26 05 2020

Մի օր հայտնի է դառնալու՝ զբաղված եք եղել կրիմինալին կառավարելով․ «Հրապարակ»

Մի օր հայտնի է դառնալու՝ զբաղված եք եղել կրիմինալին կառավարելով․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Դասականն ասում է՝ եթե սկսել ես ստել, ստիր մինչեւ վերջ։ Անգամ եթե քեզ բռնացրել են, մի նահանջիր՝ շարունակիր ստել։ Եթե տետ ա տետ ես ստել, առանց աչք թարթելու՝ ուղիղ աչքերի մեջ նայելով, շարունակիր ստել։ Եթե ժողովրդին ես խաբել, եւ մի գիտակ մարդ սուտդ բռնել է, ձեւացրու, որ ոչինչ չի եղել, շարունակիր պնդել քոնը, ով հավատա՝ հավատա, ով չհավատա՝ հավատացողները բերանը կփակեն։ Չէ որ իրականությունը շատ քիչ մարդ գիտի, նրանք կլռեն, եւ բացի այդ՝ թող մի հարյուր մարդ էլ մտածի, որ ստախոս ես, բայց չէ որ հազարները կհավատան, ու դու կհասնես քո նպատակին։

Ուրիշ խորհուրդներ էլ կարելի է տալ պաթոլոգիկ սուտասաններին, որոնք զբաղված են ժողովրդին մանիպուլացնելով, կեղծիքը ճշմարտության տեղ անցկացնելով, իրենց թերություններն ու թերացումները կոծկելով, կոռումպացվածության, հովանավորչության փաստերը, իրենց մաֆիոզ կապերն ու մութ գործարքները թաքցնելով։

Ասենք, եթե թաթախված ես կոռուպցիոն գործարքների մեջ, եւ դրանք թղթի վրա արձանագրված չեն, ասենք՝ ընդամենը տանիք ես կանգնել ինչ-որ օլիգարխի կամ բիզնեսը խլելու գործընթացի ես մասնակցել, կամ՝ ինչ-որ ապիկարի տեղավորել ես բարձր պաշտոնի ու վստահ ես, որ իրեղեն ապացույցներ մամուլը չունի, համարձակ հերքիր։ Հերքիր մինչեւ վերջ, ծաղրիր մամուլն ու դրա մասին ակնարկած լրագրողին, հումոր արա։

Օրինակ, ասա՝ «քննարկում էինք մամուլի ստի եւ կեղծիքի տարածման ծիծաղելիության աստիճանը», եւ 40 րոպեից «սենսացիոն կեղծ լուր» հրապարակվեց մի կայքում։ Աշխատող մեթոդ է։ Նախկիններն էլ էին այդպես անում։ Բայց միշտ հիշիր՝ ստի ոտը կարճ է։ Մի օր բացահայտվելու են բոլոր կոռուպցիոն սխեմաները, մի օր հայտնի է դառնալու, որ աշխատելու փոխարեն զբաղված եք եղել խլելով, տանիք կանգնելով, կրիմինալին կառավարելով»։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ