28 04 2020

Քննիչն ու դատախազը փաստացի խուսափել են դատարան ներկայանալուց. փաստաբան․ 168.am

Քննիչն ու դատախազը փաստացի խուսափել են դատարան ներկայանալուց. փաստաբան․ 168.am

168.am-ը գրում է․ «Վերաքննիչ քրեական դատարանում այսօր նշանակված էր ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ կիրառված խափանման միջոց կալանավորման դեմ Գևորգյանի փաստաբան Հրանտ Անանյանի ներկայացրած բողոքի քննությունը: Սակայն դատական նիստ տեղի չի ունեցել քննիչի և դատախազի բացակայության պատճառով:

«Քննիչին ու դատախազին ծանուցագրեր ուղարկվել էին, հետադարձ ծանուցումներ չէին եկել և նրանք նիստին չէին ներկայացել: Դատախազը նույնիսկ չէր պատասխանել դատավորի աշխատակազմի զանգերին»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Հրանտ Անանյանը:

Փաստաբանի փոխանցմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանը նիստը հետաձգել է քննիչի և դատախազի ծանուցումն ապահովելու համար:

«Այս ընթացակարգի անգամ կեսը չէին ապահովել քննիչը և Առաջին ատյանի դատարանը Արթուր Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու ժամանակ: Եթե առաջնորդվենք նախաքննության մարմնի և Առաջին ատյանի դատարանի տրամաբանությամբ՝ քննիչն ու դատախազը փաստացի խուսափել են դատարան ներկայանալուց»,- ասաց Հրանտ Անանյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին դատախազությունը հայտարարություն տարածեց, որի համաձայն՝ Արթուր Գևորգյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել հայտարարման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար: Ա. Գևորգյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր քննիչի՝ Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը:

Հաջորդ օրը՝ ապրիլի 10-ին, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը, որն այժմ գտնվում է ԱՄՆ-ում, ֆեյսբուքյան իր էջով հայտարարել էր, որ իրեն որպես մեղադրյալ ներգրավելու և իր նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին իմացել է մամուլից ու հայտնել էր նաև, որ ինքը ոչ մի անգամ վարույթն իրականացնող մարմնից ծանուցում չի ստացել:

Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում փաստաբան Հրանտ Անանյանը ևս պնդել էր, որ Արթուր Գևորգյանն այս ընթացքում ոչ մի անգամ չի ծանուցվել ո՛չ Հայաստանի իր հասցեով, որտեղ ապրում է նաև Ա. Գևորգյանի մայրը, ո՛չ ամերիկյան իր հասցեով:

«Պատշաճ փաստաթղթեր չեն եղել, որ Արթուր Գևորգյանին մեկը ծանուցած լինի: Կա ինչ-որ թուղթ, որ քննիչը ծանուցագիր է ուղարկել, բայց չկա անգամ փոստի կտրոնը, որ այն հանձնվել է փոստին: Չկա փոստի կողմից պատասխան, որ՝ գնացինք, դուռը բացող չեղավ, կամ մեկը հրաժարվեց ստանալուց: Ամերիկայի թղթերն ասում են, որ ինքն ունի առանձնատուն, բնակության հասցեն մատնանշված է Գլենդելի իր առանձնատան հասցեն: Ի՞նչ ողջամտությամբ նախաքննության մարմինն իրեն ազատել է պարտականությունից՝ ծանուցում չուղարկել Գլենդելի հասցեով, որտեղ ինքը ողջամտորեն, առերևույթ կարող էր բնակվել: Եթե Գևորգյանը Հայաստանում չէ, Ամերիկայում է, և ունեն ԱՄՆ-ում ձեռք բերված առանձնատան հասցեն, ինչո՞ւ ողջամտությամբ ծանուցում չեն ուղարկում այդ հասցեով»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ օրենքը չի սահմանազատում, որ ծանուցագիրը պետք է ուղարկել միայն ՀՀ տարածքում առկա հասցեով:

Փաստաբանի գնահատմամբ՝ քննիչը որևէ քայլ չի կատարել անձի նկատմամբ քրեական գործ հարուցելու, մեղադրանք առաջադրելու վերաբերյալ օրենքով սահմանված կարգով, օրինական փաստաթղթով նրան ծանուցելու ուղղությամբ, իսկ Առաջին ատյանի դատարանն էլ մեխանիկական մոտեցում է ցուցաբերել և իներցիայով կալանավորման մասին որոշում է կայացրել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ