08 12 2020

Պուտինն էլ է ստորագրել, պետք է Պուտինի հրաժարակա՞նը պահանջենք․ Հովհաննես Իգիթյան․ «Հրապարակ»

Պուտինն էլ է ստորագրել, պետք է Պուտինի հրաժարակա՞նը պահանջենք․ Հովհաննես Իգիթյան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանի հետ

- Ընդդիմադիր ուժերը մինչեւ այսօր՝ ժամը 12-ը, ժամանակ են տվել Նիկոլ Փաշինյանին, որ նա հեռանա։ Ի՞նչ եք կարծում, կգնա՞ այդ քայլին։

- Դուք մտածում եք, որ ես հիմա պետք է մեկնաբանեմ նախ այս վերջնագիրը, ես այն վերջնագիր եմ համարում, եւ կռահեմ, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես է պատասխանո՞ւմ։ Ես եթե լրագրող լինեի, կմոտենայի այն մարդուն, որն այս վերջնագիրը հնչեցրել է, եւ կհարցնեի՝ իսկ եթե 12։01-ին՝ ձեր տված ժամկետից մեկ րոպե անց, չտա հրաժարական, ապա ի՞նչ։

 

- Իրենք ասում են՝ դրանից հետո սկսելու են զանգվածային անհնազանդության ակցիաներ իրականացնել։

- Դրանից հետո իրենք պետք է մի պատասխան տան՝ մենք կանենք ամեն ինչ օրենքների շրջանակներում։

- Հակառակը չեն էլ ասել՝ որ օրենքի շրջանակում չեն գործելու։

- Դե, այդ դեպքում դա արդեն վերջնագիր չէ, որովհետեւ վերջնագիրը նշանակում է՝ եթե այդպես չանես, ապա ես կանեմ սա, սա, սա։

- Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջի մեջ Դուք հիմնավոր պատճառ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ, ինչո՞ւ պետք է նա գնա կամ, Ձեր կարծիքով, ինչո՞ւ պետք է չգնա։

- Չէ, հարցը դա չէ, եւ Նիկոլ Փաշինյանն էլ չի հիմնավորում՝ ինչու ինքը պետք է մնա կամ ինչու ինքը չպետք է գնա։ Ես իմ մասին եմ ասում, օրինակ՝ ես, որպես պատգամավոր, փորձում եմ գտնել այն կոնցեպտը, որտեղ կարող եմ օգտակար լինել այս իրավիճակում։ Եթե տեսնեմ, որ ես չեմ կարող այս իրավիճակին որեւէ ձեւով օգտակար լինել, ես, իհարկե, կգնամ։ Ու կգնամ ոչ թե նրա համար, որ ասում են՝ հեռացիր, այլ կգնամ, որ կարող է ես իմ հին մտածելակերպով այս իրավիճակում օգտակար չլինեմ։

- Դրա՞ համար Ձեր որոշ գործընկերների օրինակով չեք դնում մանդատն ու հեռանում։

- Ամեն մեկը թող մտածի՝ այս իրավիճակում ինքը կարո՞ղ է աշխատել։ Մեկը մտածում է, որ չի կարող, մեկը կարծում է, որ ճնշումը շատ մեծ է, եւ ինքը չի կարող դիմանալ, մեկը գտնում է, որ ինքը չի կարող օգտակար լինել։

- Հիմա Դուք ի՞նչ եք մտածում՝ կարո՞ղ եք օգտակար լինել այս իրավիճակում եւ ո՞ւմ կամ ինչի՞ն պետք է օգտակար լինեք ու ինչպե՞ս։

- Տեսեք, ես՝ որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, փորձում եմ այն բոլոր բանաձեւերը, որ նախկինում մենք ունեցել ենք, նայել՝ արդյոք դրանք արդիակա՞ն են, թե՞ ոչ, որովհետեւ, ի վերջո, Լեռնային Ղարաբաղի հետ կապված Ադրբեջանի մոտեցումը եղել է գերիշխող, որ Հայաստանը հարձակվել է իր վրա, 20 տոկոս հող է գրավել, եւ մի միլիոն փախստական ունեն իրենք։ Հիմա հակառակ պրոցեսն է՝ Ադրբեջանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը։ Ով ինչպես ուզում է հաշվարկի՝ բոլոր հաշվարկներով, Ադրբեջանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը, խախտել է Մինսկի խմբի բոլոր բանաձեւերը։

- Դիվանագիտական ճակատում մենք հիմա ի՞նչ անելիք ունենք, եւ այսօր հնարավո՞ր է վերսկսել բանակցային գործընթացը։

- Նախ, առաջինը մենք պետք է մեր անհամաձայնությունը հայտնենք իրականացվածի հետ կապված։ Իհարկե, պետք է սկսվի բանակցային գործընթաց, բայց մինչեւ սկսելը ե՛ւ մենք, ե՛ւ Արցախը պետք է մեր կոնցեպտը ներկայացնենք։ Եվ ես գտնում եմ, որ այստեղ Արցախը պիտի իր սուբյեկտությունը բարձրացնի։

- Պարտված կամ կապիտուլյացիայի, հողերը հանձնելու փաստաթուղթը ստորագրած ղեկավարը, ըստ Ձեզ, կարո՞ղ է գնալ եւ արժանապատվորեն բանակցել։

- Դուք անհատի հարց եք բարձրացնում, ես չեմ կարծում, որ այստեղ մենք անհատական մոտեցումներով պետք է փորձենք իրավիճակից դուրս գալ։

- Բայց այդ անհատն է, չէ՞, ստորագրել փաստաթուղթը։

- Կապ չունի, Պուտինն էլ է ստորագրել այդ փաստաթուղթը, պետք է հրաժարակա՞նը պահանջենք։

- Բայց Պուտինին չեն ծաղրում Ալիեւն ու նրա ապարատը, նրան չեն վիրավորում, հումորային հոլովակներ չեն պատրաստում նրա վրա։

- Համաձայնեք, որ տարբեր մոտեցումներ կան, չէ՞։ Մեկն ասում է՝ Փաշինյա՛ն, հեռացիր, մեկը չի ասում՝ Փաշինյա՛ն, հեռացիր, մեկն էլ գտնում է, որ Փաշինյանը պետք է մնա։ Այսինքն՝ ստացվում է, որ այս բանաձեւի շուրջ, որը մի նախադասության մեջ է՝ Փաշինյա՛ն, հեռացիր, ազգային համաձայնությունը չի ստացվում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ