15 05 2020

Մարդիկ կորցրել են իրենց եկամտի հիմնական աղբյուրը. 168․am

Մարդիկ կորցրել են իրենց եկամտի հիմնական աղբյուրը. 168․am

168.am-ը գրում է․ «Գնալով ավելի ու ավելի տեսանելի են դառնում համավարակի ազդեցությունները Հայաստանի տնտեսության ու մարդկանց եկամուտների վրա։ Թեև կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային որոշ միջոցառումների շրջանակներում բնակչության տարբեր շերտերին որոշակի օժանդակություններ են տրամադրվում, այնուհանդերձ դրանք երբեք չեն կարող փոխարինել այն եկամուտներին, որոնք մինչ այդ մարդիկ ստանում էին տարբեր աղբյուրներից։

Խոսքը հատկապես բնակչության այն հատվածի մասին է, որի եկամուտները ձևավորվում էին հիմնականում դրսից ստացվող տրասնֆերտային միջոցների հաշվին։ Այդպիսի քաղաքացիների թիվը Հայաստանում շատ է՝ հասնում է հարյուր-հազարների։

Բացի այն, որ նրանք զրկվել են իրենց մշտական եկամտի աղբյուրից, մի մասը դուրս է մնացել նաև կառավարության օժանդակության ծրագրերից։ Թեև այդ օժանդակությունն էլ սիմվոլիկ բնույթ է կրում։

Միայն այս տարվա առաջին երեք ամիսներին ֆիզիկական անձինք դրսից մի քանի տասնյակ միլիոն դոլարով պակաս գումար են փոխանցել Հայաստանում գտնվող իրենց հարազատներին։ Նվազման ծավալներն ամսեամիս ավելանում են և դեռ կշարունակեն ավելանալ։ Առայժմ հայտնի են առաջին եռամսյակի տվյալները, բայց կասկած չկա, որ միտումը նույնն է լինելու նաև հետագայում։

Տարեսկզբի բոլոր 3 ամիսներին ֆինանսական փոխանցումներն արտերկրից նվազել են։ Դա տեղի է ունեցել՝ ինչպես համավարակի Հայաստան ներթափանցումից հետո, այնպես էլ՝ առաջ։

Մեծապես տուժել են հատկապես այն քաղաքացիները, որոնց եկամուտները ձևավորվում էին ռուսական շուկայի հաշվին։ Ճիշտ է, տարվա սկզբից էլ Ռուսաստանից ստացվող գումարները նվազում էին, բայց դրանք շեշտակի կրճատվել են հատկապես մարտին։ Կենտրոնական բանկի հրապարակած վերջին տվյալները վկայում են, որ այդ երկրից բանկային համակարգով ուղարկվող գումարները գրեթե 28 տոկոսով պակասել են։ Եթե անցած տարվա մարտին ստացվել էր՝ ավելի քան 71 միլիոնին, ապա այս տարվա նույն ամսին՝ 51 մլն դոլարին համարժեք գումար։

Բայց դա, իհարկե, ամբողջությամբ չի արտահայտում տրանսֆերտների շուկայի պատկերը։ Բնականաբար, շատ ավելին է եղել կանխիկ հոսքերի կրճատումը։

Պարզ է, որ տրանսֆերտների նվազման վրա առկա է նաև ռուսական ռուբլու արժեզրկման ազդեցությունը։ Հայտնի է, որ տրանսֆերտների մի մասը ստացվում են հենց ռուբլով։ Երբ ռուբլին արժեզրկվում է՝ արժեզրկվում են նաև այդ գումարները։ Ընդ որում, ինչպես դոլարի, այնպես էլ՝ դրամի նկատմամբ։

Ու դա, բնականաբար, ազդում է տրանսֆերտների տեսքով մարդկանց ստացվող եկամուտների վրա։ Այդքանով նրանք կորուստներ են ունենում։ Միայն մարտին այդ կորուստները ռուսական շուկայից՝ բացառապես ոչ կանխիկ փոխանցումների մասով, կազմել են 20 մլն դոլար։

Ընդհանուր առմամբ տարեսկզբի 3 ամիսներին Ռուսաստանից պակաս է ստացվել 31 մլն դոլար, բայց միայն մարտին այն գրեթե կրկնակի ավելի է եղել, քան նախորդ 2 ամիսներին միասին։

Ռուբլու արժեզրկումը ահա թե ինչ է նշանակում Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների համար։

Ռուսական արժույթը սկսեց թուլանալ նավթի միջազգային գների նվազման հետևանքով։ Արդեն մարտի երկրորդ կեսին ռուբլին գրեթե 20 տոկոսով էժանացավ դոլարի նկատմամբ։

Այսօր էլ այն շարունակում է նույնքան հետ մնալ նախկին փոխարժեքից։ Ու դա նշանակում է, որ առաջիկայում Հայաստանի բազմահազար ընտանիքներ դեռ կրելու են ռուբլու արժեզրկման ազդեցությունն իրենց եկամուտների վրա։ Դրա հետևանքով արժեզրկվել են նաև մարդկանց նախկինից մնացած եկամուտները, եթե, իհարկե, մնացել են։

Բայց ամենամեծ կորուստները դեռ առջևում են. արտագնա աշխատանքի չմեկնելու ազդեցությունները հետո են առավել ակնառու դառնալու։

Տրանսֆերտները, որոնք դարձել են շատ ու շատ ընտանիքների ապրուստի հիմնական միջոցը, իրենց հետքն են թողնելու մարդկանց սոցիալական վիճակի վրա։ Առայժմ ոչ մի հույս չկա, որ դրանք մոտ ապագայում կարող են վերականգնվել։ Արտագնա աշխատանքի մեկնելու հեռանկարներն այսօր շատ մշուշոտ են։ Եթե նույնիսկ ինչ-որ պահից սահմանները բացվեն, և մարդիկ կրկին երկրից դուրս գալու հնարավորություններ ստանան, միևնույն է, այս տարի շատերն այլևս չեն կարողանա մեկնել։ Տարին արդեն կիսվում է։ Չհաշված, որ այլ երկրներում աշխատանք գտնելու հեռանկարները ևս խիստ սահմանափակվել են։ Պատահական չէ, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ՝ աշխատանք չլինելու պատճառով, արդեն վերադարձել կամ պատրաստ են վերադառնալ Հայրենիք։

Ինչպե՞ս պետք է լուծվեն այս մարդկանց սոցիալական խնդիրները, դեռ պարզ չէ։ Կառավարությունը ստեղծել է հարթակ, որտեղ առաջարկել է գրանցվել արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունից զրկված քաղաքացիներին՝ իրականացվող շինարարական ծրագրերում նրանց ներգրավելու ակնկալիքով։ Բայց դա հարցի լուծում չէ։ Լավագույն դեպքում այդ ծրագրերում կարող են ընդգրկվել մի քանի հարյուր մարդ, եթե նույնիսկ դա էլ հնարավոր լինի։

Իսկ ի՞նչ են անելու մյուսները։

Կան տարբեր գնահատականներ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների քանակի վերաբերյալ։ Անգամ նվազագույն հաշվարկներով՝ դա տասնյակ-հազարների է հասնում։ Ու այդ մարդիկ, որոնց եկամտի հիմնական աղբյուրն արտագնա աշխատանքի արդյունքում վաստակած գումարներն են, զրկված են լինելու իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները լուծելու հնարավորությունից։

Անիմաստ է ակնկալել, որ կարճ ժամանակահատվածում նրանք Հայաստանում աշխատանք կգտնեն։ Թեև վարչապետը սիրում է հաճախ կրկնել, որ 2 տարում տասնյակ-հազարներով աշխատատեղեր են ստեղծվել, այնուհանդերձ փաստն այն է, որ իրական գործազրկության մակարդակը մեր երկրում չի փոխվել։ Գուցե ստվերային աշխատատեղերի բացահայտման հաշվին ցուցանիշները փոխվել են, բայց պատկերը հիմնականում նույնն է մնացել։ Աշխատանք գտնելու խնդիրը՝ ինչպես եղել, այնպես էլ՝ մնացել է արդիական։ Առավել ևս, հիմա դա ավելի է սրվելու։

Ինչպես այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում սպասվում է գործազրկության ավելացում։ Մեր պարագայում դա ավելի է ծանրանում՝ թե՛ մինչ այդ եղած իրավիճակի, և թե՛ արտագնա աշխատանքի չմեկնած տասնյակ-հազարավոր քաղաքացիների գործազուրկ դառնալու հետևանքով։

Միջազգային կազմակերպությունների գնահատումներով՝ այս տարի գործազրկությունը Հայաստանում կխորանա ևս 1,5-2 տոկոսով, ինչը ենթադրում է շուրջ 30-40 հազար աշխատատեղի փակում։ Այդ ճնշումը թույլացնելու ոչ մի հեռանկար այս պահին չի նշմարվում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ