20 10 2020

Կընդունի՝ կփորձենք աջակցել, չի ընդունի՝ կփորձենք չխանգարել․ Խոսրով Հարությունյան․ «Հրապարակ»

Կընդունի՝ կփորձենք աջակցել, չի ընդունի՝ կփորձենք չխանգարել․ Խոսրով Հարությունյան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մի քանի օր առաջ կուսակցություններն առաջարկեցին ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ եւ ներգրավել «նախկին եւ գործող նախագահներին, վարչապետերին, ՊՆ ու ԱԳ նախարարներին, փորձառություն ունեցող այլ անձանց»։ ՀՀ նախկին վարչապետ, նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը մասնակցել է այդ քննարկումներին։

- Նախկին վարչապետերից ովքե՞ր պետք է մաս կազմեն շտաբին։

- Որեւէ կոնկրետ անձ նկատի չի առնվել, քան այն, որ այդ շրջանակներում կարելի է գտնել մարդկանց, որոնք ունեն այդպիսի փորձառություն, ունակություններ, եւ ովքեր պատրաստ կլինեն այսօրվա իշխանության հետ ստանձնել այդ իրավիճակից դուրս գալու պատասխանատվությունը։

- Նախկին վաչապետ Արմեն Դարբինյանը Ձեր նշած կոնտինգենտի մեջ մտնո՞ւմ է, նա դեմ է արտահայտվել այդ առաջարկին։

- Մենք խոսում ենք հնարավոր մարդկանց կամ անհատների շրջանակի մասին՝ անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, որոնց կարողություններից իշխանություններն այս պայմաններում կարող էին օգտվել։ 

-Հայտարարությունից հետո իշխանական ճամբարից տարբեր կարծիքներ հայտնեցին, որ սա պետական հեղաշրջման փորձ է, դավաճանություն, որ նախկինները պետք է «ձայները կտրեն, նստեն տեղները»։

- Ես տեղյակ եմ այդ մեկնաբանություններին, անշուշտ, դրանք քննադատության չեն դիմանում։ Ո՞րն է մեր առաջարկության իմաստը, ընդամենն ասում ենք՝ լսեք, խորհուրդ ենք տալիս շատ հրատապ անդրադառնալ նախկին, լավ՝ «նախկին» բառը հանենք, ապագա, եթե ուզում եք, որեւէ մեկին, որի փորձառությունը, հմտությունը, կարողություններն ու գիտելիքները ձեզ մոտ կասկածահարույց չեն։ Այստեղ ի՞նչ դավաճանության մասին կարող է խոսք լինել։ Ավելին, այս առաջարկությամբ այդ կուսակցությունները հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ այս բարդ իրավիճակում քաղաքական պատասխանատվությունը նաեւ մասամբ վերցնելու իրենց վրա։

- Իշխան Սաղաթելյանը երեկ փորձեց առաջարկը բացատրել, վարչապետի խոսնակը պատասխանեց, որ ընդունել են ի գիտություն,  մի քանի օր է՝ առկախված է առաջարկությունը։

- Որոշում կայացնողը, իհարկե, մենք չենք։ Այդուհանդերձ, այս իրավիճակի եւ հետագա զարգացումների քաղաքական պատասխանատվությունն օրվա իշխանություններինն է։ Էստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Կրկնում եմ՝ մենք մեր առաջարկով փորձում ենք այդ քաղաքական պատասխանատվությունը քիչ թե շատ արդյունավետ իրացնելուն։ Որոշումը՝ արդյոք դրա կարիքն ունի՞ կառավարությունը, վարչապետը, իրենցն է։ Ինչպես նաեւ իրենցն է քաղաքական ողջ պատասխանատվությունը։ Մենք որոշել ենք, չէ՞, այս բարդ իրավիճակում ներքաղաքական կյանքը չփորձել ալեկոծել, մենք մնացել ենք մեր խոստմանը հավատարիմ՝ ներքաղաքական նավը չճոճել։ Հիմա ինչի՞ մասին է խոսքը։

- Ասացիք՝ պատրաստ եք քաղաքական պատասխանատվության բեռը որոշ չափով ձեզ վրա վերցնել։

- Ասացեք, խնդրեմ, այսօր կառավարության կազմում վարչապետից բացի նաեւ նախարարներ կան, չէ՞, հիմա ի՞նչ եք կարծում, նրանք իրավիճակի հետագա զարգացումների համար իրենց բաժին պատասխանատվությունը կրո՞ւմ են, թե՞ ոչ։ Իհարկե, կրում են։ Հետեւաբար, երբ որ մենք ասում ենք՝ ստեղծեք մի կառույց, որը պետք է օժտված լինի պատասխանատվությամբ՝ օպերատիվ կառավարման հարցերում քննարկելու, որոշումներ կայացնելու, սա նշանակում է, որ ունակ է այդ կառույցը ստանձնել իր բաժին պատասխանատվությունը։ Գոնե ես էդպես եմ հասկանում։

- Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը խոսում է միասնությունից, մյուս կողմից՝ մեղքը բարդում նախկինների վրա, որ վատ ժառանգություն է ստացել, որ նախկիններն են մեղավոր։

- Ներքաղաքական միասնության համար ո՞վ է համար մեկ պատասխանատուն, ո՞վ պետք է առաջինը նախաձեռնի քայլեր, որոնք կերաշխավորեն ներքաղաքական համախմբվածությունը։ Բնականաբար՝ իշխանությունը։ Եվ էստեղից էլ՝ մնացած բոլոր հետեւությունները։ Հիմա դրա ժամանակը չէ։ Եվ ես նույն հորդորը կուղղեի նաեւ վարչապետին։

- Իսկ ե՞րբ դրա ժամանակը կգա, գուցե վաղը խոսելն ուշացա՞ծ լինի։

- Ես, այդուհանդերձ, այն կարծիքին եմ, որ քաղաքական պատասխանատվությունը նաեւ ենթադրում է քաղաքական ողջամտություն, խոհեմություն։ Հետեւաբար, ես կարծում եմ՝ հենց այս կոնտեքստում իշխանությունը, վարչապետը, նրա մերձավոր շրջապատը պետք է գնահատեն, ընկալեն 13 կուսակցությունների նախաձեռնությունը։ Եթե դա այդպես չի ընկալվում, մենք ուրիշ ի՞նչ կարող ենք անել։ Մենք ընդամենը առաջարկ ենք անում, կընդունի՝ կփորձենք աջակցել, չի ընդունի՝ կփորձենք չխանգարել։ Սա է իմաստը։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ