168.am-ը գրում է․ «Վիճակագրական կոմիտեն հրապարակել է կորոնավիրուսի ներթափանցման առաջին տնտեսական ցուցանիշները։ Դրանք, իհարկե, հեռու են լիարժեք բնութագրելու համավարակից հետո Հայաստանի տնտեսության մեջ ստեղծված իրավիճակը։ Բայց այն, ինչ կա, բավական է հետագա կորուստների վերաբերյալ նախնական պատկերացում կազմելու համար։
Մեր երկիրը կորոնավիրուսի հարվածին բախվեց հիմնականում մարտի երկրորդ կեսից, երբ իր անփութության հետևանքով կառավարությունը ստիպված եղավ արտակարգ դրություն հայտարարել՝ դադարեցնելով տնտեսական գրեթե բոլոր տեսակների գործունեությունը։ Մինչ այդ, տնտեսությունը՝ լավ թե վատ, դեռ «շնչում» էր։ Ու դա կարող էր շատ ավելի երկար տևել, եթե ժամանակին իշխանություններն իրենց տեղում լինեին։ Չէին լինի նաև համավարակի այսօրվա տեմպերը։
Փոխարենը կանխարգելիչ քայլեր անելու՝ փողոցներում «Այո» էին քարոզում։ Հետևանքը եղավ այն, որ Հայաստանի տնտեսությունն ու հասարակությունը շատ ավելի վաղ հարված ստացավ կորոնավիրուսից, քան կարող էր ստանալ։
Այնպես որ, ազդեցությունները հետագայում են երևալու։ Սրանք դեռ առաջին ծիծեռնակներն են։
Վիճակագրական կոմիտեի օպերատիվ տվյալներով՝ մարտին Հայաստանի տնտեսությունը կրել է համավարակի առաջին հարվածը։ Տնտեսությունը մտել է դեպրեսիայի փուլ։ Տարեսկզբի առաջին 2 ամիսների բարձր աճերից հետո, մարտին ամենուրեք անկում է գրանցվել։ Տնտեսական ակտիվությունը կրճատվել է՝ ինչպես փետրվարի, այնպես էլ՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ։
Տնտեսական ակտիվությունը 2019թ. մարտի համեմատ՝ նվազել է 4,9 տոկոսով։ Դադարել է աճել արդյունաբերությունը։ Անկումը կազմել է 1,9 տոկոս։
Փլվել է շինարարության ոլորտը։ Նախորդ տարվա համեմատ՝ արձանագրվել է 26,2 տոկոս անկում։ Առևտրի շրջանառությունը կրճատվել է՝ գրեթե 10, ծառայությունների ծավալը՝ 4,8 տոկոսով։ Նվազել է էլեկտրաէներգիայի արտադրությունը։
Կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին առևտրի ոլորտում։ Արտաքին առևտրի շրջանառությունը մարտին կրճատվել է 16 տոկոսով։ Այդ թվում՝ նվազել է թե՛ արտահանումը, և թե՛ ներմուծումը։ Արտաքին շուկաներ հայկական ապրանքների մատակարարումները պակասել են 17,4 տոկոսով։ Ներմուծումը կրճատվել է 15,3 տոկոսով։
Միակ ոլորտը, որտեղ ցուցանիշներն աճել են, այն էլ՝ բավական կտրուկ՝ աշխատավարձերն են։ Այնպիսի տպավորություն է, որ համավարակի շեմին բոլորը համատարած բարձրացրել են աշխատավարձերը։ Ընդ որում, ոչ միայն պետական, այլև մասնավոր հատվածում։
Մարտին պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է միջին աշխատավարձի 8,6 տոկոս աճ։ Ինչպես նախկինում, աճն ավելի բարձր է եղել պետական համակարգում. նախորդ տարվա համեմատ՝ աշխատավարձերի ավելացումը հասել է 9,4 տոկոսի։
Հասկանալի է, որ դա տեղի է ունեցել հիմնականում պարգևավճարների հաշվին։ Չնայած համավարակի տնտեսական ու հատկապես սոցիալական հետևանքներին, երբ բազմաթիվ քաղաքացիներ կորցրել կամ կանգնած են իրենց եկամուտները կորցնելու վտանգի առաջ, պետական պաշտոնյաները հակված չեն հրաժարվել իրենց ամենամսյա պարգևավճարներից։ Այսօր էլ նրանք, որպես աշխատավարձի հավելում, շարունակում են մեծ գումարներ ստանալ պետական բյուջեից։ Մինչդեռ, սոցիալական բազմաթիվ խմբեր, այդ թվում՝ կենսաթոշակառուները, ստիպված են յոլա գնալ իրենց մի քանի հազար դրամով։
Մասնավոր հատվածում աշխատավարձերի աճը 1 տարվա կտրվածքով կազմել է 7,2 տոկոս։ Տարօրինակ է, բայց Վիճակագրական կոմիտեն տնտեսության մեջ մարտին աշխատավարձերի զգալի աճ է գրանցել նաև նախորդ ամսվա համեմատ։ Դրանք ավելացել են 4,1 տոկոսով։
Թե ինչի՞ հաշվին է տնտեսությունը նման առատաձեռնություն ցուցաբերել, պարզ չէ։ Հատկապես որ, այդ ժամանակ համաշխարհային տնտեսությունն արդեն մտել էր կորոնավիրուսի ազդեցությունների տակ, ցնցվում էին տարբեր երկրների տնտեսություններն ու միջազգային շուկաները։
Այլ բան, եթե դա վիճակագրական հերթական խեղաթյուրումը չէ։ Հատկապես որ, աշխատավարձերի վերաբերյալ հրապարակվող տվյալներն ամեն ամիս ճշգրտվում են։ Կասկած չկա, որ նույնը տեղի կունենա նաև այս անգամ։ Դրանք կճշգրտվեն աճի՞, թե՞ նվազման ուղղությամբ, կանդրադառնանք ապրիլի ցուցանիշների հրապարակման ժամանակ։ Թեև տնտեսական այս իրավիճակում դա այնքան էլ էական չէ։
Մարտին տեղի ունեցած դրսևորումները վկայում են, որ համավարակը կոտրել է Հայաստանի տնտեսության աճի մեջքը։ Եռամսյակի տվյալներով՝ ակտիվությունը դեռևս պահպանվել է, բայց տեմպը տարեսկզբի 2 ամիսների համեմատ՝ ավելի քան կրկնակի կրճատվել է։ Եթե հունվար-փետրվարին այն հասնում էր 8,7 տոկոսի, ապա արդեն առաջին եռամսյակի տվյալներով՝ կազմել է ընդամենը 4 տոկոս՝ ներառած նաև գյուղատնտեսությունը։
Համավարակի պայմաններում գյուղատնտեսությունը, պարզվում է, լավ էլ առաջընթաց է գրանցել։ Ոչ միայն դադարել է նախորդ տարվա անկումը, այլև արտադրության ծավալները նույնիսկ 4,5 տոկոսով աճել են։
Հավանաբար տեղին է հիշեցնել, որ վարչապետը դեռ տարին չմեկնարկած՝ հայտարարեց գյուղատնտեսությունն անկումից հանելու մտադրությունների մասին։ Եվ ահա արդյունքը։ Գյուղատնտեսությունն աճել է և, ըստ էության կշարունակի աճել նաև առաջիկայում։ Կորոնավիրուսի պայմաններում, երբ տնտեսության բազմաթիվ ճյուղերում դեռ հայտնի չէ, թե ինչ է սպասվում, կառավարությունը մեծ հույսեր է կապում գյուղատնտեսության հետ։ Ի վերջո, դա այն ոլորտն է, որտեղ ցուցանիշները շատ դեպքերում աչքաչափով են ձևավորվում։
Ինչևէ, ահա այսպիսին են եղել Հայաստանի տնտեսական ցուցանիշները մարտին։ Ակնհայտ է, որ ապրիլին իրավիճակը ավելի է վատացել։ Թե ինչ է սպասվում հետագա ամիսներին, ցույց կտա ժամանակը։ Բայց մեծ ակնկալիքներ չկան։
Պատահական չէ, որ Հայաստանի տնտեսության աճի վերաբերյալ արտաքին ու ներքին կառույցների կանխատեսումները գնալով ավելի ու ավելի վատատեսական են դառնում։ Այս պահին կան տարբեր գնահատականներ. իշխող տեսակետն այն է, որ անկումից խուսափել չի հաջողվի։
Առայժմ կանխատեսումները հիմնականում 1,5-2 տոկոսի սահմաններում են։ Կան նաև խիստ հոռետեսական գնահատականներ, բայց բավարարվենք դրանով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը