08 05 2020

«Կլասիկ» սրճախմության գաղտնիությունը «հաճախորդ» լինելու վկայումն է․ «Իրատես»

«Կլասիկ» սրճախմության գաղտնիությունը «հաճախորդ» լինելու վկայումն է․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի սիրտը տեղն է ընկել, կասկածներն ու վախերը փարատվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շուրջ 40 րոպե առանձնազրույց ունենալուց հետո:

Սա ոչ թե ենթադրություն, այլ Մարուքյանի պնդումն է: Արցախի մասին են խոսել` վստահեցնում է Մարուքյանը, սուրճի սեղանի շուրջը Փաշինյանի հետ քննարկել են Արցախի բանակցային հարցը, ու նրա համար պարզ է դարձել՝ իշխանություններն անկեղծ են բոլորի հետ: «Ո՛չ սեղանի տակ, ո՛չ վրա որեւէ թուղթ չկա, որեւէ մտահոգություն չպետք է ունենանք: Նախկինում էլ չէի հավատում, այժմ առավել քան համոզվեցի, որ իշխանությունները բանակցային թեմայի մասին մեզնից որեւէ բան չեն թաքցնում»,- մանրամասնել է «կլասիկ» քաղաքական գործիչը:

Առաջին անգամ չէ, որ ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչները հանդիպում են բոլորի աչքից հեռու, փակ դռների հետեւում: Մոտ մեկ տարի առաջ էլ Փաշինյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ էր հանդիպում ունեցել, ինչից հետո ԼՀԿ-ականները, որպես արդարացում, նշում էին, թե Փաշինյանը «սեյֆում» եղած-չեղածի հետեւից էր եկել, որ մնացել էր «Ելք» խմբակցության եղած ժամանակներից:

Երբեմնի թիմակիցները փակ դռների հետեւում սրճախմության ժամանակ, բացի բանակցային թեմայից, խոսել են նաեւ երեխաների, ընտանիքների որպիսության մասին ու, ըստ երեւույթին, հիշել գինի խմելու ու ղափամա ուտելու ժամանակները, ինչից հետո, ի դեպ, ձեւավորվեց «Ելք» դաշինքը: Թե ինչ կարող է լինել դառը սուրճ վայելելուց հետո, Փաշինյանին ու Մարուքյանին է հայտնի:

Եթե իշխանության պարագայում ինչ-որ առումով հասկանալի է գաղտնի հանդիպումների ձեւաչափը, ապա իրեն «կլասիկ» ընդդիմություն հռչակողը պետք է հասկանա՝ գաղտնիությունը «հաճախորդ» լինելու վկայումն է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ