«Գոլոս Արմենիի»-ն գրում է․ «Կորոնավիրուսի համավարակն անդրադարձավ մեր կյանքի բոլոր ոլորտների վրա։ Բացառություն չդարձավ նաև քրեակատարողական համակարգը, որտեղ պահվում են դատապարտյալները, ինչպես նաև նրանք, ում նկատմամբ դատավճիռ դեռևս չի կայացվել։ Ընդհանուր առմամբ նրանք 2262-ն են, խաթարված առողջությամբ մարդիկ, որոնք պահվում են, մեղմ ասած, եվրոպական չափանիշներից շատ հեռու պայմաններում։ Միանգամայն ակնհայտ է. եթե մեկը հիվանդանա, կվարակի ամբողջ հարկին։ Եվ այնուհետ՝ շղթայական ռեակցիայով։
ԻՆՉՊԵՍ ՕՐԵՐՍ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՎ, Թուրքիայի խորհրդարանն օրենք է ընդունել. կորոնավիրուսի պատճառով բանտերից ազատ կարձակվեն տասնյակ հազարավոր բանտարկյալներ՝ քրեակատարողական հիմնարկներում ծանրաբեռնվածությունը թուլացնելու և կալանավորների առողջությունը պաշտպանելու նպատակով: Համաձայն օրենքի՝ մինչև մայիսի վերջ ժամանակավորապես ազատ կարձակեն մոտ 45 հազար կալանավորների, իսկ Արդարադատության նախարարությունն իրավունք կստանա երկարաձգել բանտարկյալների ազատության ժամկետը երկու անգամ՝ երկու ամիս առավելագույն ժամկետով:
Նման պրակտիկան այսօրվա պայմաններում նորություն չէ։ Իրանի բանտերից ազատ է արձակվել ավելի քան 80 000 բանտարկյալ։ Այդ երկրի օրինակին են հետևել Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը և այլն: Այժմ իրավիճակի լրջությունը գիտակցել է նաև Թուրքիան. ի դեպ, այն երկիրը, որը ոչ միայն հեռու է ազատականությունից, այլև հակառակը՝ հայտնի է բանտարկյալների նկատմամբ իր դաժանությամբ:
Իսկ Հայաստա՞նը։ Չէ՞ որ, ինչպես հայտնի է, կորոնավիրուսը ներթափանցել է նաև մեր քրեակատարողական համակարգ, «Վարդաշեն» ՔԿՀ-ի պահպանության բաժնի մի քանի աշխատակիցներ հիվանդ են, տասնյակ մարդիկ մեկուսացված են։ Իսկ թե ինչ արագությամբ է տարածվում վարակումը լրջագույն բարդությունների հանգեցնող այդ չարաբաստիկ վիրուսով, մենք տեսնում ենք սեփական աչքով։
Ցավոք, մեր երկրի իշխանություններն առաջվա պես խուլ են տեղի ունեցող ամենի նկատմամբ։ Մեզ մոտ ոչ ոք բանտից դուրս չի եկել՝ կապված կորոնավիրուսի հետ։ Արդարադատության նախարարը մի քանի օր առաջ ձևական հայտարարություն արեց՝ կոչ անելով խուսափել կալանավորումից, հնարավորինս փոխարինելով դա այլընտրանքային խափանման միջոցով, ինչը որոշ դատավորներ, ի պատիվ իրենց, առանց նրա կոչերի էլ արել են։ Իսկ մնացած առումներով՝ ոչ մի գործուն միջոց չի իրականացվում ճաղերի հետևում գտնվող մարդկանց պաշտպանելու համար։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ապշեցնում է իր անպատասխանատվությամբ ։ Այսպես, ապրիլի 13-ին Արցախի հերոս, նախկին փոխնախարար և պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն տարածեց, հայտնելով, որ գեներալի վիճակը կտրուկ վատացել է և նա ծայրահեղ ծանր վիճակում է։
Փաստաբանի խոսքերով՝ բժիշկ, պրոֆեսոր Ն.Ավետյանը համարում է, որ Հայաստանում բժշկությունը գործադրել է բոլոր ջանքերը՝ հիվանդ գեներալին օգնելու համար, բայց սարքավորումների բացակայության պատճառով վերջինս կարող է մահանալ: Ավելին, չնայած աշխարհում, այդ թվում նաև Ֆրանսիայում մոլեգնում է կորոնավիրուսային համաճարակը, այդուհանդերձ Ֆրանսիայի այն հիվանդանոցը, որտեղ ժամանակին բուժվել և վիրահատվել է Մանվել Գրիգորյանը, ծանոթանալով նրա հիվանդության պատմությանը, գրություն է ուղարկել, որ հիվանդին պետք է շտապ տեղափոխել իրենց կլինիկա:
«Ի՞նչ արեց առողջապահության նախարարը։ Նախարարն ասում է, քանի որ գործը դատարանում է, ես ոչ մի որոշում չեմ տա, դիմեք դատարան: Ի՞նչ է ասում դատարանը, ասում է դատարանն առողջապահության հարցերով չի զբաղվում, դատարանը նախարարությանը գրություն չի տա»...- ասվում է հայտարարության մեջ ։
Փակ շրջան՝ իր հրեշավոր դաժանությամբ սարսափեցնող ցավալիորեն ծանոթ պատկեր։ Մեկուկես տարի շարունակ Մ.Գրիգորյանի փաստաբանները դատական բոլոր ատյաններում միջնորդում են փոխել գեներալի խափանման միջոցը, քանի որ նա լուրջ հիվանդ է, նրա մոտ ծայրահեղ ծանր շաքարախտ է, օնկոլոգիայի ծանր ձև և բանտախցում գտնվելու հետ անհամատեղելի մի շարք հիվանդություններ, բայց նրանց չեն լսում: Դատավորները, ասես հրամանով, ամեն անգամ մերժում են բժշկական էպիկրիզներով հաստատված միջնորդությունները։ Դատավորներ Մարինե Մելքոնյանը, Արսեն Նիկողոսյանը՝ մինչդատական վարույթում, իսկ այնուհետ դատավարությանը նախագահող Մնացական Մարտիրոսյանը դաժան ու անհողդողդ են: Պետք է նստի, և վե՛րջ։
Միայն այն բանից հետո, երբ դատախազությունը հանդես եկավ գեներալի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ, Մ.Մարտիրոսյանի «աչքերը բացվեցին» և անհապաղ որոշում կայացրեց նրան կալանքից ազատելու մասին: Թե ինչով էր թելադրված դատախազների միջնորդությունը՝ ակնհայտ է. որպեսզի գեներալը, որի կյանքն այդ պահին մազից էր կախված, չմահանա ճաղերի հետևում։ Թե մի բան լինելու է, թող ազատության մեջ պատահի, դատաիրավական մարմինների պատասխանատվությունից հեռու։
ԻՐԱԿԱՆՈՒՄ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴ ՄԱՐԴՈՒՆ ճաղերի հետևում պահելը դժվար թե առանձնակի հաճույք է պատճառում դատավորներին, քննիչներին կամ դատախազներին։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նրանց այդօրինակ պահվածքը բացատրվում է իշխանությունների վերաբերմունքով, որը նրանք, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը, բազմիցս հրապարակավ հնչեցրել են, կանխավ արձակելով խիստ դատավճիռ։ Քիչ կգտնվեն դատավորներ, որոնք կհամարձակվեն բանտից ազատ արձակել մարդուն, երբ «ժողովրդական» վարչապետը, դեռ մինչ նրան բանտ նստեցնելը, հրապարակավ հայտարարում է հանցագործ ու դիակապտիչ։ Բարձրագույն դատավճիռը կայացվել է հետաքննության սկսվելուց դեռ շատ առաջ. ո՞վ կհանդգնի լսել «մերժյալի» փաստարկները: Հաստատ ոչ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ենթակաները և ոչ էլ դատավոր Մնացական Մարտիրոսյանը...
Այսօր պատմությունը կրկնվում է։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ի լուր ամենքի ահազանգում են. առողջական խնդիրներ ունեցող 66-ամյա երկրորդ նախագահը, որը բժիշկների եզրակացությամբ պետք է գտնվի բժշկական հսկողության տակ, պահվում է բանտում։ Այն դեպքում, երբ նա պատկանում է ռիսկի խմբին, ինչի մասին աշխարհի բոլոր հարթակներում ահազանգում ու շեփորում են բժիշկներն ու իրավական կառույցները՝ պահանջելով խափանման միջոցի փոփոխում։ Այդ մարդկանց բանտերից ազատում են առաջին հերթին՝ կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար։ Ավելին, Ռ.Քոչարյանը դատապարտյալ չէ, նրա նկատմամբ դատավճիռ չի կայացվել։ Արդեն մեկ ամիս է, ինչ նիստեր չեն անցկացվում, դատավորն ակնհայտորեն ձգձգում է գործընթացը, Երևանի քաղաքային դատարանի նախագահն անհիմն կերպով հրաժարվում է փոխանցել գործը մեկ այլ դատավորի, և ի՞նչ է ստացվում արդյունքում: Իշխանությունը չի կարող չհասկանալ բոլոր ռիսկերը, որոնց բանտում ենթարկվում են Ռոբերտ Քոչարյանի կյանքն ու առողջությունը, բայց գիտակցաբար պահում է նրան այնպիսի պայմաններում, որոնք կարող են հանգեցնել ողբերգության։
«Ո՞ՒՄ Է ՀԱՐԿԱՎՈՐ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ՊԱՀԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ։
Դատախազներին, դատավորներին, թե՞ գուցե անձամբ Աննա Դանիբեկյանին։ Իհարկե՝ ոչ։ Դա հարկավոր է Նիկոլ Փաշինյանին, միմիայն նրան,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը «ԳԱ»-ի դատական մեկնաբանի հետ հեռախոսազրույցում և շարունակեց.- Կասկած չունեմ, որ եթե չլիներ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու Նիկոլ Փաշինյանի անթաքույց ցանկությունը, ապա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, նրա կողմից նշանակված մեղադրողներ Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը իրենք միջնորդություն կներկայացնեին երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
Մանավանդ որ քրեական գործը բացարձակապես ոչ մի հիմք չի տալիս ենթադրելու, թե լինելով ազատության մեջ, նա կարող է խոչընդոտել դատարանում գործի քննությանը (քննմանը)՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա ապօրինի ազդեցություն գործելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով։ Այդպիսի հիմքեր չեն եղել նախաքննության ժամանակ, չկան նաև հիմա։ Այդ մասին գիտեն բոլորը, անխտիր բոլոր քննիչները, դատավորներն ու երկրորդ նախագահի կալանավորմանն առնչություն ունեցող բոլոր դատախազները: Եթե նրանք թեկուզ մեկ հիմք ունենային, ապա դա արտացոլված կլիներ քննության, դատախազների և դատավորների համապատասխան որոշումներում։ Փոխարենը՝ դատավարական փաստաթղթերում առկա են միայն, ինչպես գրում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներն ու կրկնում ողջ աշխարհի հազարավոր իրավաբաններ, «վերացական դատողություններ»։ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով որոշում կայացրած 17 դատավորներից միայն երեքը դեմ չեն գնացել օրենքի և սեփական խղճի պահանջներին։ Մնացած 14-ը...»:
Դժվար է չհամաձայնել երկրորդ նախագահի փաստաբանների փաստարկներին, որոնք հայտարարում են, որ Ռոբերտ Քոչարյանը ճաղերի հետևում է Նիկոլ Փաշինյանի օգոստափառ կամքի պատճառով։ Ի՞նչ է սա, եթե ոչ երկրորդ նախագահի իրավունքների ոտնահարում, իսկ այսօրվա պայմաններում սա նշանակում է նաև միտումնավոր կերպով հասցնել մարդուն անդառնալի հետևանքների։ Եվ եթե Ռ.Քոչարյանին ինչ-որ բան պատահի, ապա պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է լինելու ՀՀ ներկայիս իշխանությունների՝ առաջին դեմքերի վրա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը