«Իրատես» թերթը գրում է. «Իրատեսը» իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի գործում պակաս դերակատարում չի ունեցել այն, որ վերջինս հասկացել է, թե առաջիկայում հարկահավաքության հետ կապված մեծ խնդիրներ են ծագելու, եւ կուժն ու կուլան էլ իր գլխին է կոտրվելու։ Երեկ արդեն ՊԵԿ նոր նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտարարեց, որ «հարկերի հավաքագրման մասով մտահոգություններ կան` պայմանավորված համավարակի տարածմամբ, ընդհանուր տնտեսական շրջանառության անկմամբ»:
Այսինքն, մի կողմից բազմաթիվ բիզնեսներ են փակվել, կառավարության տվյալներով, 71 հազար մարդ զրկվել է աշխատանքից (ու դեռ ավելանում է այդ թիվը), ներդրումներն իսպառ բացակայում են, մյուս կողմից էլ ՊԵԿ-ը չի կարողանում հարկեր հավաքագրել։ Այլ խոսքով, տնտեսության հիմնական շարժիչներն անջատված են, բայց Հայաստանի իշխանություններն իրենց քաղաքական հաշվարկներից չեն շեղվում։ Այս տեմպերով առաջիկայում մեծ է հնարավորությունը, որ պետությունը չկարողանա իր պարտավորություններն իրականացնել, այն է՝ աշխատավարձ ու թոշակ տալ։
Սակայն «հնարամիտ» իշխանությունները, համավարակի ֆոնին, մտածել են` ինչպես լցնել բյուջեն։ «Քաղաքացին տուգանքի մատերիա» չէ հայտարարող իշխանությունը համավարակի դեմ պայքարի միակ «զենքը» քիչ չէ, դարձրել է դիմակը, հիմա էլ աջ ու ձախ բոլորին տուգանում է, բայց քանի որ տուգանքը կարող է քիչ լինել բյուջեի ճեղվածքը փակելու համար, գումարեցին նաեւ անձնագրի առկայությունը։ ՈՒ օրական մեր ոստիկանները տուգանում են ու տուգանում, բայց համավարակն ավելի է «կատաղում»։ Սակայն Փաշինյանի կառավարությունն իրեն դավաճանած կլիներ, եթե այս ծանր իրավիճակում հերթական գլուխգործոցը մեջտեղ չբերեր. հիմա էլ գույքահարկի մասին օրենքը։ Ժողովրդավարական այս մեր բաստիոնում բոլորը պիտի մասնակցեն պետության կառուցմանը, կայացմանը, բյուջեն լցնելուն։ Ով ինչ ունի, եզ ու մոզի, տուն ու տանիք, գոմ ու դղյակ, պետք է պետությանը մի բանով «մուծվի»։ Մինչդեռ եթե նպատակ կար հարուստներին իրենց ունեցած պալատների չափով պարտադրել բյուջե ավելի շատ գումար վճարել, կարող էին շքեղության հարկ սահմանել առայժմ, հետո «շեն ու լեն» օրերին մտածել բոլորի վզին գույքահարկ փաթաթելու մասին։
Ի դեպ, հիշեցնենք, որ ժամանակին շքեղության հարկի մասին նախագիծ ԱԺ-ում շրջանառության մեջ դրվեց ու նախկին իշխանության հավանությանը չարժանացավ։ Այդ նախագծով խելամիտ առաջարկներ էին արվում, ըստ որի անշարժ եւ շարժական թանկարժեք գույք ունեցողները պետք է ավելի շատ գույքահարկ վճարեին։ Այս անգամ էլ եթե թիրախները ճիշտ ընտրվեին, գուցե հասկանալի լիներ, բայց մարդիկ զրկվել են աշխատանքից, չգիտեն վաղը հացի փող կունենան, թե ոչ, գույքահարկ եք պահանջում որ ի՞նչ անեք։
Սակայն սրանք ընդամենը բյուջեի մի փոքր անկյունը կլցնեն, ասենք, կապահովեն պարգեւավճարները, իսկ մեծ բեռը մնալու է դրսի փողերի վրա։
Բյուջեի ամենամեծ բացը բնականաբար կփակի արտաքին պարտքը, որը մեր երկրում մեծ թափով զարգացող «ոլորտն» է, թերեւս զիջում է միայն վիրուսի տարածման տեմպերին։ Այս իշխանությունը, որ նախկինների գլխին «քար էր մաղում», երբ ամեն անգամ վարկային համաձայնագրեր էին բերվում խորհրդարան, այսօր մեծ հաճույքով օգտվում է այդ գործիքից։
ՈՒ եթե ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին կառավարություններից մեկը գնաց այն քայլին, որ պետական պարտք վերցրեց եւ թոշակ ու աշխատավարձ տվեց, ինչի համար հետագայում քննադատության մեծ չափաբաժին վաստակեց, այսօր էլ պատմությունը կրկնվելու է, միայն մեկ տարբերությամբ, այն ժամանակ մեր պետության պարտքը 7 միլիարդ դոլարից ավելի չէր։ ՈՒ եթե այն տարիների ընդդիմադիրները սիրում էին ասել, թե դեռ չծնված երեխան հետագայում վարկ ունի փակելու, հիմա արդեն կարելի է ասել, որ այդ երեխայի թոռն էլ է պետական պարտք փակելու»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը