03 12 2020

Փաշինյանը վերածվել է մի գործչի, որը գործում է ընդդեմ Հայաստանի․ «Փաստ»

Փաշինյանը վերածվել է մի գործչի, որը գործում է ընդդեմ Հայաստանի․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը փոթորիկ էր ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ ողջ հանրության համար։ Իրադարձություններն անսպասելիորեն կտրուկ զարգացումներ ունեցան հայ ժողովրդի համար, որը 44 օր կերակրվում էր ստով ու կեղծիքով։ Մինչ այդ քաղաքացիների մեծամասնությունը իշխանական պրոպագանդայի արդյունքում կտրված էր իրականությունից և համոզված էր, թե, միևնույն է, հայկական կողմին հաջողվելու է ինչ-որ կերպ հաղթանակ տանել։ Այն էլ՝ ջախջախիչ: Հանրությունն ուղղակի չէր էլ պատկերացնում, որ մեկ օրվա ընթացքում հայկական կողմին կարող են պարտադրվել հրադադարի՝ բացառապես արդբեջանցիների շահերից բխող ու ստորացուցիչ պայմաններ, դրա համար էլ փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո այն բողոքի հախուռն դրսևորումների պատճառ դարձավ։

Անկեղծ ասած, ոչ մեկի մտքով չէր էլ անցնում, թե երկրի ղեկավարը անձամբ կարող է իր ստորագրությունը դնել այնպիսի բովանդակություն ունեցող փաստաթղթի տակ, որով Արցախը փաստացի բզիկ-բզիկ է արվում և հայկական վերահսկողության տակ է մնում նախկին ԼՂԻՄ-ի տարածքից էլ անհամեմատ փոքր հատված։ Սա Հայաստանի համար հարված էր թե՛ ռազմական տեսակետից, թե՛ քաղաքականապես, թե՛ տնտեսապես, թե՛ բարոյապես և թե՛ միջազգային հեղինակության առումով։ Այսպիսի հարվածից հետո մենք, ըստ երևույթին, տարիներով չենք կարողանա ուշքի գալ։ Հրադադարի հայտարարության ստորագրումը, մեծ հաշվով, հայ ժողովրդի թիկունքից դանակով հարվածելու նման մի բան էր ու, ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի։ Բայց իրավիճակի մեկ այլ «հմայքն» այն է, որ այս փաստաթղթի ստորագրման մասին որոշումը Նիկոլ Փաշինյանը կայացրել է միայնակ՝ առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու։ Էլ չենք խոսում ժողովրդի հետ խորհրդակցելու մասին, ինչի հետ կապված նա քանիցս ամպագոռգոռ հայտարարություններ է արել:

Նույնիսկ հանրապետության նախագահն ու արտգործնախարարը հայտարարեցին, թե տեղյակ չեն եղել ստորագրված փաստաթղթի բովանդակությունից։ Ու կատարվածի ողջ պատասխանատվությունը իր վրա վերցնելու փոխարեն՝ Փաշինյանը փորձում է հնարավորինս արդարանալ և տարրալուծել իր պատասխանատվությունը բացառապես այլոց ուղղությամբ։ Այդպիսի փորձեր էին իրենց մեջ պարունակում Փաշինյանի հետպատերազմական բոլոր լայվերը, ելույթներն ու գրառումները, այդ թվում՝ նոյեմբերի 29-ի և 30-ի ֆեյսբուքյան գրառումները, երբ վերջինս անդրադառնում էր Արցախի և Հայաստանի նախկին նախագահների հանձնառությանը։ Ու այս համատեքստում հետաքրքրականն այն է, որ Արցախի և Հայաստանի նախկին նախագահները հերթով որպես սուտ են որակում իրենց նախաձեռնությունների հետ կապված Փաշինյանի պարզաբանումները։ Խնդիրն այն է, որ հոկտեմբերին դեռևս պայմաններ կային հրադադարի հասնելու, այն էլ՝ ավելի ձեռնտու պայմաններով։

Եվ հոկտեմբերի 18-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրադադարի հասնելու հարցի հետ կապված դիմել է Արցախի նախկին նախագահների աջակցությանը: Պատերազմական գործողությունների դադարեցումը կարևորել են նաև Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներ Լևոն ՏերՊետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Ու հետաքրքրական է, որ Փաշինյանն իր գրառումների մեջ չի խոսում կամ միտումնավոր շրջանցում է այն թեման, որ, ըստ այդմ, հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը պատերազմի դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ համապատասխան նամակներ է պատրաստել՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներին և իրեն՝ Նիկոլ Փաշինյանին:

Եվ նախկին նախագահների տված մեկնաբանություններից պարզ է դառնում, որ այդ պահին հրադադարի հասնելու նախաձեռնությանը աջակցելու մասին հրապարակային ուղերձներով պետք է հանդես գային նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, որպեսզի անհապաղ հրադադարի վերաբերյալ Փաշինյանի որոշումը չդիտվեր որպես նրա անձնական նախաձեռնություն, և դրա ամբողջ պատասխանատվությունը չընկներ նրա վրա։ Նախագահների աջակցության միջոցով Փաշինյանի՝ հրադադարի հասնելու քայլը հանրության աչքում լեգիտիմություն կստանար։ Բացի այդ, նախկին նախագահների սատարման պայմաններում Փաշինյանը կարող էր բանակցությունների ընթացքում իրեն ավելի անկաշկանդ զգալ և խուսափել նաև դավաճանի պիտակից, սակայն վերջինս նախընտրեց մերժել նախագահների նախաձեռնությունը, այն անիմաստ համարել և նախապատվությունը տալ միայնակ որոշումներ կայացնելուն, որի արդյունքում էլ կանգնած ենք այս խայտառակ ու կործանարար վիճակի առաջ։

Ընդհանրապես, գեթե բոլորը միաբերան պնդում են այս կամ այն հարցի ժամանակ Փաշինյանի ստելու մասին: Սա կարծես գործելակերպ է նրա համար: Փաստացի ստացվում է, որ իր քաղաքական ամբիցիաների և մեծամտության պատճառով Փաշինյանը վերածվել է մի գործչի, որը գործում է ընդդեմ բոլորի, ընդդեմ Հայաստանի և հայ ժողովրդի, և նրան իշխանությունից հեռացնելու համար հանրայինքաղաքական միավորում է տեղի ունենում։ Նույնիսկ այն ուժերը, որոնց քաղաքական տեսակետները համընկնման գրեթե զրոյական կետեր ունեին, սկսել են համախմբվել Փաշինյանին իշխանությունից հեռացնելու օրակարգի շուրջ։ Մի խոսքով՝ «կոնսենսուս մինուս մեկ»-ը միս ու արյուն է ստանում։ Իսկ այդ «մինուս մեկը» համառում է՝ պայքարի դուրս գալով սեփական ժողովրդի դեմ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ