25 08 2020

Բնակարանների գնանկումն արագանում է․ 168.am

Բնակարանների գնանկումն արագանում է․ 168.am

168.am-ը գրում է․ «Իշխանության հիմնական հաղթաթղթերից մեկը ևս՝ ի դեմս անշարժ գույքի շուկայի, դադարել է հպարտանալու առիթ տալ։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանն անշարժ գույքի շուկայի ակտիվացումն ու գների բարձրացումը համարում էր իշխանափոխության կարևոր ու առանցքային ձեռքբերումներից մեկը։ Չնայած այն ժամանակ էլ ակնհայտ էր, որ այստեղ հերթական փուչիկն է փչվում, ու դա շուտով պայթելու է։ Հիմա տեսնում ենք դրա հետևանքները։

Շուկան կանգնած է նոր փորձության առաջ։ Մայիսից սկսված բնակարանների գնանկումը գնալով թափ է հավաքում։ Պահպանվում է նաև առքուվաճառքի պասիվությունը. գործարքները մեծապես հետ են մնում նախորդ տարվանից։ Այդպես է արդեն մի քանի ամիս շարունակ։ Համավարակից ու հայտարարված արտակարգ դրությունից հետո շուկան ուշքի չի գալիս։ Ու հավանաբար դեռ բավական երկար ժամանակ ուշքի չի գա։

Ոչ թե այն պատճառով, որ համավարակը կամ արտակարգ դրությունը կարող է երկար շարունակվել, այլ այն պատճառով, որ դրա համար բավարար հիմքեր չկան։ Սոցիալական իրավիճակը երկրում սրվում է, մեծ թվով քաղաքացիներ կորցրել են իրենց եկամուտները, ինչն առանցքային գործոն է անշարժ գույքի շուկայի համար։ Դադարել է շուկայի վրա ազդել նաև արտաքին հատվածից թելադրված պահանջարկը։

Արդյունքում տեղի է ունենում այն, ինչին ականատես ենք լինում վերջին մի քանի ամիսներին։

Երրորդ ամիսն անընդմեջ բնակարանների գները նվազում են։ Խնդիրը, սակայն, միայն գների նվազման մեջ չէ։ Գնալով մեծանում է գնանկման տեմպը, ինչը վկայում է, որ վճարունակ պահանջարկի անկումը խորանում է։

Թե դա դեռ ինչքա՞ն կտևի, առայժմ վաղ է ասել։ Տնտեսական իրավիճակը երկրում այնպիսին չէ, որ թույլ կտա մարդկանց կարճ ժամանակահատվածում վերականգնել կորցրած եկամուտները։ Տնտեսությունն անկման մեջ է, ու հայտնի չէ՝ մինչև ուր կհասնի։ Մի բան փաստ է, որ իշխանությունների ներկայացրած նախկին «լավատեսական» գնահատականները գնալով ավելի են վատանում։ Հիմա արդեն նրանք տնտեսական անկման հավանական չափը մեր երկրում կրկնակի ավելի բարձր են գնահատում, քան գնահատում էին 3-4 ամիս առաջ։ Իսկ դա նշանակում է, որ սոցիալական իրավիճակը երկրում առաջիկայում շարունակելու է սրվել, ու դա իր ուղղակի ազդեցությունն է ունենալու՝ ինչպես բազմաթիվ այլ ոլորտների, այնպես էլ՝ բնակարանային շուկայի վրա։

Զարմանալի չէ, որ շուկայում գների անկումը նոր թափ է հավաքում։ Մեծ հավանականությամբ՝ այն դեռ կարագանա։

Բնակարաններն էժանանում են՝ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ՝ մարզերում։ Երևանում, իհարկե, գնանկումն ավելի մեծ է, բայց դա չի նշանակում, թե մարզերում իրավիճակը բարվոք է։

Մարզերում ևս գների նվազման մակարդակը պակաս բարձր չէ։ Ու դա, ինչպես Երևանում, ուղեկցվում է տեմպի ակտիվացմամբ։ Ամսեամիս գների նվազումը խորանում է։

Այս տեմպով շարունակվելու դեպքում շուտով մարզերում բնարականների գները վերադառնալու են նախորդ տարվա մակարդակին։ Դրանք արդեն բավական մոտ են. հուլիսին տարբերությունը կազմել է ընդամենը 2,5 տոկոս։

Մայրաքաղաքում պատկերը մի փոքր այլ է. այստեղ գնային շեղումը նախորդ տարվա նկատմամբ համեմատաբար ավելի մեծ է։ Թեև վերջին 3 ամիսների ակտիվ տեղաշարժն ակնհայտ է։ Եթե այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ Երևանում բնակարանների միջին գները բարձր էին 14 տոկոսով, ապա հուլիսին տարբերությունը եղել է ընդամենը 7,1 տոկոս։

Տեմպը գրեթե կիսով չափ փոքրացել է ու ամսեամիս շարունակում է փոքրանալ։

Սակայն դա դեռ լիարժեք չի բնութագրում շուկայի իրավիճակը։ Որպեսզի հնարավոր լինի ավելի պարզ պատկերացնել այն, ինչ կատարվում է այստեղ, շատ ավելի կարևոր է տեսնել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում գնային սեգմենտում յուրաքանչյուր հաջորդ ամսվա կտրվածքով։

Յուրաքանչյուր հաջորդ ամսվա կտրվածքով պատկերն ահա այսպիսին է ապրիլից հետո։

Հիշեցնենք, որ բնակարանային շուկայում գների հերթական նվազումը սկսվեց մայիսից։ Այդ ամսին մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի բնակարանների գներն ապրիլի նկատմամբ նվազեցին 1 տոկոսով։ Մարզերում արձանագրվեց 0,7 տոկոսանոց գնանկում։ Հունիսին գնանկումային իրավիճակը մի փոքր խորացավ. մայրաքաղաքում գներն իջան՝ ևս 1,1, մարզերում՝ 0,8 տոկոսով։

Արդեն հուլիսին գնանկումը շատ ավելի կտրուկ էր, քան կարելի էր նույնիսկ ենթադրել։ Երևանում 1 ամսվա կտրվածքով գները նվազեցին 1,7 տոկոսով, ինչը լուրջ և էական փոփոխություն է անշարժ գույքի շուկայի համար։ Նման կտրուկ տեղաշարժեր այս շուկայում շատ հազվադեպ են տեղի ունենում՝ ինչպես գնանկման, այնպես էլ՝ գնաճի առումով։

Մարզերում հուլիսին բնակարանների գները նվազեցին ևս 1 տոկոսով։

Քանի որ շատ ավելի կարևոր և ուղեցուցային է մայրաքաղաքի բնակարան շուկան, բերենք Երևանի առանձին հատվածներում վերջին 3 ամիսներին տեղի ունեցած գնային  որոշ տեղաշարժերը։ Բայց մինչ այդ նշենք, որ բնակարանային շուկան էժանացել է մայրաքաղաքի անխտիր բոլոր վարչական շրջաններում։ Առանձին հատվածներում 3 ամսվա ընթացքում գնանկումը յուրաքանչյուր մետրի հաշվով կազմել է ընդհուպ մինչև 25 հազար դրամ։

Այդպիսին է եղել իրավիճակը մասնավորապես կենտրոնում, որը, ինչպես հայտնի է, բնականարային շուկայի ամենաթանկ հատվածն է։ 3 ամսում 25 հազար դրամ անկումն արդեն լուրջ կորուստ է շուկայի համար։ Սակայն կա մեկ այլ շատ ավելի կարևոր հանգամանք։ Գնային կորստի հիմնական մասը տեղի է ունեցել 1 ամսվա ընթացքում. հուլիսին կենտրոնում բնակարաններն էժանացել են յուրաքանչյուր մետրի հաշվով 17 հազար դրամով։ Կրկնակի ավելի շատ, քան նախորդ 2 ամիսներին միասին։

3 ամսում Արաբկիրում բնակարանների միջին գներն իջել են 15 հազարով, Քանաքեռ-Զեյթունում՝ 14 հազարով, Դավիթաշենում՝ 17 հազարով, Աջափնյակում՝ 13 հազարով, Ավանում և Նոր Նորքում՝ 9 հազարական դրամով։

Ակնհայտ է, որ տեղի է ունենում բնակարանների ակտիվ գնանկում։ Վերջին 2 տարիներին դրանք որքան արագ բարձրանում էին, այսօր ավելի բարձր արագությամբ նվազում են։ Դատելով երկրում ստեղծված սոցիալական ու տնտեսական իրավիճակից՝ այս միտումն առաջիկայում դեռ շարունակելու է պահպանվել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ