25 08 2020

Անորոշ և հակասական պետական քաղաքականություն․ «Հրապարակ»

Անորոշ և հակասական պետական քաղաքականություն․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր պետական քաղաքականության մոտիվներն ու ուղղվածությունը երբեմն միանգամայն անհասկանալի են։ Ոչ միայն անհասկանալի, այլեւ երբեմն անտրամաբանական ու հակասական։ Այդ անտրամաբանականությունը հատկապես զգացվեց քովիդի դեմ պայքարի շրջանում։ Դիմակ ու ձեռնոց կրեք՝ պարտադրեցին մեզ, հետո ձեռնոցի մասին մոռացան, իսկ դիմակի նկատմամբ վերաբերմունքը գրեթե պաշտամունքի հասցվեց։ Հիմա փորձում են դիմակ պարտադրել դպրոցականներին, որոնք պետք է շաբաթը 6 օր դաս անեն, դասամիջոցներ չանեն, մոտ 4-5 ժամ անշարժ նստեն դասասենյակներում՝ դիմակը դեմքներին։ Եվ բոլորովին էլ զավեշտ չեն այն առաջարկները, թե՝ եկեք դասերն անենք ռեստորաններում, չէ որ 40 հոգանոց խնջույքները թույլատրված են, իսկ մեր դասարաններում դա աշակերտների առավելագույն քանակն է։ Բայց անտրամաբանական ու հակասական որոշումներ միայն առողջապահության եւ կրթության ոլորտում չեն կայացվում։

 

Նույն հակասական ու անհասկանալի վիճակն է, օրինակ, հանքարդյունաբերության ոլորտում, որտեղ կառավարության որդեգրած քաղաքականությունը հասկանալի չէ։ Այս ոլորտն ուղղակի հանձնվել է բախտի քմահաճույքին՝ չի հասկացվում, թե իշխանությունը հանքարդյունահանման կողմնակի՞ց է, ուզում է հանքերն աշխատե՞ն, թե՞ բնապահպանական խնդիրներն է կարեւորում եւ դեմ է բոլոր տեսակի հանքերի արդյունահանմանը։

Որեւէ բարձրաստիճան պաշտոնյա՝ վարչապետը, փոխվարչապետները, նախարարները, հրաժարվում են հստակ ու որոշակի դիրքորոշում հայտնելուց, ինչն անորոշություն է ստեղծում եւ այս ասպարեզում անկառավարելի վիճակ։ Չի հասկացվում, թե ինչ քաղաքականություն ենք որդեգրել, ասենք, պաշտպանության որոշ հարցերում։ Մի կողմից՝ սահմանին մեր զոհերի ու կորուստների քանակն ենք գաղտնի պահում, մյուս կողմից՝ հերոսների մասին տեղեկատվությունը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ