25 08 2020

ՍԴ ժամանակավոր նախագահը որոշել է լռեցնել աշխատակազմի ղեկավարին․ «Հրապարակ»

ՍԴ ժամանակավոր նախագահը որոշել է լռեցնել աշխատակազմի ղեկավարին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Սահմանադրական դատարանում Հրայր Թովմասյանի «հեռանալուց» հետո իրավիճակ է փոխվել։ Եվ իրավիճակը հանուն ժողովրդավարության ու խոսքի ազատության չի փոխվել։ Պարզվում է՝ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը, որը մինչեւ վերջերս անկաշկանդ շփվում էր լրատվամիջոցների հետ, այսուհետ լրագրողներին հարցազրույց պետք է տա միայն թույլտվությամբ։ Եթե ոչ, ապա հարցերը՝ միայն գրավոր։ 

Երեկ զանգահարեցինք պարոն Ղազարյանին՝ մի քանի հարց ուղղելու ՍԴ-ի պարալիզացված աշխատանքների հետ կապված, ու ստացանք այսպիսի պատասխան․ «Ես որ խնդրեմ, Դուք Ձեր բոլոր հարցերը մեզ հարցման ձեւով կուղարկե՞ք, որ մենք պատասխանենք»։
Երբ տարակուսանք հայտնեցինք, որ մինչեւ վերջերս հարցերին պատասխանում էր բանավոր, հիմա ի՞նչ է փոխվել, ՍԴ աշխատակազմի ղեկավարը խոստովանեց՝ նոր փոփոխություններից հետո է այսպես որոշվել։ «Հիմա քանի որ մեզ մոտ որոշ փոփոխություններ են եղել, ես ձեռնպահ եմ մնում, էլի, բանավոր հարցազրույցներից՝ առանց համաձայնեցնելու դատարանի ղեկավարության հետ»,- ասաց նա։ Ակնհայտ է, որ նախկին հարցազրույցների համար խնդիրներ է ունեցել։
Պարզվեց՝ նոր փոփոխություններն ու կարգը մտցրել է ՍԴ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը։ «Օրինակ՝ հիմա կա դատարանի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող, ես առանց պարոն Խաչատրյանի հետ համաձայնեցնելու չեմ կարող, էլի, բանավոր հարցազրույց տալ։ Իսկ որ գրավոր հարցում ուղարկեք, մենք հնարավորինս շուտ կփորձենք Ձեր պատասխանները ձեւակերպել եւ ուղարկել»,- ասաց պարոն Ղազարյանը։

 

- Փաստորեն, ՍԴ-ում տեղի ունեցող փոփոխություններն ի վնաս մամուլի են աշխատում։

- Կարող է հօգուտ մամուլի են, որովհետեւ ես Ձեզ առաջարկում եմ, որպեսզի Ձեզ տամ պատասխաններ սպառիչ ձեւով։

- Բայց Դուք բանավոր էլ էիք սպառիչ պատասխանում, պարոն Ղազարյան։

- Կարող է գրավոր ավելի լավ ստացվի։

- Լավ, եկեք ես իմ հարցերը շարադրեմ, եթե չկարողանաք բանավոր, նոր գրավոր կշարադրեմ, մինչեւ կհասկանանք, թե ինչու է ՍԴ նախագահի պաշտոնակատարը նման «բարեփոխումներ» որոշել իրականացնել։

- Չէ, ինքը ոչ թե որոշել է, այլ էդ փոփոխություններից հետո ես առանց իր հետ համաձայնեցնելու հարցազրույց չեմ տալիս, էլի։

- Վատ է, պարոն Ղազարյան, եթե այդպես է։ Հրայր Թովմասյանի ժամանակ, փաստորեն, այս հարցում ավելի լավ էր, այն Հրայր Թովմասյանի, ով «վատ Սահմանադրություն» էր գրել, եւ ում մերժեցին ու հեռացրին պաշտոնից։ 

- Չէ, ճիշտն ասած, ես այդ կարծիքին չեմ։
Հետո Էդգար Ղազարյանը սկսեց մի փոքր սրբագրել իր խոսքն ու պատասխանատվությունն Աշոտ Խաչատրյանի վրայից տեղափոխել ավելի շատ իր դաշտ, երբ նկատեցինք, որ ՍԴ նախագահի ԺՊ-ն որոշել է ոչ միայն մամուլի, այլ նաեւ իր խոսքը սահմանափակել։ «Չէ, ոչ թե ինքը հատուկ է էդպես որոշել, որ մամուլի հետ բան անի, այլ որ նոր իրավիճակ է ստեղծվել, էդ նոր իրավիճակում ես չեմ ուզում, էլի, առանց իր հետ համաձայնեցնելու դա անել»,- փորձեց իրադրությունը շտկել պարոն Ղազարյանը։

ՀԳ․ Ակնհայտ է, որ ավելի վերեւից են ՍԴ նախագահի ԺՊ-ին հրահանգել, որ այսուհետ հնարավորինս փակ աշխատեն լրատվամիջոցների հետ, «ավելորդ բաներ» չխոսեն ու հարցերին պատասխանեն միայն գրավոր։ Ինքն էլ այդ հանձնարարականը փոխանցել է ՍԴ աշխատակազմի ղեկավարին, որը, ի դեպ, մինչեւ վերջերս բավականին բաց ու համարձակ էր արտահայտվում՝ չխորշելով անգամ իր ակնհայտ տարակուսանքն ու դժգոհությունն արտահայտել ՍԴ-ում իրականացվող «բարեփոխումների», իսկ իրականում՝ ապօրինությունների ու կազուսային իրավիճակի շուրջ։ Հիմա, փաստորեն, որոշել են այսկերպ փակել ՍԴ աշխատակազմի ղեկավարի բերանն ու լռեցնել նրան, ինչը նրա խոսքից ակնհայտ էր։ Իհարկե, սա չխանգարեց, որպեսզի մենք մեր հարցերը շարադրենք ու որոշ հարցերի պատասխանները ստանանք՝ կոնկրետ թեմաներով, որը կներկայացնենք մեր հաջորդ համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ