«Փաստ» օրաթերթը գրում է
1915-1923 թթ. ցեղասպանությունից հետո, անհամար զոհերից և ահռելի տարածքային կորուստներից դեռ ուշքի չեկած, հայությունն ապրում է մեր մի քանի հազարամյա պատմության թերևս վատթարագույն օրերը: Թագաժահրից ու անխոհեմ պատերազմում կրած խայտառակ պարտությունից, համընդհանուր սուգի պայմաններում, իր մոտալուտ վախճանն զգացող, սակայն իր խոստացած քայքայումը դեռևս չավարտած՝ օտարահաճո «հեղափոխական» կառավարությունը հայությանը հրամցնում է նոր ցավալի անակնկալներ: Կարծես լուծելու ուրիշ խնդիր չունի և, հայտնի է՝ ո՛ւմ առջև պարտավորված, այս նեղ ժամանակում նա հետևողականորեն իրականացնում է հայոց ազգային պետականությունը դրսից ու ներսից քանդելու լրտեսական բազմաքայլ ծրագիրը:
Իշխանության գալով՝ իր «քանդումի հեշտանքը» նա սկսեց վայելել ազգային և «հնության դրոշմ կրող ամեն բան» ավերելով, իսկ նախորդ իշխանություններից զզված ու հիասթափված ժողովուրդը միամտաբար կարծեց, թե խոստումներ շռայլող նորերը ազգի իրական փրկիչներն են: Սակայն «անցնցում, ոչ բռնի, թավշյա հեղափոխության ծրագիրը» պահանջում էր, որ իրենց քայքայիչ գործունեությունը նրանք սկսեն հայոց պետականության գիտակրթական միջնաբերդը քանդելով և նրա ճակատագիրն անորոշության մատնելով: Երկու տարուց ավելի է՝ հայոց մայր բուհը՝ Երևանի պետական համալսարանը, ռեկտոր չունի, որովհետև գործող ընտրակարգը թույլ չի տալիս այդ պաշտոնին անհամապատասխան իրենց «իմքայլական» թեկնածուներից մեկնումեկին խցկելու, ինչպես դա հաջողությամբ արեցին ՀՀ Ազգային ժողովում, ՀՀ կառավարությունում, երկրի գրեթե բոլոր կարևոր պաշտոններում: Խանգարո՞ւմ են Սահմանադրությունն ու կանոնադրությունը, ուրեմն՝ պետք է հապշտապ փոխել դրանք՝ հանուն բուհերի կառավարումը ըստ քմաց յուրում «դյուրացնելու»:
«Իմքայլականները» կա՛մ նախապես չէին մտածում, թե իրենց հսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներն անգամ մի օր անուն առ անուն հրապարակելու են իրենց ազգադավ «կենսագրությունը», և ամբողջ հայությունը պիտի հասկանա, որ տարիներ շարունակ դրսի աղբյուրներից ֆինանսավորվող ու հիմա պետության գահին բազմած պարոններն ու տիկիններն ի՛նչպես քայլ առ քայլ քանդեցին մեր երկիրն ու ազգային ինքնությունը, կա՛մ էլ մտածեցին՝ մինչև թմբիրից արթնացող ժողովուրդը հասկանա, իրենք արդեն հաղթած կլինեն և անպատժելիության աստիճան անհասանելի: Կիրառեցին իրարահաջորդ քայլերի՝ առաջին հայացքից անտեսանելի մի շղթա և աներևակայելի «հաջողությունների հասան» մեր ազգի բարոյական նկարագրին անհարիր Ստամբուլ յան համաձայնագրի, տրանսգենդերային երևույթներին օրինական տեսք տալու, Եհովայի վկաներին Ազգային ժողովի որոշմամբ արտոնություններ շնորհելու, հայթուրքական հաշտեցման հանձնաժողովի գործունեությունն օրինականացնելու ասպարեզներում:
Ազգային մտածողությանն ու մշակութային արժեքներին հարվածելու համար հրապարակայնորեն իրականացրին 1923 թ. բոլ շևիկյան հեղափոխության կարգախոսներով և մանավանդ «Երեքի» դեկլարացիայի՝ «անբիծ սիրուն մենք դեմ ենք դնում սեռական առողջ բնազդի զգացողությունը» տեսությամբ հորինված, բայց ստեղծման պահից ողջամիտ քննադատության կողմից մերժված ու մոռացված Ազատ Վշտունու՝ պրոլետարական «Հուզանք ու Զանգ» երկի բեմադրությունը մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի նախամուտքում: Գրական այդ խոտանը արխիվներից հայտնաբերեցին նորագույն գրականության մեջ ստեղծված ճշմարիտ գեղարվեստական արժեքներից խորշող մերօրյա «առաջադեմ իմաստունները»: Ինքնավստահ ու մեծամիտ այդ տգետները քայքայեցին նաև հայոց արցախյան հաղթանակած բանակը՝ հեղինակազրկելով ու պաշտոնազրկելով նրա հերոս փորձառու հրամանատարներին, առաջ քաշելով, մեծարելով ապաշնորհներին, կանոնավոր միասնական բանակը մասնատելով՝ վերածեցին ջոկատների, ջանացին որքան հնարավոր է հայ զինվորի մեջ մեռցնել ազգային ոգին ու հաղթանակի հավատը:
Տապալվեցին մեր արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը, արդյունաբերության ու գյուղատնտեսության բնագավառները, բարեփոխման անվան տակ ծամածռվեց, խեղվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը: Իրենց բնորոշ ճարպկությամբ սղղացնելով անցկացրին նոր օրենքը, որ հիմա, արդեն գլխի ընկնելով, Ազգային ժողովից հետ են կանչում ԵՊՀ դեկանները: Այս «հաջող» քայլերը, իհարկե, պիտի հանգեցնեին նաև դիվանագիտական ոլորտում և բազմապատիկ գերազանցող թշնամական աշխարհի դեմ չկանխված պատերազմում նպատակային պարտության: Իսկ հայագիտությունը և մանավանդ Ջ. Բայրոնի բնորոշած «աստվածների լեզու» հայերենը, որ հազարամյակներ շարունակ մեր պաշտպանական վահանն է եղել ընդդեմ ձուլման ահ ու մահի, սկզբից ևեթ համարեցին իրենց գլխավոր «դասակարգային թշնամին»:
«Հայոց լեզու և գրականություն» առարկան Հայաստանի բուհերում որպես ընդունելության քննություն կամընտրական դարձնելը անդառնալի հարված է մեր ազգային ինքնությանը, մեր գոյաբանական արմատներին, այն էլ ո՛չ թե թշնամու, այլ օտար արժեքներով շլացած և մեր ազգայինն արհամարհող թվացյալ բարեկամի ձեռքով: Կամայականորեն շրջանցելով ՀՀ գլխավոր օրենքը՝ Սահմանադրությունը, որով հայերենը սահմանված է որպես Հայաստանի Հանրապետության պետական լեզու և որպես այդպիսին ՀՀ-ում պիտի գերակա դիրք ունենա և լինի պետական հոգածության առարկա, այսօր արհամարհվում է և «հավասարեցվում» կամ ստորադասվում օտար լեզուներին: Իրենց Սահմանադրությունից վեր դասող արկածախնդիրները ինքնաբավ մեծամտությամբ ջնջում են հայ դպրոցի էությունն ու սերունդների հայեցի դաստիարակությունը, արժեզրկում հայոց լեզվի և գրականության, հայոց պատմության ուսուցչի սրբազան աշխատանքը՝ խարխլում, ոչնչացնում են ազգային միասնության, հայեցի դաստիարակության այն ավանդույթները, որ բարեխղճորեն կենսագործվում էին նույնիսկ խորհրդային դպրոցում:
Այդ դպրոցը մեծ կարևորություն էր տալիս նաև հայ գրականությանը՝ այն համարելով համակողմանիորեն զարգացած լիարժեք քաղաքացի, հայեցի նկարագիր ու դաստիարակություն ձևավորող հիմնամիջոցներից մեկը: Այ հենց սա՛ դուր չեկավ մերօրյա փանջունիներին, որոնք էլ վերջերս ասպարեզ բերեցին հայոց լեզվի, հայ գրականության և հայոց պատմության խայտառակ չափորոշիչները, բայց հանդիպելով հայ մտավորականության լուրջ դիմադրությանը` որոշեցին այնուհետև գործել թաքուն և հայությանը կանգնեցնել փաստի առաջ: Ի՞նչ ենք տեսնում այսօր՝ անկախ ազգային պետություն Հայաստանում, մանավանդ թավշյա հեղափոխությունից հետո: Օտյանի հերոսի՝ «Մենք ենք օրենքը, և մեզմե դուրս ամեն բան ապօրեն է» կարգախոսով այսօրվա «Խիկար իմաստունների» ձեռքով մեր աչքի առաջ քանդվում է մեր հայրենիքը, իսկ ոմանք զարմանում են՝ «Ա՛յ տա, բա էս ո՞նց էլավ»:
Սակայն պետք չէ զարմանալ, քանի որ երկիրը կառավարում են հոգով շեղված անխորհուրդ խորհրդականները. պետք է սթափվել և մեր ազգային արժեքները փրկել նրանց ճանկերից: Դեռ խորհրդային դպրոցից սովորել ենք իր հայրենիքի մասին ծանր տագնապների օրերին «մեծ ու հզոր» ռուսաց լեզվով հպարտացող, այն իր միակ հույսն ու ապավենը համարող Ի. Ս. Տուրգենևի արձակ բանաստեղծությունը. «Իմ հայրենիքի ճակատագրի մասին ծանր մտորումների և բզկտող խոհերի այս օրերում դու ես իմ միակ հույսն ու հենարանը, օ՜ մեծ, հզոր, ճշմարիտ ու ազատ ռուսաց լեզու…»: Իսկ հայոց լեզվի մասին քի՞չ են այսպիսի բանաձևային բնորոշումները, և մի՞թե ձուլման վտանգ չունեցող ռուս մեծ ժողովուրդն ունեցել է ավելի ծանր ու տագնապալի պահեր, քան հայ ժողովուրդը, որի մեծ բանաստեղծներից մեկը՝ Ավ. Իսահակյանը, հայոց լեզուն համարում էր հայության բուն հայրենիքը:
Գերմանացի հայագետ Յոզեֆ Մարկվարտը, որ նաև հայերեն Բդեշխյան ազգանունն է գործածել, գրել է, թե գերմանական տառերի ստեղծող Պիպինը և Վինֆրիդը «ողորմելի թզուկներ» են մտքի հսկաներ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի համեմատությամբ»: Սա էլ հո օտարի կարծիք է: Գիտենք, որ օտար արժեքներով շլացած քանդարարները, իրենց գործը կիսատ թողած, ժամանակ չունեն գրականություն և մանավանդ իրենց թշնամի կամ չսիրած հայ գրականությունը կարդալու, ուստի հայոց լեզվի ու գրականության ճոխության ու գեղեցկության, բովանդակային հարստության մասին օտար և հայ գրողների ասույթներով ծանրաբեռնելու փոխարեն հիշեցնում ենք լեզվի մասին նրանց «շա՜տ սիրած» Խաչատուր Աբովյանի բանաձևերից մեկը. «Լեզուն դարտակ խոսք չի, այլ հոգին ա մարդիս»:
Այդ լեզվով է արտահայտվում հոգին՝ գրականությունը, առանց որի ոչ մի լեզվական օրինաչափություն հնարավոր չէ բացահայտել: Այդ գրականությունն է ազգին սիրել տալիս իր լեզուն, որով էլ սերունդները ճանաչում, արժևորում են հայրենիքը, սերը, ծնողը, զավակը, կյանքն ու մահը: Չենք խորանում հայ հին ու միջնադարյան, նոր ու նորագույն և սփյուռքահայ գրականության գեղարվեստական արժեքների, նրանց ազգապահ դերի գնահատման մեջ, որովհետև «իմքայլական» թերուսները որքան շատ ու խորը հասկանան, այնքան ավելի կմոլեգնեն իրենց ապազգային ու հակահայ գործունեության մեջ, որի վնասն ավելի մեծ կլինի:
Վճռաբար բողոքում ենք հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության դեմ իրականացվող նոր արշավանքի դեմ, որ ծրագրված իրականացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, և ակնկալում ազնիվ հայ մտավորականության աջակցությունը:
ԵՊՀ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՀՐ. ԹԱՄՐԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ
ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ,
ԵՊՀ ՀԱՅ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ,
ԵՊՀ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը