168.am-ը գրում է․ «168.am-ը շարունակում է անդրադառնալ պետական գերատեսչություններում տրվող պարգևավճարների թեմային․ հաջորդ կառույցը, որտեղ հարցում էինք ուղարկել՝ ՀՀ Անվտանգության խորհուրդն է։
Վարչապետին ենթակա մարմին հանդիսացող Անվտանգության խորհրդից հետաքրքրվել էինք՝ որքա՞ն պարգևավճար է տրվել համակարգում սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին։
Մասնավորապես, խնդրել էինք նշել, թե Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և նրա խորհրդականները նշված ժամկետում որքա՞ն պարգևավճար են ստացել։
Մեր հարցմանը պատասխանել են ոչ ամբողջական․ի պատասխան վերը նշված հարցերի՝ Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են․
«Գրասենյակի աշխատակիցների սեպտեմբեր ամսվա պարգատրումները տրվել են մինչև ռազմական դրության հաստատումը (պարգևավճարի չափը նշված չէ․- Ա.Ս.): Գրասենյակում սեպտեմբերի վերջին կազմակերպվել է դրամահավաք, որը փոխանցվել է «Հայաստան համահայկական հիմնադրամին»։ Բացի դրանից, աշխատակիցներն օգտագործել են սեպտեմբեր ամսվա համար ստացված պարգևավճարները՝ վերը նշված հիմնադրամին և «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին փոխանցումներ կատարելու համար։ Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցները և ներկայումս, և ռազմական դրության հայտարարման հաջորդող օրերին շարունակում են պարբերաբար նվիրատվություններ կատարել երկու հիմնադրամներին»։
Ինչպես տեսնում եք՝ թեև խնդրել էինք հստակ թիվ նշել, մեզ ուղղված պատասխան նամակում թվերով պատկերը ներկայացված չէ, ինչպես նաև չենք ստացել հարցի պատասխանը, թե ԱԽ քարտուղարն ու նրա խորհրդականները որքա՞ն պարգևավճար են ստացել նշված ժամանակահատվածում, մինչդեռ մեկ այլ լրատվամիջոցի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Անվտանգության խորհրդի գրասենյակից տեղեկացրել են, որ սեպտեմբեր ամսվա (կիրառվել է մինչ հանրապետությունում ռազմական դրության հայտարարումը) պարգևավճարների ընդհանուր թիվը կազմել է 2.029.729 դրամ:
Ի դեպ՝ քանի որ վերջին օրերին համացանցում շատ է շրջանառվում հարցը, թե որտե՞ղ է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ու պատերազմական այս օրերին ի՞նչ գործունեությամբ է զբաղված, այս հարցերի պատասխաններն էլ փորձեցինք ստանալ Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Ալբերտ Ներզեթյանից։
Հարցերին ի պատասխան խոսնակը նշեց, որ, ելնելով ռազմական դրության իրավական ռեժիմից, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գտնվելու վայրի մասին տեղեկատվության տրամադրումը նպատակահարմար չենք համարում: Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի պատերազմից հետո:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը