09 09 2020

Կորոնավիրուսի դեմ տապալված պայքար, տնտեսության անկում և այլն. սպասվելիք «թեժ աշնան» հիմքերը․ «Փաստ»

Կորոնավիրուսի դեմ տապալված պայքար, տնտեսության անկում և այլն. սպասվելիք «թեժ աշնան» հիմքերը․ «Փաստ»

«Հայաստանի ներքաղաքական կյանքն աստիճանաբար նկատելի ակտիվանում է։ Իշխանությունների որոշումները և գործողությունները կոշտ քննադատության են ենթարկվում ընդդիմության կողմից։ Շատ է խոսվում այն մասին, որ իշխանություններն ի վիճակի չեղան կորոնավիրուսի համավարակի դեմ պատշաճ պայքար մղել։ Դրա արդյունքում է, որ Հայաստանը բնակչության թվի համեմատ վարակվածների ցուցանիշով ոչ միայն տարածաշրջանում, այլև Եվրոպայում բացարձակ առաջատար է, մի խոսքով՝ Եվրոպայի «չեմպիոն» ենք։

Բավական մեծ են նաև մահացության ցուցանիշները։ Իսկ այսպիսի պայմաններում իշխանությունների հիմնական գործը դարձավ առաջին տեղում դնել ոչ թե իրենց, այլ միայն քաղաքացիների անհատական պատասխանատվության հարցը և, ըստ այդմ, ինչքան հնարավոր է՝ շատ մարդու տուգանել դիմակ չկրելու համար։ Հիմա այսպիսի իրավիճակը չի կարող քաղաքական հետևանքներ չունենալ իշխանությունների հետագա գործունեության տեսանկյունից։ Վերջիններս այս տեսանկյունից ստիպված են լինելու քաղաքական պատասխանատվություն կրել իրենց արածների և չարածների համար։

Հաջորդ ոլորտը, որի շուրջ շատ է բարձրաձայնվում իշխանությունների թերացումների մասին, տնտեսությունն է։ Չնայած Փաշինյանի կողմից հռչակված «տնտեսական հեղափոխության» մասին լոզունգներին, տնտեսության անկումն արագանում է։ Իսկ տնտեսության մեջ առկա իրավիճակը իր հերթին պայմաններ է ստեղծում, որպեսզի աճի երկրում սոցիալական լարվածությունը։ Իշխանությունները նույնիսկ պատկերացում չունեն, թե տնտեսական զարգացման ինչ հայեցակարգի միջոցով են հասնելու տնտեսության վերականգնմանը։ Ռազմավարական մոտեցման փոխարեն նրանք առաջ են շարժվում իրավիճակային լուծումներով։

Լուրջ խնդիրներ կան նաև կրթության ոլորտում։ Այստեղ հիմնական մտահոգիչ հարցը վերաբերում է հայագիտական առարկաների նշանակությունը նվազեցնելու քաղաքականությանը, որը տեղավորվում է ազգային արժեհամակարգի դեմ ուղղված արշավի շրջանակում։ Դա է պատճառը, որ կրթության արժեհամակարգային բաղադրիչի հետ կապված պարբերաբար բողոքի ակցիաներ են տեղի ունենում ԿԳՄՍ նախարարության կամ կառավարության շենքի առջև, որի ժամանակ առաջ է քաշվում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը։

Ընդհանուր առմամբ, կրթության ոլորտում անհասկանալի փոփոխություններ են նախաձեռնվում։ Թերևս դրանք պայմանավորված են նաև նրանով, որ կրթության մասին վարչապետի պատկերացումները հիմնականում տեղավորվում են լեզուների տիրապետելու նեղ շրջանակի մեջ։ Սակայն կրթական քաղաքականությունն իր առջև ավելի լայն խնդիրներ պետք է դնի, որպեսզի Հայաստանը դառնա առավել մրցունակ երկիր։ Իշխանությունների բացթողումներն ակներև են նաև արտաքին քաղաքականության ասպարեզում։

Ճիշտ է՝ գործող իշխանությունները չգնացին արտաքին քաղաքական ուղեգծի կտրուկ շրջադարձերի, բայց այս ուղղությամբ նրանք դեռևս օգտվում են նախորդների թողած ժառանգությունից և ի վիճակի չեն կերտել իրենց ձեռքբերումները։ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունն ավելի շատ կրավորական բնույթ է կրում, և գործընկերների հետ հարաբերություններում էական տեղաշարժեր ու խոշոր պայմանավորվածություններ տեսանելի չեն։

Սրանք իշխանությունների ունեցած բացթողումների ու թերացումների միայն մի մասն են, շատ չնչին մասը, ինչպես ասում են՝ ձախողումային հսկայական այսբերգի միայն տեսանելի հատվածը, սակայն նույնիսկ այսքանը բավարար է ներքաղաքական ակտիվ դրսևորումների համար։ Ըստ էության, նաև դրանով են պայմանավորված «թեժ աշնան» մասին խոսակցությունները։ Չնայած իշխանությունները փորձում են այնպես ներկայացնել, թե բազմաթիվ «թեժ աշուններ» են եղել, որոնք անցել, գնացել են, այս անգամ ևս նույն կերպ է լինելու, բայց պետք է հաշվի առնել, որ այս փուլում հանրային տրամադրությունները հող են նախապատրաստում, որ ներքաղաքական զարգացումները վճռորոշ նշանակություն ունենան»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ