«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի երեկվա նիստը, որտեղ քննարկվել է Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 16-ի նիստին ներկայանալու հարցը, շատ երկար չի տեւել: Ներկա չեն եղել Սիփան Փաշինյանն ու Արեն Մկրտչյանը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարդացել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի նամակը, ապա` իրենց պատասխանը նամակին, հարցրել է` համաձա՞յն եք այսպես պատասխանելուն, ասել են` «նորմալ է, բայց կարելի է գեղարվեստականությունը մի կողմ դնել»:
«Գեղարվեստը» վերաբերել է ՀՀԿ-ից ստացված նամակի այն հատվածին, ուր նշվել է, որ «հրավերը մերժելու գրավոր հիմնավորումներ ներկայացնելու խնդրանքը չի բխում Սահմանադրությամբ եւ օրենքներով հանձնաժողովին վերապահված լիազորությունների շրջանակից, ուստի առաջարկվում է հիշյալ պաշտոնատար անձին (Անդրանիկ Քոչարյանին) այսուհետ գործել բացառապես իր լիազորությունների սահմաններում»:
Հանձնաժողովի նախագահը պատասխանել է այդ հատվածին երկար-բարակ ձեւակերպումներով, հանձնաժողովականներն առաջարկել են ավելի կարճ-կոնկրետ պատասխանել։ Գրել, որ համաձայն են նիստից առաջ անցնել կորոնավիրուսի թեստ եւ նիստի ձայնագրությունը տրամադրել երրորդ նախագահին:
Ի դեպ, հանձնաժողովականներին ասվել է նաեւ` մտածեք, թե ինչ հարցեր եք տալու Սերժ Սարգսյանին, ներկայացրեք` տեսնենք: Իսկ հանձնաժողովի որոշ անդամներ մտմտում են` ներկա լինե՞լ նիստին, թե՞ ոչ: Մինչդեռ, ստանալով պատասխանը, ՀՀԿ-ում որոշել են, որ տարբեր ընթացակարգերին ու պսեւդո իրավական հիմքերին կատարված հղումները հող են պատրաստում, որ հետագայում մերժեն ձայնագրության տրամադրումը։ Նրանք պահանջում են հստակ ասել՝ այո կամ ոչ»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը