01 09 2020

Հասարակության համբերությունը սպառվում է․ «Հրապարակ»

Հասարակության համբերությունը սպառվում է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հասարակությունն օր-օրի ավելի պահանջատեր ու անհամբեր է դառնում։ 2 տարի առաջվա սիրուց ու հանդուրժողականությունից համարյա ոչինչ չի մնացել։ Այսօր գրեթե չեն լսվում լատինատառ կոչերը՝ թողեք՝ թող աշխատեն։ Իսկ 2 տարի առաջ մեր յուրաքանչյուր քննադատական խոսքին ի պատասխան՝ այդ հանդիմանությունն էինք լսում։ Երիտասարդ հեղափոխականների հանդեպ անզուսպ սեր եւ հավատ կար, նրանց գործելու քարտ-բլանշ էին տվել։ Մարդկանց թվում էր, թե նրանք սարեր են շարժելու, եւ կյանքը փոխվելու է, երկիրը մեջքը շտկելու է, ու դրան խանգարողը միայն մենք ենք՝ նրանց քննադատող լրագրողները։ Այսօր արդեն մենք ենք հանդուրժողականության եւ համբերության կոչում այդ մարդկանց, որոնց համբերությունը սպառվելու վրա է։ Նրանք փոփոխություններ են ուզում եւ այլեւս սպասել չեն ցանկանում։

 

Ամեն փոքրիկ վրիպում, որ թույլ է տալիս իշխանությունը, հունից հանում է երեկվա «հանդուրժողներին»։ Առողջապահության նախարարն արձակո՞ւրդ է գնում՝ «չոռ ու ցավին գնա», «քա՞ր է քաշել», «գնալը լինի՝ գալը չլինի»։ Այսպիսին է մարդկանց արձագանքը։ Այն մարդկանց, որոնք Արսեն Թորոսյանի «արեւով էին երդվում» եւ մեզ՝ նրան քննադատողներիս, «չար ու նախանձ» անվանում։ Յուրաքանչյուր փոքրիկ առիթ վրդովմունքի ու անեծքների տեղիք է տալիս։ Ահա, թվում է՝ անմեղ մի որոշում է․ արարողակարգային ելույթների ժամանակ մի քանի անձի, այդ թվում՝ վարչապետին, կաթողիկոսին, ԱԺ նախագահին, դիմակ կրելուց ազատելու մասին որոշումը, բայց ինչպիսի՜ արձագանք՝ ինչքան ցասում ու վրդովմունք առաջացրեց այդ որոշումը։

Անգամ իրենց շահերից բխող քայլերն են մարդիկ սկսել մերժել։ Արայիկ Հարությունյանի համահայկական ծնողական ժողովը՝ մարդկանց հետաքրքրող հարցերին պատասխանելը, հեգնանքի, ծաղրի ու վրդովմունքի հսկա ալիք առաջացրեց»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ