03 06 2020

ՀԾԿՀ-ն մտադիր է գազի թանկացման բեռը դնել տնտեսության վրա. 168.am

ՀԾԿՀ-ն մտադիր է գազի թանկացման բեռը դնել տնտեսության վրա. 168.am

168.am-ը գրում է․ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է գազի թանկացման բեռը դնել տնտեսության վրա։ Բայց դա չի նշանակում, թե դրանից անմասն կմնա բնակչությունը։ Տնտեսության վրա գազի թանկացման ազդեցությունն ուղղակիորեն կարտահայտվի ապրանքների և ծառայությունների գների բարձրացման տեսքով, ինչից կտուժի նաև բնակչությունը։

Կառավարությունը կարծես այլևս հույս չունի, որ կկարողանա հասնել գազի ներմուծման գնի նվազեցման։ Ինչպես հայտնի է, այդ նպատակով 2 ամիս առաջ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմել էր «Գազպրոմի» վարչության նախագահին՝ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի էժանացման վերաբերյալ բանակցություններ սկսելու առաջարկությամբ։

Բանակցություններ սկսելու, առավել ևս՝ ներմուծվող գազի գինը նվազեցնելու հետ կապված՝ առայժմ որևէ տեղեկություն չկա։ Դատելով՝ նրանից, որ մինչ այդ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր հաշվարկների հիման վրա սկսել է քննարկումները սպառողներին մատակարարվող գազի սակագների վերաբերյալ, հազիվ էլ թե լինի։

Ուսումնասիրելով «Գազպրոմ Արմենիայի» սակագնային հայտը՝ Հանձնաժողովի աշխատակազմը որոշել է կրճատել ընկերության ներկայացրած ծախսերի մի մասը։ Շահագործման և պահպանման ծախսերը նվազեցվել են գրեթե 9,5 մլրդ դրամով։ Դրա մեջ մտնում են ինչպես՝ նորոգման և նյութական ծախսերը, այնպես էլ՝ աշխատողների աշխատավարձերը։

Միայն շուրջ 4,3 մլրդ դրամով նվազեցվել է աշխատավարձերի ֆոնդը։ Ու դա արվել է աշխատողների կրճատման հաշվին։ Հանձնաժողովի աշխատակազմն առաջարկել է «Գազպրոմ Արմենիայի» աշխատողների թիվը կրճատել 1571-ով։

Միջին աշխատավարձին որոշել են ձեռք չտալ. այն ինչպես եղել է 227 հազար դրամ, այնպես էլ մնացել է։

Ընկերության ներկայացրած հայտնի համեմատ՝ նորոգման և նյութական ծախսերն առաջարկվում է կրճատել շուրջ 4,4 մլրդ դրամով։ Այլ հարց, թե դա ինչպես կանդրադառնա համակարգի անվտանգության վրա։ Հատկապես, երբ խոսքը ծախսերի շուրջ 38 տոկոս կրճատման մասին է։

Հանձնաժողովի աշխատակազմի առաջարկությունը պարունակում է նաև ընկերության շահույթների նվազեցում։ Խոսքը շուրջ 4 մլրդ դրամի մասին է։

Կան առաջարկություններ նաև այլ ծախսային հոդվածների վերաբերյալ, բայց հիմնականը սրանք են։ Առաջարկվում է ընդհանուր առմամբ կրճատել շուրջ 13,6 մլրդ դրամի ծախս։ Դրա արդյունքում էլ հնարավոր է եղել ընկերության առաջարկության համեմատ ստանալ ավելի ցածր սակագին։

Եթե «Գազպրոմ Արմենիայի» դեպքում միջին կշռութային սակագինը 283,14 դոլար էր՝ 1000 խորանարդ մետրի համար, ապա այս փոփոխություններից հետո Հանձնաժողովի աշխատակազմը հանգել է 266,71 դոլարի։ Տարբերությունը կազմում է 16,43 դոլար։

Ակնհայտ է, որ գործ ունենք ներկայացված հայտի համեմատ՝ ծախսերի բավական էական կրճատման հետ։ Առայժմ հայտնի չէ, թե ինչպիսին կլինի դրա վերաբերյալ «Գազպրոմ Արմենիայի» արձագանքը։ Առկա է ոչ ստանդարձ իրավիճակ, որը կարող է նաև լուրջ խնդիրներ առաջացնել։

Ամեն դեպքում՝ Հանձնաժողովի աշխատակազմն իր հաշվարկների հիման վրա եկել է եզրակացության, որ 165 դոլար ներմուծման գնի պարագայում ներքին սպառման գազի միջին գինը պետք է լինի 266,71 դոլար։ Սա 16,43 դոլարով ցածր է, քան ընկերության ներկայացրած հայտով է, և 11,65 դոլարով ավելի բարձր, քան գործող գինն է։

Եթե ընդունվի այն, ինչ առաջարկել է Հանձնաժողովի աշխատակազմը, ապա ներքին շուկայում գազի միջին գինը կբարձրանա գրեթե 4,6 տոկոսով։ Իհարկե, նախատեսվում է դա համաչափ չտեղաբաշխել սպառողների խմբերի վրա։

Մասնավորապես՝ թանկացման ազդեցությունից դուրս է թողնվել բնակչությունը։ Այն, որ գազամատակարար ընկերությունն առաջարկել էր վերացնել սոցիալական խմբերի արտոնյալ սակագինը, իսկ բնակչության մյուս հատվածի համար սակագինը նույնիսկ մի փոքր նվազեցնել, Հանձնաժողովի աշխատակազմն ընդունելի չի համարել։ Ուստի նախատեսել է այս խմբի սպառողների համար սակագները թողնել անփոփոխ։

Ներքին սակագների թանկացման ամբողջ բեռը տեղափոխվել է տնտեսության վրա։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ջերմոցային տնտեսության և վերամշակող արդյունաբերության համար սակագինը բարձրացնել 12 դոլարով կամ ավելի քան 5,6 տոկոսով։

Բացառությամբ ջերմային կայանների, տնտեսության մյուս հատվածներում, որտեղ սպառումն ամսական 10 հազար խորանարդից ավելի է, առաջարկվում է սահմանել 255,92 դոլար։ Այսինքն՝ 13,8 դոլարով ավելի, քան գործող սակագինն է։

Հանձնաժողովի աշխատակազմի առաջարկությունն ընդունելու պարագայում սակագնի բեռը տնտեսության վրա կմեծանա։ Ճիշտ է, ավելի քիչ, քան առաջարկել էր գազամատակարար ընկերությունը, բայց միևնույն է, դա տեղի կունենա։

Այն պայմաններում, երբ տնտեսությունը գտնվում է ճգնաժամի մեջ, և ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ՝ գազի սակագնի թեկուզ չնչին բարձրացումը կարող է ծանր հարված լինել։ Առանց այն էլ, ցածր է Հայաստանի տնտեսության մրցունակությունը, հիմա վիճակն էլ ավելի կվատանա։

Խնդիրներ կառաջանան հատկապես արտաքին շուկաներում։ Թեև մինչ այդ էլ խնդիրների պակաս չկար։

Տնտեսական ճգնաժամի հետևանքով արտաքին շուկաներում նվազել է հայկական ապրանքների իրացումը։ Առանձին դեպքերում՝ խոսքը բավական կտրուկ կրճատումների և մեծ վնասների ձևավորման մասին է։ Գազի սակագնի բարձրացումից հետո այս իրավիճակն էլ ավելի կլարվի։

Տնտեսության վրա գազի թանկացման բեռի ավելացումը ենթադրում է նաև ներքին շուկայում գնաճային ճնշման ուժեղացում։ Դրա հետևանքով կարող են թանկանալ բազմաթիվ ապրանքներ և ծառայություններ։

Այնպես որ, չնայած արտաքուստ բնակչության համար սակագինը կմնա նույնը, այնուհանդերձ տնտեսության այլ հատվածներից նրանք կզգան թանկացման ազդեցությունը։ Էներգակիրները, առավելապես՝ գազը, էական ազդեցություն ունեն տնտեսության և հասարակական կյանքի գրեթե բոլոր բնագավառների վրա։

Իրավիճակն իսկապես մտահոգիչ է։ Բայց դա այն է, ինչ սպառողները ստանում են շուրջ 1 տարի ռուսական կողմի հետ վարվող բանակցություններից հետո։

Նշենք նաև, որ Հանձնաժողովի աշխատակազմի առաջարկը դեռ վերջնական սակագին չէ։ Գործելու համար այն պետք է հաստատվի Հանձնաժողովի կողմից։

Նոր սակագները հաստատելու համար Հանձնաժողովը 1 ամսից պակաս ժամանակ ունի։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ