02 06 2020

Երկրի կառավարումը թերթի խմբագրություն կառավարել չէ․ «Հրապարակ»

Երկրի կառավարումը թերթի խմբագրություն կառավարել չէ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ավելի ու ավելի հաճախ են սկսել կարծիքներ հնչել, որ գործող իշխանությունը տապալել է երկրի կառավարումը, ձախողվել է բոլոր ոլորտներում, հիմա էլ, փաստորեն, վտանգված է հանրային առողջությունը, քանի որ համաճարակի դեմ պայքարում էլ, պարզվեց, իշխանություններն անզոր են եւ ապաշնորհ։ Իհարկե, կողքից խորհուրդներ տալն ու քննադատելն ամենահեշտ բանն է, իսկ պահանջատիրոջ կեցվածքը՝ շատ հաճելի․ զրո պարտականություն եւ անսահման իրավունքներ։ Բայց առողջ հասարակությունը, իսկապես, պետք է լինի քննադատող եւ պահանջատեր։ Իսկ իշխանությունը պետք է ջանք ու եռանդ չխնայի այդ հասարակության պահանջները բավարարելու համար։

Դա, իհարկե, չի նշանակում քծնել հանրությանը, գնալ պոպուլիստական որոշումների եւ հանրային թեթեւ աղմուկից սեփական որոշումները հետողորմյա անել։ Բայց դա նշանակում է տեսանելի ու լսելի դարձնել հանրությանը, որ կառավարությունում հավաքվածները պորտաբույծներ չեն՝ միայն բարձր վարձատրության եւ պարգեւավճարների համար չեն աշխատում։

Որ կառավարությունը ոչ պրոֆեսիոնալ պոպուլիստներից չի կազմված, որոնք ճառ ասելուց բացի ուրիշ ոչինչ չեն կարողանում անել։ Ի վերջո՝ որ երկրի կառավարումն ինչ-որ ՀԿ կամ թերթի խմբագրություն կառավարել չէ, դա լուրջ գիտելիքներ եւ ունակություններ պահանջող աշխատանք է, որտեղ շատ կարեւոր են ծրագրային մոտեցումները, գաղափարական հենքը, արագ կողմնորոշվելու եւ ոչ ստանդարտ լուծումներ գտնելու կարողությունը։ Ինչպես նաեւ՝ սեփական սխալներն ընդունելու եւ կեսճանապարհից հետ դառնալու ունակությունը։ Երկրի կառավարիչները պետք է լինեն ճկուն, բայց չճկվող։ Դիվանագետ, բայց ոչ քամելեոն։ Շփման պատրաստ, բայց ոչ շփման մեռած։ Ուժեղ, բայց ոչ ուժ ցուցադրող։ Աշխատեն հանուն ժողովրդի, բայց չխոսեն ժողովրդի անունից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ