29 05 2020

ԱԺ-ում հաստիքների թիվը կարող է ավելանալ․ «Ժողովուրդ»

ԱԺ-ում հաստիքների թիվը կարող է ավելանալ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Արտակ Մանուկյանը, Վլադիմիր Վարդանյանը, Համազասպ Դանիելյանը, Արթուր Դավթյանը եւ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը ներկայացրել են օրենսդրական փաթեթ, որը պետք է քննարկվի մայիսի 26-ին մեկնարկած Ազգային ժողովի նստաշրջանում:

Եվ հետաքրքիր է, որ պատգամավորներն առաջարկում են ավելացնել Ազգային ժողովի հաստիքների թիվը: Մասնավորապես, նրանք առաջարկում են փոփոխություն կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքում եւ ավելացնել այնպիսի հաստիքներ, ինչպիսին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի խորհրդականն է եւ ԱԺ խմբակցության խորհրդականը:

Եվ ստացվում է, որ հաստիքների թիվը կարող է ավելանալ 15-ով, քանի որ խորհրդարանում կա 12 մշտական հանձնաժողով եւ երեք խմբակցություն: Խորհրդականի աշխատավարձը սահմանվում է վեց գործակցով, եւ նա կստանա 390 հազար աշխատավարձ (բազային աշխատավարձը 66 հազար 400 է):

Միեւնույն ժամանակ նրանք փոփոխություն են առաջարկել ԱԺ կանոնակարգ օրենքում, որը կապված է հանձնաժողովների աշխատանքի հետ: Այսուհետ մշտական հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր հերթական նստաշրջանի վերջին հերթական նիստի օրակարգային հարցերը սպառվելուց հետո ամփոփ հաշվետվություն պետք է ներկայացնի Ազգային ժողովին եւ հանրությանը: Բացի այդ, առաջարկվում է նիստն իրավազոր համարել միայն հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելի անդամների՝ նիստին ներկա գտնվելու դեպքում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ