գերիների փոխանակման հարցը և փորձում դիրքային առաջխաղացում ունենալ Արցախում, այլև հայտարարում է Հայաստանի տարածքի մի մասի նկատմամբ իր հավակնությունների մասին։

Իսկ մինչ այդ մեզանում որոշ իշխանական շրջանակներ խոսում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման և սահմանների բացման առավելություններից՝ շեշտելով դրանից սպասվող տնտեսական օգուտների մասին։ Սակայն այս իրավիճակում, երբ թուրք-ադրբեջանական թշնամական տանդեմը նորանոր պահանջներ է դնում հայկական կողմի առաջ, տնտեսական օգուտներից խոսելը ոչ միայն աննպատակահարմար է, այլ ավելի շատ իլ յուզիայի է նման։ Պարզ տեսնում ենք, որ իրադարձությունների զարգացման արդյունքում Հայաստանը ոչ միայն օգուտներ չի ստանում, այլև կշեռքի նժարին է դրված անգամ մեր երկրի սուվերենության հարցը։ Հակառակորդի աճող պահանջներին դիմակայելու համար անհրաժեշտ է հենց այս պահից հետևողական քայլեր ձեռնարկել Հայաստանի ներքին դիմադրողականությունը բարձրացնելու ուղղությամբ։

Բայց իշխանություններն իրենց քայլերով ավելի են թուլացնում երկրի պաշտպանունակությունը՝ բարոյալքելով ողջ պետական համակարգը։ Ինչպես տեսնում ենք, պետական կառավարումն այսօր կազմալուծման եզրին է։ Արտահայտելով իրենց անհամաձայնությունը իշխանությունների կողմից վարվող քաղաքականության նկատմամբ՝ մեծ թվով պաշտոնյաներ դուրս են գալիս համակարգից։ Աճում են հանրային դժգոհությունները, իսկ ներքաղաքական առճակատումն ու ներքին երկպառակություններն արդեն իրողություններ են։ Արդյունքում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, և երկիրը մուտք է գործում անիշխանության և քաոսայնության փուլ, որը թուլացնում է մեզ, ինչից հակառակորդը անպայման կփորձի օգտվել և նոր զիջումներ կորզել։ Ուստի բոլոր անհրաժեշտ քայլերը պետք է ձեռնարկել, որպեսզի Հայաստանի պաշտպանական ներուժը չփլուզվի և համընդհանուր հուսահատությունը չհամակի քաղաքացիներին։

Բայց սա մի հարց է, որ այսօրվա իշխանություններն ընդունակ չեն լուծելու։ Արտաքին քաղաքականության ճակատում աշխատանքի ուղղությամբ ևս իշխանությունները ցույց են տալիս իրենց անկարողությունը, այնինչ տարբեր գործընկերների հետ աշխատելու լայն դաշտ է բացվել։ Ռուսաստանի հետ համագործակցության խորացման ուղղությամբ ջանքեր գործադրելու հետ մեկտեղ անհրաժեշտ է ակտիվ դիվանագիտական աշխատանք տանել թուրքական աճող ազդեցությունից դժգոհ Իրանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի, արաբական աշխարհի երկրների և մյուս պետությունների հետ։ Չգիտես ինչու, ներկայիս իշխանությունները դադարել են պատշաճ մակարդակով միջազգային հանրության առաջ բարձրացնել հակառակորդի կողմից խաղաղ բնակչության թիրախավորման, ահաբեկիչ գրոհայինների, Արցախի տարածքները թուրքական վարձկաններով բնակեցնելու, հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու և հարակից հարցերը, որոնք կարող են թուրք-ադրբեջանական տանդեմի վրա դիվանագիտական ճնշման գործիք հանդիսանալ։

Բայց քանի որ գործող կառավարության ուժերից վեր է այս խնդիրների լուծումը, ապա արագ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու անհրաժեշտությունն ավելի հրատապ է դառնում։ Ազգային համաձայնության կառավարությունն է, որ կկարողանա համախմբել հանրության բոլոր շերտերին և երկիրը դուրս հանել այս վիճակից։ Եվ կարևոր է, որ ազգային միասնության հիման վրա կառավարության ձևավորումը թույլ չի տա, որ ներքաղաքական լարվածությունը խանգարի համազգային օրակարգի ձևավորմանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ