10 04 2020

Իշխանական խաղերը չեն հանդուրժում․ Սիսիանում ակցիաներ կանեն․ «Հրապարակ»

Իշխանական խաղերը չեն հանդուրժում․ Սիսիանում ակցիաներ կանեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սիսիանում երեկ տեղի ունեցած ծեծի պատճառով՝ կրքերը չեն հանդարտվում. սիսիանցիները վճռական են տրամադրված եւ չեն հանդուժում իշխանական խաղերը՝ պատրաստվելով բողոքի ակցիաներ անել` ընդդեմ ՀՀ Սիսիանի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի: 

Սիսիանցիները ոչ միայն չեն ներում ԺՊ-ի կողմից 70-ամյա տարեց քաղաքացուն ծեծելու հանգամանքը, այլ նաեւ այն, որ իշխանական քարոզչամեքենան լծվել է նրա մերժելի արարքն արդարացնելու գործին: Մուրադյանին արդարացնելու գործին են լծվել նաեւ Սիսիանի ՔՊ-ականները, սոցցանցերում փորձելով արդարացնել կատարվածը, թեեւ որեւէ արդարացում չի կարող ունենալ 70-ամյա տարեց մարդու վրա ձեռք բարձրացնելը: 

Նաեւ փորձում են մեղադրել միջադեպի մասնակիցներին՝ իբր վերջիններս «տեւական ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է ոստիկանության ծառայողների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ քաշքշելով եւ մարմնի տարբեր հատվածներին հարվածներ հասցնելով, հայհոյելով, երթեւեկությունը խոչընդոտելով»։ Մինչդեռ ականատեսները վկայում են, որ Գարիկ Մուրադյանը ոստիկանության դիմաց հավաքված սիսիանցիներին ամենավերջին հայհոյանքներն է հասցրել, ասելով՝ «Ավտոմատը բերեք, սրանց սաղին գնդակահարելու եմ»:

Նմանօրինակ միջադեպ ԺՊ-ի մասնակցությամբ առաջին անգամ չէ արձանագրվում, այդ մասին սիսիանցիները նախկինում ահազանգել են, սակայն քանի որ Մուրադյանը ՀՀ ոստիկանապետի կադրն է, ինչի մասին ԺՊ-ն հաճախ է բարձրաձայնում, այդ ահազանգերը համարժեք գնահատականի չեն արժանացել եւ ոստիկանապետի հովանավորյալը սկսել է անցնել թույլատրելի սահմանները: 

Հիշեցնենք, որ ծեծվողները Սիսիանի բնակիչներ՝ Մայիս, Մարտին եւ Արմեն Հարությունյաններն են: Մարտին Հարությունյանը Սիսիանի ավագանու անդամ է: Տուժածների եղբայրը՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Ներսես աբեղա Հարությունյանը Aravot.am-ին պատմել էր, որ իր եղբայրները միասին դրսում են եղել, նրանց մոտեցել են 2 ոստիկան, պահանջել պարետի ձեւաթուղթը, նրանք ցույց են տվել, ոստիկաններն ասել են՝ ազատ եք. «5 րոպե չի անցել ոստիկանները նրանց հետեւից գնացել են ու նորից նույն թուղթն են պահանջել, եղբայրներս ըմբոստացել են, թե 5 վայրկյանը մեկ պետք է կանգնեցնեք ու թուղթ պահանջեք, լեզվակռիվ է սկսել իրենց միջեւ, հետո բաժանվել են, եղբայրս հորեղբորս որդու հետ գնացել են եղբորս աշխատանքի վայր, որտեղ նաեւ հայրս է եղել:

Այնուհետեւ երկու ոստիկան են եկել ու ասել, որ Ոստիկանապետի ԺՊ-ն ուզում է խոսել եղբորս հետ․․․ 2 մեքենայով ոստիկաններ են եկել, ոստիկանապետի պաշտոնակատարը իջել է մեքենայից, հարցրել՝ ով է Մարտինը եւ ծնողներին ուղղված սեռական բնույթի հայհոյանքներով հարձակվել է եղբորս վրա ու սկսել խփել, հայրս ասել է՝ ի՞նչ ես անում, նոր է վիրահատված, ոստիկանապետը շրջվել է ու նույն հայհոյանքներով դիմել հորս ու հարվածել, հայրս էլ իրեն է հայհոյել, ոստիկանապետի պաշտոնակատարը խփել է հորս, դեմ տվել պատին․․․»-պատմել է Ներսես աբեղա Հարությունյանը: 

Սիսիանում պլանավորում են ակցիաներ կազմակերպել, սակայն այս պահին դեռ ոչինչ չեն ձեռնարկում, քանի որ առայժմ ականատեսները ոստիկանություն են գնում՝ բացատրություններ տալու: Սիսիանի մեր աղբյուրի փոխանցմամբ, Սիսիանի համայնքապետը եւս ոստիկանություն է գնացել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ