13 04 2020

Նկատողություն դատավորին․ շուրջ երկու տարի առանց նիստի․ «Ժողովուրդ»

Նկատողություն դատավորին․ շուրջ երկու տարի առանց նիստի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ապրիլի 2-ին Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, որոշել էր արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարել, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին հայտարարել խիստ նկատողություն: Իսկ ինչո՞ւ է դատավոր Նաիրա Մխիթարյանը հայտնվել արդարադատության նախարարի տեսադաշտում եւ ԲԴԽ-ի կողմից խիստ նկատողություն ստացել:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատավոր Նաիրա Մխիթարյանը մի քաղաքացիական գործով շուրջ 2 տարի նիստ չի հրավիրել: Ասել է թե՝ գործը գցել է մի կողմ եւ նիստ չի իրականացրել, իսկ, ահա, ավելի ուշ, ըստ էության, իր անգործությունը թաքցնելու համար կեղծիքի է դիմել եւ ձեւականորեն ներկայացրել է, թե նիստեր է հիավիրել, որոնք հետաձգվել են տարբեր պատճառներով: Եվ, ահա, այս հանգամանքը չի վիրպել ո՛չ արդարադատության նախարարի եւ ո՛չ է ԲԴԽ-ի աչքից, եւ վերջիններս դատավորին այս արարքի համար խիստ նկատողություն են տվել:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մաիրա Մխիթարյանի հետ: Նա պարզաբանեց. «Ես Բարձրագույն դատական խորհրդի որոշումը դեռ չեմ ստացել, այն տեղեկատվությունը, ինչ Դուք ստացել եք, դրա մասին ես ոչինչ հայտնել չեմ կարող: ԲԴԽ-ի որոշումը ստանալուց հետո նոր կարող եմ որոշակի բաներ Ձեզ հայտնել: Ես չգիտեմ՝ իրենք ինչ են գտել, որ ես թույլ եմ տվել խախտում, որոշումը կստանամ, նոր պարզ կլինի՝ ես խախտում թույլ տվել եմ, թե ոչ: Ամեն դեպքում, դատական խորհրդի նիստի ժամանակ ես առարկություններ եմ ներկայացրած եղել եւ այդ առարկությունները փորձել եմ հիմնավորել»:

Ստացվում է` դատավորի ներկայացրած հիմնավորումները համոզիչ չեն եղել:Նա նիստեր չի հրավիրել ու հետագայում ձեւական փաստաթղթեր է սարքել, թե նիստեր կայացել են ու հետաձգվել տարբեր պատճառներով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ