«Հրապարակ»-ը գրում է․
«Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի ջրերը, ասում են, մի առվով չեն հոսում սկանդալային քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ ՀԱԿ-ից սերված այս կադրի նկատմամբ, ասում են, Մարությանը հակակրանք ունի, Պողոսյանն էլ որտեղ նստում՝ Մարությանից է դժգոհում, թե՝ չի թողնում աշխատեմ։ Եվ հնարավոր է առաջիկայում Ավետ Պողոսյանը դառնա քավության նոխազ՝ ազատվի պաշտոնից, որը կլինի վերջին մեկ տարում Կենտրոնի երկրորդ թաղապետի ազատումը։ Իշխանությունը որոշել է երեւանցիների դժգոհություններն ուղղորդել թաղապետի ուղղությամբ՝ քաղաքապետին մի անգամ էլ փրկելով պաշտոնանկությունից։
Փորձեցինք գլխին կուտակվող ամպերի մասին հարց տալ Ավետ Պողոսյանին։ Նա ասաց՝ հարցերը միայն գրավոր։ Առաջարկեցինք հանդիպել, զրուցել՝ դա էլ մերժեց։ Ասաց՝ մի քանի ամիս հետո, բայց արդյոք մի քանի ամսից նա պաշտոնին կլինի՞։ Ստիպված նրան մի հարցաշար ուղարկեցինք եւ երեկ փորձեցինք ճշտել՝ ստացե՞լ է մեր հարցերը ու ե՞րբ կպատասխանի։ «Երբ ժամանակը գա»,- սողոմոնյան պատասխան տվեց թաղապետը։ Մենք էլ որոշեցինք՝ «մինչեւ ժամանակը գա», մեր տեղեկությունները հրապարակել՝ առանց իր մեկնաբանությունների։ Առհասարակ, լավ կլիներ մարդուն պաշտոն տալուց առաջ փոքրիկ դասընթաց կազմակերպել՝ լրագրողների հետ աշխատելու ձեւերը, տարրական էթիկա սովորեցնել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը