20 06 2020

2 մլրդ դրամը բոլորի համար է խոշոր գումար․ Լևոն Քոչարյան․ «Հրապարակ»

2 մլրդ դրամը բոլորի համար է խոշոր գումար․ Լևոն Քոչարյան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը, անդրադառնալով գրավի չափին, ասաց․ «Իհարկե, գրավի չափը շոկային էր, բայց դե, ամեն դեպքում, ուրախ եմ որոշման համար այնքանով, որ գումարը մուտքագրելուց հետո հայրս դրսում կլինի՝ ազատության մեջ»։ Մեր զրույցի պահին Քոչարյանը դեռ Իզմիրլյան կենտրոնում էր՝ գրավի գումարը չէր փոխանցվել համապատասխան հաշվեհամարին։ Հիշեցնենք, որ գրավի մուծման համար դատարանը ժամկետ է սահմանել՝ 48 ժամ, եւ քանի որ շաբաթ օրը բանկերը չեն աշխատում, ընտանիքը շտապում էր գումարը փոխանցելու հարցում։

- Դատախազությունը հայտարարել է, որ բողոքարկելու է վերաքննիչի որոշումը․ դա ինչպե՞ս եք գնահատում, կարող է ձեր ուրախությունը երկար չտեւել, եթե վճռաբեկը հակառակ որոշումը կայացնի։

- Բնական է, որ պետք է բողոքարկեին, սպասելի էր, բայց մենք ամեն սցենարի էլ պատրաստ ենք։ Եթե հիշում եք, դատավոր Ազարյանի որոշումից հետո՝ դեռեւս 2018 թվականի օգոստոսին, երբ որ ազատ արձակեց, դատախազները վերաքննիչ բողոք ներկայացրին, կարծեմ, սեպտեմբերի 1-ին, թե 2-ին, ու վճռաբեկ դատարանն ինչ-որ աննախադեպ բան արեց՝ սեպտեմբերի 19-ին ընդունեց վարույթ, այն դեպքում, երբ ուրիշ գործերով ինքը պահում էր երեք ամիս ու վերջին ժամկետում միայն ասում էր, որ չեն ընդունելու։ Մի խոսքով, ուզում եմ ասել՝ այդ ամեն ինչի ականատեսն ենք, շատ լավ պատկերացնում ենք, որ նույն սցենարը կարող է կրկնվել։

- Ինչպես դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեպքում, այնպես էլ Արսեն Նիկողոսյանի, հարձակումներ եղան իշխանական ճամբարից՝ նրան անվանեցին ծախված։ Այսինքն՝ այն դատավորները, որոնք Քոչարյանին կալանավորելու որոշում են կայացնում, ազգի հերոս են, ով ազատում է՝ դավաճան։ Դուք սա ինչպե՞ս եք գնահատում, կարո՞ղ էր դատավորն իր որոշումը կայացնել ձեր թելադրանքով։

- Գիտե՞ք, ինձ թվում է՝ Ձեր հարցի լավագույն պատասխանը կտան իրավաբանական համայնքի ներկայացուցիչները, ու ես բազմաթիվ գրառումներ եմ տեսնում Ֆեյսբուքում։ Ե՛վ պարոն Ազարյանը, ե՛ւ Արսեն Նիկողոսյանը այն եզակի դատավորներից են՝ այդ համայնքում իրավամբ հարգված, որ նման բան ասելը, նույնիսկ մտածելը անհեթեթություն է։ Իսկ մնացած ֆեյքային կազմակերպված հարձակումները սպասելի էին եւ այլեւս ոչ մեկի մոտ զարմանք չեն առաջացնում։

- Իսկ Ձեզ համար 2 մլրդ դրամը խոշո՞ր գումար է։

- Իհարկե, խոշոր գումար է, ինձ թվում է՝ 2 մլրդ դրամը բոլորի համար է խոշոր գումար, ներառյալ նաեւ մեզ համար։ Այն, ինչ դատարանում ներկայացրել են փաստաբանները, ես եւ քույրս մեր բնակարաններն ենք ուզում բանկում գրավադրել, հիմա այդ պրոցեսի մեջ ենք, որ դրա դիմաց ինչ-որ գումար ստանանք, որ այդ գումարը վճարենք։ Իսկ մնացած մասով, ինչպես գրասենյակն է հայտարարություն տարածել, երեկ ուղղակի մի քանի ժամվա մեջ բազմաթիվ մարդիկ զանգեցին, պատրաստակամություն հայտնեցին, ու հիմա այդ պրոցեսն է գնում։

- Հայաստանի՞ց են այդ մարդիկ։

- Ոչ միայն։

- Այսինքն՝ Դուք, Ձեր ընտանիքը կանխիկ 2 մլրդ դրամ չունեք այս պահին, թե՞ ունեք, կալանքի տակ են հաշիվները։

- Ոչ, եթե կանխիկ ունենայինք, իհարկե, մենք էդ գումարի հարցը կլուծեինք։

- Իսկ եթե ձեր հաշիվները կալանքի տակ չլինեին, էլի՞ չէիք կարողանա մուծել այս գրավը։

- Հիմա, գիտե՞ք, կդժվարանամ ասել, բայց շատ ավելի հեշտ կլիներ, իհարկե։ Գիտեք, հայրս քանի անգամ ասել է, որ տասը տարի աշխատում է ինչպիսի ընկերությունում Ռուսաստանում, եւ իր հաշվի վրա հիմա կա ինչ-որ գումար։

- Որովհետեւ հանրության մեջ կա կարծիք, որ Քոչարյանը միլիարդներ ունի, նրա համար 4 մլն դոլար, թե 40 մլն, մեծ գումար չէ՝ թող վճարի։

- Հասարակության մի մասի մոտ առնվազն շատ արմատացած կարծիքներ կան մեզ հետ կապված, որոնք իրականությունից հեռու են, նաեւ միգուցե հարյուրավոր անգամներ՝ թե՛ ունեցվածքի հետ կապված, թե՛ ինչ-որ այլ հարցերի։ Ու ինձ թվում է՝ դրա լավագույն ապացույցը վերջին երկու տարիներն են, որ ամեն ինչ փորձեցին, ամեն տեղ ման եկան, որ ինչ-որ բան գտնեն, շատ լավ գիտենք, չէ՞, իշխանությունների վերաբերմունքը մեր հանդեպ, այսինքն, ունենալով այդ բոլոր լծակները՝ ամեն ինչ ճշտելու, ամեն ինչ անելու, մենք տեսնում ենք, որ ոչինչ չկա։ Դրա համար այդ պատկերացումները, ինչպես բազմիցս նշել ենք, իրականությանը չեն համապատասխանում։

- Ինչո՞վ է զբաղվելու Ռ․ Քոչարյանը՝ կմասնակցի՞ քաղաքական պրոցեսներին, կակտիվանա՞։

- Գիտե՞ք, մենք հենց սկզբից հայտարարել ենք այն մասին, որ քաղաքականության հետ կապված գործընթացները, որի մեջ հայրս կա, եւ ինքն էլ է դրա մասին խոսել, չի պայմանավորում այս քրեական շինծու գործի հետ, ուզում եմ ասել՝ իր գործողությունները կապված չեն քրեական գործի հետ։

- Հնարավո՞ր է, որ միանա այն քաղաքական ուժերին, որոնք պահանջում են Փաշինյանի հրաժարականը, քաղաքական հայտարարություններով հանդես գա։

- Իհարկե, եթե մարդը քաղաքականության մեջ է, ամեն ինչ էլ հնարավոր է հայտարարությունների մասով, իսկ մնացածը՝ ինչ-որ մեկին միանալ-չմիանալու կամ մեզ միանալու մասով, չեմ ուզում ժամանակից շուտ ինչ-որ բաներ ասել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ