«Հրապարակ»-ը գրում է․ «ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը հակադարձում է այն խոսակցություններին, թե բանակը, զինվորները փախել են պատերազմի դաշտից, ասում է՝ բանակն ինչ որ պետք է, արել է, մնում էր քաղաքական գործիչներն էլ իրենցն անեին։ Մնացականյանը թեեւ մերժեց ընդարձակ հարցազրույց տալ, բայց պատասխանեց մեր մի քանի հարցերի։
- Մովսես Հակոբյանը երկու օր առաջ աղմկահարույց հայտարարություններ արեց, որոնցից մեկն էլ այն է, որ պատերազմի երրորդ օրը Նիկոլ Փաշինյանը հրաման է տվել ՀՀ զինված ուժերին՝ կանգնեցնել զորամիավորումների լրահամալրումը: Ձեզ հայտնի՞ է այդ մասին։
- Ես չեմ լսել իր հայտարարությունը ու տեղյակ չեմ այդ ինֆորմացիայի մասին, որովհետեւ ես պաշտոն չեմ զբաղեցնում, չէի կարող իմանալ։
- Ասաց նաեւ, որ մարտերը կառավարելու շտաբ թույլ չեն տվել մտնել նախկին զինվորականներին․ Դուք նրանց շարքո՞ւմ եք եղել, թե՞ մուտք եք ունեցել այդ շտաբ։
- Ես չեմ էլ գնացել այդ կողմ, որ թույլ տան կամ չտան։ Նախագահը որտեղ ասել է, այնտեղ էլ գնացել ենք, կռվել, մեր գործն արել։
- Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր էր խուսափել այս իրավիճակից, այսօրվա փաստաթղթից, որը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։
- Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, չգիտեմ այնտեղ ինչ է եղել, ոնց է եղել։
- Հայտարարվեց, որ ռազմական ղեկավարության փոխանցած ինֆորմացիայի հիման վրա է դադարեցվել մարտը, այսինքն՝ այլեւս հնարավոր չի եղել կռվել, կանգնեցվել է պատերազմը։
- Պատերազմը կանգնեցնողները զինվորականները չեն, քաղաքական գործիչներն են, զինվորականները բանակի հետ իրենց գործն արել են, անելուց են եղել։ Շնորհակալություն, ցտեսություն։
- Բայց ներկայացվում է, որ բանակն այնքան էլ լավ չի կռվել, փախել են, ծանր իրավիճակ է ստեղծվել, դրա համար էլ այլեւս հնարավոր չի եղել պատերազմը շարունակել։
- Բանակը ոչնչում մեղավոր չէ, իր գործը լրիվությամբ արել է, թե ովքեր են փախել, թող աշխատեն, վերլուծեն, վեր հանեն, բանակից ոչ մեկն էլ չի փախել, փախել են լրահամալրողները, ուրեմն թող պարզեն։ Հաջողություն, չեմ ուզում խոսել։
- Շուշիի անկման հետ կապված էլ խնդրում եմ ասեք Ձեր կարծիքը։ Համացանցում ակտիվ քննարկումներ կան, որ Շուշին ոչ թե գրավել են, այլ՝ հանձնել, քանի որ փոքր-ինչ պաշտպանության դեպքում այն հնարավոր չէր լինի գրավել։
- Ես չգիտեմ, թե Շուշին հանձնելու պատճառը որն է եղել, ես էդ ուղղությամբ չեմ եղել։ Թող ովքեր եղել են, իրենք էլ այդ հարցերի պատասխանները տան։
- Դուք պարզաբանումներ չե՞ք խնդրել այդ մարդկանցից։
- Դեռ՝ չէ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը