168.am-ը գրում է․ «Տնտեսական ճգնաժամը քիչ էր, կառավարությունն էլ իր հերթին է խնդիրներ ստեղծում պետական բյուջեի հարկային եկամուտների ապահովման համար։ Արտակարգ դրության պայմաններում պահպանվող առանձին սահմանափակումների հետևանքով ստեղծվել են խոչընդոտներ սպասարկման և ծառայությունների որոշ ոլորտների գործունեության համար։
Կան նաև, այսպես կոչված, քաղաքական խոչընդոտներ։ Որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչի մասին է, բերենք 1 օրինակ։
Այն բանից հետո, երբ Գագիկ Ծառությանը, ով ոչ միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարն է, այլև խոշոր սեփականատեր, իր անհամաձայնությունն արտահայտեց կառավարության վարած քաղաքականության նկատմամբ և հայտարարեց հեռանալու անհրաժեշտության մասին, սկսեցին նոր թափ ստանալ հարձակումները՝ նրա ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական գործունեության վրա։ Ֆինանսների նախարարությունը շտապեց Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա Քլաբին» զրկել խաղատան կազմակերպման լիցենզիայից։
Թե դրա հետևանքով ինչքա՞ն վնասներ կկրի պետական բյուջեն, դժվար չէ պատկերացնել։
«Օնիրա Քլաբը» հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը։ Անցած տարվա արդյունքներով՝ այն պետական բյուջե էր վճարել ավելի քան 5,2 մլրդ դրամ։
Այս տարի արդեն իսկ նկատելի է «Օնիրա Քլաբի» վճարած հարկերի նվազումը։ Անցած տարվա առաջին կեսի շուրջ 2,5 մլրդ դրամի փոխարեն՝ 2020թ. նույն ժամանակահատվածում այն պետական բյուջե է փոխանցել գրեթե 1 միլիարդով պակաս գումար։
Պարզ է, որ հաջորդ եռամսյակներին այդ տարբերությունը շատ ավելի մեծ է լինելու, որովհետև ընկերությունը զրկվել է լիցենզիայից՝ կարևոր չէ, թե ինչ պատճառաբանությամբ։ Միանշանակ է, որ այդ որոշման հիմքերը կապված են Գ.Ծառուկյանի քաղաքական գործունեության հետ։
Սա ընդամենը 1 օրինակ է, բայց դա հաստատ եզակի չէ։ Այն քաղաքական մթնոլորտը, որը հաստատվել է Հայաստանում, բնավ բիզնեսի օգտին չէ։
Բիզնեսի օգտին չեն նաև տնտեսական քաղաքականության ոլորտում իշխանությունների իրականացրած մի շարք օրենսդրական փոփոխությունները։
Ճգնաժամի պայմաններում, փոխարենը մտածելու տնտեսական գործունեության համար առավելագույն նպաստավոր միջավայր ձևավորելու մասին, մի բան էլ խնդիրներ ենք ստեղծում։ Որքան էլ ընդունենք, որ դրա համար գուցե և կան օբյեկտիվ պատճառներ, այնուհանդերձ անպատասխան է մնում այն հարցը, թե արդյո՞ք հնարավոր չէր հետաձգել նման նախաձեռնությունները՝ մինչև կգային ավելի հանգիստ ժամանակներ։
Թե չէ, ստացվում է, որ մի կողմից՝ ճգնաժամն է հարվածում, մյուս կողմից էլ՝ իշխանություններն են իրենց քաղաքական նպատակներից ելնելով՝ վնասում տնտեսությանը։ Որպես հետևանք՝ լուրջ կորուստներ է ունենում նաև պետական բյուջեն։
Այսօր արդեն պետական բյուջեի եկամուտների վերաբերյալ ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանի հայտարարած «աննախադեպ» աճերից ոչինչ չի մնացել։ Ու լավ կլիներ, որպեսզի վարչապետը հիմա ասեր, թե իշխանության գալուց հետո որքանով է իրականություն դարձել բյուջեի հարկային եկամուտները տարեկան 30 տոկոսով ավելացնելու իր խոստումը։
Այս տարի պետական բյուջեն արդեն հասցրել է բավական մեծ կորուստներ կրել։ Դա երևում է ոչ միայն հարկային ընդհանուր եկամուտներում, այլև խոշոր հարկատուների վճարած հարկերի մեջ։
Պաշտոնական տվյալներով՝ առաջին կիսամյակում 33 մլրդ դրամով պակաս հարկ է հավաքվել։ Դրանից 18,3 միլիարդը՝ խոշոր, 14,7 միլիարդը՝ մնացած հարկատուների բաժինն է։
Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողներն այս տարվա առաջին 6 ամիսներին պետական բյուջեի նկատմամբ կատարել են 492,7 մլրդ դրամի պարտավորություն։ Անցած տարի այն 511 միլիարդ էր։ Խոշորների վճարները ոչ միայն չեն ավելացել, այլև նվազել են շուրջ 3,6 տոկոսով։ Նիկոլ Փաշինյանը, ով նախկինում մշտապես հիշեցնում էր, թե ինչքան հարկ են վճարել խոշորները, այս անգամ քար լռություն է պահում՝ ինչպես տնտեսական զարգացումներին վերաբերող մյուս ցուցանիշների հետ կապված։
Որ խոշոր հարկատուների վճարած հարկերը տարվա առաջին կեսին ավելի քան 18 մլրդ դրամով նվազել են, արդեն վատ է։ Բայց դա չի արտահայտում այն ամբողջ «հմայքը», որը տեղի է ունեցել այս հատվածում։
Խոշորների վճարած հարկերը նվազել են բացառապես երկրորդ եռամսյակում։ Առաջին եռամսյակում նույնիսկ մուտքերի աճ է գրանցվել։ Նախորդ տարվա 221 միլիարդի փոխարեն՝ այս տարվա առաջին 3 ամիսներին խոշոր հարկատուները պետական բյուջեի նկատմամբ կատարել էին 245 մլրդ դրամի պարտավորությունը։ Այսինքն՝ ավելի էին վճարել 24 մլրդ դրամ։
Արդեն երկրորդ եռամսյակում պատկերը գլխիվայր շուռ է եկել։ Անցած տարվա երկրորդ եռամսյակում խոշորները վճարել էին 290 միլիարդ, այս տարի՝ 247 մլրդ դրամ։ Պակաս վճարած գումարը կազմել է 43 միլիարդ։
Մուտքերը՝ այս տարվա երկրորդ եռամսյակում խոշորների վճարած հարկերի տեսքով, պակաս են շուրջ 15 տոկոսով։ Սա է, որ մտահոգիչ է։ Հատկապես, եթե հաշվի առնենք, թե որ ոլորտների հաշվին է հաջողվել խուսափել ավելի մեծ կորուստներից։
Չնայած միջազգային շուկաներում արձանագրված մետաղների գների նվազմանը՝ տարեսկզբից հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունները շարունակել են ակտիվ արդյունահանումն ու արտահանումը։ Բայց նույնիսկ այդ պայմաններում ոմանք չեն կարողացել պահպանել հարկերի վճարման նախորդ տարվա տեմպերը։ Խոսքը վերաբերում է, առաջին հերթին՝ Զանգեզուրի կոմբինատին, որը նախորդ տարի առաջին տեղում էր։ Այս տարի պակաս է վճարել ավելի քան 3,5 մլրդ դրամ և հայտնվել երկրորդ տեղում։
Անշուշտ, ուրախալի է, երբ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է հայրենական արտադրությամբ զբաղվող ընկերություն։ Խոսքը «Գրանդ Տոբակոյի» մասին է։ Բայց ցավալի է, որ վերջինս նախորդ տարվանից գրեթե 2 մլրդ դրամով քիչ հարկ է վճարել։ Այն դեպքում, երբ հակառակ էին սպասումները՝ կապված ենթաակցիզային ապրանքների, այդ թվում՝ ծխախոտի ակցիզային հարկի բարձրացման հետ։ Ու եթե այս միտումը շարունակվի, ապա ստացվում է, որ ակցիզային հարկը բարձրացնելով՝ մենք վնասել ենք տեղական արտադրությանը։
Չմտնելով առանձին հարկատուների վճարած հարկերի կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունների մեջ, այնուհանդերձ հարկավոր է արձանագրել, որ, ինչպես տնտեսության մեջ ու միջազգային շուկաներում տեղի ունեցող դրսևորումների, այնպես էլ՝ իրականացվող անհաշվենկատ քաղաքականության հետևանքով, բախվել ենք պետական բյուջեի եկամուտների ապահովման լուրջ խնդիրների հետ։ Թե՛ ընդհանրապես, և թե՛ մասնավորապես խոշորների պարագայում առաջիկայում շարունակելու ենք ունենալ եկամտային կորուստներ, որոնք տարեվերջին ավելի առարկայական տեսք կստանան։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը