23 09 2020

Բոլորն անհանգիստ են. «Հրապարակ»

Բոլորն անհանգիստ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Որքան էլ ծաղրենք թեժ աշնան թեման, վերջին օրերի զարգացումները խոսում են այն մասին, որ մեզ խաղաղ աշուն չի սպասվում, չնայած կորոնավիրուսով պայմանավորված կարանտինին։ Արդեն մի քանի շաբաթ է՝ Երեւանում ակցիաներ են ընթանում, հիմա էլ հանրահավաքների սեզոնն է սկսվել։

Ճիշտ է՝ դրանք դեռեւս մարդաշատ չեն, բայց տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ակցիաներին էլ հարյուր մարդուց ավելի չէր մասնակցում։ Այնպես որ, Խաչիկ Ասրյանի ու Վահան Բաբայանի հանրահավաք-երթերին որքան էլ անլուրջ մոտենանք, ոչինչ բացառել պետք չէ։ Մանավանդ հոկտեմբերի 8-ին արդեն ասպարեզ է մտնում «ծանր հրետանին»՝ «ԲՀԿ- ՀՅԴ-«Հայրենիք» եռյակը, որը վաղուց խոստացված հանրահավաքն այդ օրն է նշանակել։ Իհարկե, մինչեւ հոկտեմբերի 8-ը դեռ 15 օր կա, եւ կարող են դեպքերն այլ կերպ զարգանալ, ասենք՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման պարագայում բոլորովին այլ իրավիճակ կարող է ստեղծվել, բայց ամեն դեպքում փաստ է, որ կյանքը մեռած չէ, եւ քաղաքական ուժերը կենդանության նշաններ են ցույց տալիս։ Ի դեպ, աշխուժություն է նկատվում նաեւ իշխանական դաշտում։ Մի կողմից՝ ներիշխանական դժգոհություններ են հասունանում, եւ այս ճամբարում թեւերի բաժանվելն այլեւս լեգենդների շարքից չէ։

Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանն է կարծես հասկացել, որ ինչ-որ բան պետք է ձեռնարկել։ Ստատուսներն ու ելույթները, որքան էլ մարդկանց հոգնեցրած լինեն, այնուամենայնիվ, դեռ ազդեցիկ են։ Եվ դրանով էր բացատրվում օրեր առաջ նրա ծավալուն գրառումը «ճշտի ու սխալի» թեմայով, ինչպես նաեւ մինչեւ 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարական ծրագրի հրապարակումը՝ անկախության 29-ամյակի միջոցառումների շրջանակներում։ Բարձրագոչ նպատակների հրապարակումն արդեն խոսում է ինչ-որ բան անելու անհանգստության մասին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ