«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի պատերազմը, որն արդեն ընթանում է մոտ 40 օր, բավական ծանր եւ դաժան է իր տեսակով։ Շատ է խոսվել այս պատերազմի առանձնահատկություններից, իսկ դրա էական հանգամանքներից մեկն այս պատերազմում Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունն է. ըստ փաստական տվյալների եւ բազմաթիվ փորձագետների համոզման, պատերազմի սանձազերծման «քավորը» հենց Թուրքիան է։
Բացի այն, որ Թուրքիան զենք եւ զինամթերք է մատակարարում Ադրբեջանին, ըստ միջազգային լրատվամիջոցների տեղեկությունների, նա նաեւ ամբողջովին իր ձեռքն է վերցրել նաեւ բանակի կառավարումը, եւ այդ գործերին չի թողնում խառնվել ադրբեջանական գեներալներին, որոնք դարձել են թուրք զինվորականների խամաճիկը։ Տեղեկություններ են շրջանառվում, որ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ է «ֆուկ» արվել։
Ըստ էության, Էրդողանի խամաճիկի վիճակում է նաեւ արհեստածին պետության ղեկավարը՝ Իլհամ Ալիեւը: Բնականաբար, այն, ինչ տեղի է ունենում ադրբեջանական բանակում, դուր չի եկել Բաքվի գեներալիտետին, եւ տեղեկություններ կան, որ հնարավոր է լուրջ դժգոհությունների ալիք բարձրանա՝ անգամ ապստամբության մակարդակով։
Եթե սրան գումարենք այն հավաստի տեղեկությունները, որ Ադրբեջանում ապրող էթնիկ փոքրամասնությունները՝ թալիշները, ավարներն ու լեզգիները, դժգոհում էին, որ իրենց երեխաներին ավելի շատ են զորակոչում բանակ ու վարձկանների հետ հենց նրանց են սարքում «թնդանոթի միս», պատկերն առավել ամբողջական կդառնա։
Ասել է թե, Ադրբեջանը բավականին ծանր օրեր է ապրում ոչ միայն մարտի դաշտում, այլեւ թիկունքում։ Եվ չի բացառվում՝ մի առավոտ պարզվի, որ Ալիեւը սեփական երկրում հայտնվի «իզգոյի» եւ վտարանդու կարգավիճակում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը