«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գեւորգյանը երեկ հայտարարություն տարածեց. «Վերահաստատում եմ, որ ինձ համար ազգային համերաշխությունն ու միասնությունը, ներքաղաքական կայունությունն անքննելի առաջնահերթություններ են:
Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներին կարելի է հասնել միայն համազգային համախմբման, ներքաղաքական կայունության եւ ՀՀ Սահմանադրությանն անվերապահորեն հետեւելով: Այս օրերին փորձել եմ ջանքերս ուղղել գործընկերներիս հետ երկխոսելու, ստեղծված իրավիճակը սթափ գնահատելու եւ մեր պետության համար առավել արդյունավետ լուծումներ գտնելու գործին:
Միեւնույն ժամանակ, այս շրջանում ակնհայտ դարձած որոշակի իրողությունների, մեր պետության առջեւ ծառացած մի շարք առանցքային եւ խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով՝ որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից՝ որպես անկախ պատգամավոր շարունակելով ընտրողներիս առջեւ ստանձնած պարտավորություններիս կատարումը: Ուզում եմ նաեւ ընդգծել, որ քաղաքական գործունեություն սկսելու ամենակարեւոր մղումը եղել է նոր, ավելի ուժեղ Հայաստան կառուցելու գործին լծվելու գաղափարը:
Կյանքում եւ գործունեությանս ընթացքում կաշկանդված չեմ եղել մտքերս արտահայտելու եւ դիրքորոշումս հայտնելու հարցերում եւ այս առումով կարծում եմ կայացված որոշումը ընկալելի կլինի նաեւ խմբակցության այն գործընկերներիս համար, ովքեր ավելի լավ գիտեն սկզբունքներիս եւ արժեքներիս նկատմամբ միշտ հավատարիմ լինելու պարտավորությանս մասին»:
Այս ամենից հետո ArmLur.am-ը տեղեկություն ստացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Սոֆյա Հովսեփյանը եւս խմբակցությունից դուրս գալու մտադրություն ունի: Պատգամավորի հետ զրուցել ենք՝ հասկանալու՝ արդյոք պատրաստվում է նման քայլի դիմել, թե ոչ։
Տիկին Հովսեփյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մտադրություն ունեք: Քննարկո՞ւմ եք անկախ պատգամավորի կարգավիճակում Ձեր աշխատանքը շարունակելու հարցը: Արդյոք քննարկումներ ունենո՞ւմ եք այդ հարցի վերաբերյալ:
Ո՞ւմ հետ քննարկում ունենամ:
Խմբակցության ներկայացուցիչների կամ խմբակցության ղեկավարության հետ չե՞ք քննարկել:
Որեւէ մեկի հետ չեմ քննարկել ու չեմ էլ քննարկելու, քանի որ եթե գամ այն որոշման, որ հիմա ես պետք է թողնեմ խմբակցությունը, ապա ոչ թե պետք է հարցնեմ, այլ պետք է որոշում կայացնեմ եւ տեղեկացնեմ: Այդքանը:
Իսկ այս պահի դրությամբ որոշում ունե՞ք կայացրած:
Հենց այս պահի դրությամբ նպատակահարմար չեմ գտնում:
Խմբակցությունից դուրս գալը նպատակահարմար չե՞ք գտնում այս պահին:
Այս պահին, այո, այլապես շատ վաղուց դա արած կլինեի, որովհետեւ երբ դեռ որեւէ մեկը չէր գրել, ես արդեն գրել էի, պարզապես չեմ ներկայացրել խմբակցություն, քանի որ տաք քայլ անելու խնդիր չունեմ, այլ ունեմ վճռականության խնդիր, որ պետք է լուծեմ մի շարք հարցեր»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը