«Հրապարակ»-ը գրում է․ «Երկրում ռազմական դրության հետ կապված՝ սահմանափակվեց լրատվամիջոցների եւ անհատների ազատ խոսքը: Թվում էր, թե դա պետք է միտված լինի ռազմական գործողությունների մասին անթույլատրելի ինֆորմացիա չտարածելուն, խուճապային ապատեղեկատվությամբ մարդկանց չմոլորեցնելուն, հասարակության մեջ պառակտում չմտցնելուն եւ այլ տրամաբանական պահանջների: Սակայն ստացվեց այնպես, որ ազատ խոսքը սահմանափակվում է միայն իշխանությանը հակադիր կարծիքների արգելափակմամբ. չի կարելի ասել կամ գրել այն, ինչ չի ցանկանում լսել իշխանությունը: Չի կարելի իշխանության գործողություններին, քայլերին, անգամ ելույթներին քննադատական գնահատականներ տալ, որեւէ հարցում կարծիք հայտնել, վերլուծել: Հակառակ դեպքում տվյալ լրատվամիջոցը կամ անհատը հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում եւ կլորիկ գումարի տուգանք պետք է վճարի:
Բայց, ինչպես բոլոր օրենքների, այս օրենքի առաջ եւս «բոլորը հավասար են, բայց ոմանք՝ ավելի հավասար» եւ անարգել ասում ու գրում են այն, ինչ սրտներով անցնում է: Այսօր Հայաստանը պատերազմում է ոչ միայն ռազմի դաշտում, այլեւ` դիվանագիտական ճակատում: Ինչպես ռազմի դաշտում չի կարելի սադրանքների գնալ, այնպես էլ՝ դիվանագիտական ճակատում: Չի կարելի խանգարել, ապակողմնորոշել թե՛ զինվորականներին, թե՛ դիվանագետներին: Մինչդեռ այսօր, երբ Հայաստանը պետք է ջանքեր գործադրի՝ հարաբերություններ հարթելու, ընդհանուր շահերի շուրջ համախմբվելու ՌԴ-ի հետ, որոշ լրատվամիջոցներ, հատկապես` «սորոսական» աղբյուրներից սնվող, օրնիբուն հակառուսական տրամադրություններ են տարածում, ամեն ինչ անում են՝ խարխլելու հայ-ռուսական հարաբերությունները, սադրիչ հրապարակումներ են անում: Էլ չենք խոսում այն մասին, որ արհեստականորեն բանակցային սեղանի շուրջ աթոռի տեղ են բացում Թուրքիայի համար, Հայաստանի` Թուրքիայի հետ անմիջապես բանակցելու անհրաժեշտությունն են քարոզում: Այդ հրապարակումները կարող են խանգարել Հայաստանին` բանակցային գործընթացում` մեր երկրի նկատմամբ անվստահություն ստեղծելով բանակցող մյուս երկրների մոտ: Ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում այս լրատվամիջոցները, ինչո՞ւ նրանք չեն արժանանում համապատասխան իրավապահների ուշադրությանը: Չէ՞ որ նրանց ուշադրության կենտրոնում են մյուս լրատվամիջոցների անգամ ամենաանվտանգ հրապարակումները:
Նույնը կարելի է ասել նաեւ համացանցի մասին: Այս օրերին արգելված է թշնամանքի, ատելության խոսքի տարածումը, որը կարող է պառակտել հասարակությունը, որն առանց այն էլ պառակտված է` սեւ ու սպիտակի բաժանված: Մինչդեռ համացանցն այս օրերին ողողված է ՀՀ նախկին երկու նախագահների` Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ատելության խոսքով: Հատկապես թիրախավորված է Ռոբերտ Քոչարյանը: Ոմանք այս պատերազմի մեղքը բարդում են մի մարդու վրա, որը մոտ 13 տարի իշխանության ղեկին չի եղել, նրա ղեկավարման տարիներին Արցախում պատերազմ, զոհեր, ավերածություններ չեն եղել, իսկ Հայաստանի տնտեսությունն սկսել է զարգանալ: Այս պատերազմական լարված օրերին ինչի՞ համար եւ ո՞ւմ կողմից է ուղղորդվում Քոչարյանի նկատմամբ այս սեւ քարոզչությունը: Իսկ քարոզիչները մնում են անպատասխան, որպեսզի չհայտնվեն իշխանական ֆեյքերի հայհոյանքների ու անեծքների ներքո: Այս թշնամանքի եւ ատելության խոսքին ինչո՞ւ չեն արձագանքում իրավապահները, որոնք իշխանությունների հասցեին քննադատության հանդեպ այդքան զգայուն են: Որոշ օգտատերեր Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին պիտակավորում են որպես թուրք, պնդում են, թե Քոչարյանն ունի ադրբեջանական ծագում… Ավելի լավ նվեր թուրք պատմաբաններին ոչ ոք չէր կարող մատուցել: Ապագայում նրանք, հղում անելով հայկական համացանցի օգտատերերին, կարող են ասել, թե Հայաստանը 20 տարի ղեկավարել են թուրքերը, հետեւաբար` Հայաստանը թուրքերի հայրենիքն է: Սա ազգային անվտանգության խնդիր չէ՞…
Կամ՝ ի՞նչ գնահատական կարելի է տալ, երբ այս օրերին ռազմաճակատում մեր երիտասարդ տղաները կենաց-մահու կռիվ են տալիս, իսկ այստեղ առաջին դեմքերի մակարդակով փոխզիջումների, հուսահատության, պարտվողականության ու խեղճության «լայվեր» են հեռարձակվում…
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը