05 05 2020

Կառավարությունը լվանում է ձեռքերը․ 168.am

Կառավարությունը լվանում է ձեռքերը․ 168.am

168.am-ը գրում է․ «Մինչ համավարակն անարգել մոլեգնում է Հայաստանում, կառավարությունը որոշել է բացել տնտեսությունը։ Երբ կորոնավիրուսով վարակվելու տեմպերն անհամեմատ ավելի փոքր էին՝ մտցրեցին արտակարգ դրություն։ Հիմա տեմպը, ինչպես նաև փաստացի վարակվածների թիվ մի քանի անգամ ավելի շատ է, բայց կառավարությունը հանում է գրեթե բոլոր սահմանափակումները՝ մարդկանց ճակատագիրը թողնելով բախտի քմահաճույքին։

Առանց այդ էլ համավարակն այնքան է տարածվել Հայաստանում, որ արդեն խոսվում է բոլոր վարակվածներին մեկուսացնելու պրակտիկայից հրաժարվելու մասին։ Այդ օրը հեռու չէ։ Առողջապահական համակարգը հնարավորություն ունի ստացիոնար բուժում իրականացնել 1500 հիվանդի համար։ Հիվանդների թիվը հիմա մոտենում է 1400-ի և շարունակում է տեմպով ավելանալ։ Եվս մի քանի օր, և հիվանդանոցային բուժման հնարավորությունները կսպառվեն։ Ու կարող է այնպես ստացվել, որ շատերը, վարակված լինելով հանդերձ՝ հայտնվեն հսկողությունից դուրս։

Թե դա ինչ հետևանքներ կունենա համավարակի տարածման գործում, դժվար չէ պատկերացնել։ Կանխարգելիչ միջոցառումների կիրառման պայմաններում ունենք անկառավարելի իրավիճակ, ուր մնաց, եթե դրանք դադարեն գործել։

Այդպիսի իրավիճակ, անշուշտ, չէր լինի, և այսքան վարկվածներ չէինք ունենա, եթե ժամանակին պատշաճ իրականացվեին կանխարգելիչ միջոցառումները։ Դրանք սկզբից մինչև վերջ կրեցին ձևական բնույթ։

Արտակարգ դրությունն այդպես էլ չտվեց այն արդյունքը, որի համար կոչված էր։ Այսօր ունենք շատ ավելի ծանր իրավիճակ, քան ունեինք այն պահին, երբ հայտարարվում էր արտակարգ դրություն։ Իշխանություններն անկարող գտնվեցին պահպանել արտակարգ դրության պայմանները և անպես անել, որպեսզի կանխվեն համավարակի տարածման տեմպերը։

Պատահական չէ, որ վարակի տարածման աստիճանը Հայաստանում մի քանի անգամ ավելի բարձր է, քան հարևան Վրաստանում։ Վրաստանում վարակվածների թիվը հասնում է ընդամենը 6 հարյուրի, մեզ մոտ անցնում է 2,5 հազարից։  Վրաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը չի հասնում 1 տասնյակի, Հայաստանում մոտենում է 4 տասնյակի։ Վերջին օրերին Վրաստանում օրական՝ 7-8, նույնիսկ ավելի քիչ նոր դեպք է գրանցվում, Հայաստանում՝ 110-ից առնվազն 120:

Սրանք ցուցանիշներն են, որոնք ցույց են տալիս, թե արտակարգ դրության պայմաններում Հայաստանի իշխանությունների պայքարը համավարակի կանխարգելման ուղղությամբ որքանով է արդյունավետ եղել։ Ու չնայած դեռևս ունենք վատթարացող իրավիճակ՝ կառավարությունը որոշել է հանել սահմանափակումները տնտեսության գրեթե բոլոր ոլորտների վրայից։ Աշխատելու արգելանքի տակ են մնացել առևտրի որոշ օբյեկտներ։ Առայժմ չի աշխատի նաև հանրային տրանսպորտը։ Դժվար է ասել, թե այդ պայմաններում կառավարությունն ինչպես է պատկերացնում աշխատանքի գնացող մարդկանց տեղափոխման խնդրի լուծումը։

Համավարակի տարածման պայմաններում տնտեսության վերաբացումը ծայրահեղ քայլ է, որին գնում է կառավարությունը։ Սոցիալական իրավիճակը երկրում լարվում է, ու դա գնալով պայթյունավտանգ է դառնում։ Մարդիկ զրկված են անգամ հացի փող աշխատելու հնարավորությունից։ Կառավարության սոցիալական միջոցառումները, անկախ նրանից, թե դրանք քանիսն են, շատ բան չեն փոխում։ Առավել ևս, որ երբեմն այդ ծրագրերն այդպես էլ տեղ չեն հասնում։ Չափազանց շատ են դրանց կիրարկման հետ կապված դժվարություններն ու խնդիրները։ Մարդիկ դժգոհում են, որ տարբեր պատճառներով ոչ մի կերպ չեն կարողանում օգտվել սոցիալական փաթեթներից։

Ցածր է կառավարության սոցիալական ծրագրերի հասցեականությունը։ Դրանցից հաճախ օգտվում են մարդիկ, ովքեր իրականում նման օժանդակության կարիք ընդհանրապես չունեն։ Փոխարենը, ովքեր մեծապես զգում են դրա կարիքը, երբեմն ուղղակի դուրս են մնում։

Ստացվել է այնպես, որ կառավարության անփութության պատճառով պետական, առանց այն էլ՝ սուղ միջոցները, ոչ միշտ են ծառայում իրենց նպատակին։

Մինչդեռ, նպատակային և հասցեական լինելու դեպքում՝ սոցիալական անապահովների հատկացումները կարող էին շատ ավելի առարկայական լինել։ Թե չէ, դրանք երբեմն զուտ սիմվոլիկ բնույթ են կրում։

Կառավարության անհետևողական քաղաքականության հետևանքով՝ իրավիճակը երկրում գնալով ահագնանում է։ Մի կողմից՝ համավարակն է շարունակում գրոհել, մյուս կողմից՝ մարդկանց սոցիալական վիճակն է վատանում, երրորդ կողմից՝ տնտեսությունն է կործանվում։ Համավարակի դեմ անարդյունավետ պայքարի հետևանքով՝ իշխանությունները փաստի առաջ են կանգնեցրել ոչ միայն հասարակությանը, այլև տնտեսությունը։ Կառավարության նախաձեռնած տնտեսական միջոցառումները հեռու են բավարար լինելուց։ Դրանք ավելի շատ ուղղված են բանկային համակարգի կայունության պահպանմանը, քան տնտեսության վերականգնմանը։

Այսօր ամենալավ տարբերակը չէ տնտեսությանը նոր վարկային բեռով ծանրաբեռնելը։ Հատկապես, որ հայտնի չէ, թե երբ հնարավոր կլինի դուրս գալ այս ճգնաժամային իրավիճակից։

2 ամիս է, ինչ խոսվում է տնտեսությանն ուղղվող 80 մլրդ դրամանոց փաթեթի մասին։ Կարևոր չէ, որ դա այն գումարը չէ, ինչը կարող է փրկություն լինել տնտեսության համար, բայց անգամ դա կառավարությունը չի կարողանում վերածել գործող ծրագրերի։ Թե ո՞ւմ են սպասում, ինչի՞ են սպասում, հայտնի չէ։ Ոչ մեկը չի գալու կառավարության փոխարեն ծրագրեր իրականացնի, այն էլ՝ առկա բազմաթիվ անորոշությունների պայմաններում։ Կառավարությունն ինքը պետք է նախաձեռնություն ցուցաբերի։ Երբեմն-երբեմն ինչ-որ պետական-մասնավոր համագործակցության մասին է խոսվում, բայց մեկնարկն այդպես էլ չի երևում։

Նույնիսկ պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը չեն կարողանում պատշաճ իրականացնել։ Ոչ մի հույս չկա, որ այս տարի դրանք չեն թերակատարվի այնպես, ինչպես նախորդ 2 տարիներին։ Աշխատանքի այն տեմպերը, որոնք կան կառավարության գործողություններում, ոչ մի կերպ համատեղելի չեն ճգնաժամային այն իրավիճակի հետ, որը կա մեր երկրում։

Տնտեսական ակտիվությունն ինչ-որ կերպ պահպանելու հույսով՝ անտեսելով առողջապահական խնդիրները, կառավարությունը որոշել է հանել արտակարգ դրության սահմանափակումները։

Տնտեսության վերաբացմանը կառավարությունը գնում է մի իրավիճակում, երբ համավարակը դեռևս հեռու է նահանջելու մտքից։

Իսկ դա նշանակում է, որ նոր բռնկումներ կարող են տեղի ունենալ ամեն պահի՝ անկանխատեսելի հետևանքներ թողնելով՝ ինչպես մարդկանց առողջության, այնպես էլ՝ տնտեսության վրա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ