08 04 2020

Վարչապետը երկրին չի լսում․ «Գոլոս Արմենիի»

Վարչապետը երկրին չի լսում․ «Գոլոս Արմենիի»

Գոլոս Արմենիի-ն գրում է․ «Ս.թ. ապրիլի 6-ին Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ բնակչությանն ընծայեց անգին շփումն իր անձի հետ, ինչը տևեց 3,5 ժամ։ Անմիջապես նշենք, որ Ֆեյսբուքում նրան սուր հարցեր տալը գործնականում անիմաստ էր, քանի որ վարչապետը, ակնհայտորեն լինելով ոչ լավագույն «մարզավիճակում», պարզապես բառախեղդ էր անում, իսկ երբեմն էլ բառացիորեն «հազախեղդ» անում քաղաքացիների բարձրացրած սուր հարցերը։

ՏՀԱՃՈՐԵՆ ԱՊՇԵՑՐԵՑ ՆԱԵՎ ԱՅՆ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ, որ քաղաքակրթական խնդիրների ու կանցաղային կուլտուրայի մասին դատողություններ անել սիրող վարչապետը երեկ ուղիղ եթերում մի 10 անգամ քիթը մաքրեց իր սվիտերի թևքով, և միայն մեկ անգամ դրա համար օգտվեց թաշկինակից։ Մտաբերում եմ, թե ինչպես էր «ժողովուրդը» ծաղրում նախորդ վարչապետ Կարեն Կարապետյանի զգեստապահարանի պարտադիր «ինտելիգենտական» ատրիբուտը՝ նրա ժիլետները. և ահա հիմա ստացել են կառավարության մի ղեկավար, որը քթարտադրությունից հրապարակավ ազատվում է ինչպես տրակտորիստը դաշտում։ Ինչպես ասում են, դրանից էլ մոտ լինել «ժողովրդին» արդեն անհնար է։ Բայց սա այնպես, խոսքի հետ…

Վանաձորի բնակիչները (և ոչ միայն) նրան հարցնում են գների ահավոր աճի մասին, այդ թվում՝ հացի, իսկ նա խնդրում է «ապոկալիպտիկ պնդումներ չանել» (այդուհանդերձ հաջորդ առավոտ հանձնարարում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետհանձնաժողովի ղեկավարին այդ հարցը զննել)։ Այնուհետ սկսում է թղթից կարդալ, թե նախքան ճգնաժամն ինչպես էին աճել պարենամթերքի համաշխարհային գները, իսկ Հայաստանում, բանից պարզվում է, դրանք ոչ միայն չէին աճում, այլև նույնիսկ նվազում էին։

Գյուղի բնակիչը կոնկրետ հարց է տալիս. ինչպես կատարել գյուղատնտեսական աշխատանքները, եթե առևտրային բանկերը (կոնկրետ՝ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը) այս թեժ շրջանում չարդարացված կերպով ձգձգում է վարկերի հատկացման վերաբերյալ որոշումը։ Ի պատասխան՝ վարչապետը սկսում է պատմել… գյուղատնտեսությանը հատկացնելիք վարկերի մասին, որոնց համար, իր խոսքերով, արդեն հերթեր են գոյացել։ Նրան առաջարկում են ստեղծված ծանր պայմաններում, որոշ երկրների օրինակով, գոնե չեղարկել կամ սուբսիդավորել մարտ-ապրիլի կոմունալ վճարումները, իսկ նա հաղորդում է, թե մինչև ԱԴ ռեժիմի ավարտը ոչ մեկի գազը, լույսը և ջուրը չեն անջատի։ Բայց չէ՞ որ հետո բնակչության ուսերին կկուտակվեն պարտքի անհաղթահարելի գումարներ…

ՄԵԿ ԱՅԼ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՐՑ. ես երեք երեխա ունեմ, 100 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում, բայց հասարակական տրանսպորտի չգործելու հետևանքով ողջ աշխատավարձը ծախսվելու է տաքսու վրա։ Ի՞նչ անել։ Վարչապետի պատասխանը. իսկ եթե դուք վարակվե՞ք հասարակական տրանսպորտում։ Իսկ Վերին Լարսում տիրող մղձավանջային վիճակի մասին հարցին, ինչն ընդ որում կապված չէ եղանակի հետ, Փաշինյանը պատասխանում է, որ կառավարությունը եռանդագին աշխատում է այդ խնդրի վրա, իսկ եթե չաշխատեր, ապա իրավիճակը… է՛լ ավելի վատ կլիներ։ Բայց չէ՞ որ միշտ, ցանկացած խնդրի վերաբերյալ հարցին կարելի է պատասխանել, թե կարող էր ավելի վատ լինել։ Ո՞վ է դրա աստիճանը չափողը։ Եվ որքանո՞վ են արդարացված կառավարության ղեկավարի այդօրինակ պատասխանները։

Ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը օգնության խնդրանքով չի դիմում Վրաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։ Վարչապետի կարծիքը. Հայաստանի առողջապահության նախարարությունը լիովին հաղթահարում է այդ խնդիրը։ Դուք դա լո՞ւրջ եք ասում։ Իհարկե, բոլորդ ամենագետներ եք, իսկ եթե օգնություն խնդրեք, ապա ձեր «պագոնները կընկնեն». մենք դա արդեն հասկացել ենք, բայց չէ՞ որ խոսքը մարդկային կյանքերի մասին է։ Դուք ինչ է, ձեր հավակնությունների պատա՞նդն եք դարձրել մեզ։

Եվ առհասարակ Փաշինյանը բավական վիճելի և համարձակ պնդում արեց այն մասին, թե համարյա 2 տարվա ընթացքում կառավարությունը չի կատարել ոչ մի բախտորոշ սխալ, որը կհանգեցներ անդառնալի, աղետալի հետևանքների։ Ի՜նչ եք ասում։ «Այն, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ»,-հայտնի արտահայտությունն օրինակ բերեց Փաշինյանը։ Բայց չէ՞ որ իր սխալներն արդեն իսկ սպանում են… Մի՞թե հենց կառավարությունն ու անձամբ վարչապետը չեն պատասխանատու այդ նույն Վրաստանի հետ անհամեմատելի համաճարակային թափի և դրա արդյունքում արդեն գրանցված մահերի համար։ Վարչապետի խոսքերով, ինքը մտածել է այն մասին, որ օդային չվերթներն Իտալիայից, հնարավոր է, ուշացումով փակեցին, իսկ կարանտին կարելի էր մտցնել արդեն փետրվարի 20-22-ից ։ Բայց ինչպե՞ս կարող է նա այսօր խոստովանել, որ այդ ամենը ճակատագրական սխալներ էին, եթե ինքը, ընդհուպ մինչև մարտի 11-12-ը ժողովրդի կուտակումներ հավաքելով միտինգներում, անհոգ ըմբոշխնում էր իր քարոզչական ճառերը Սյունիքում։

Շարունակենք։ Նրան հարցնում են գազի մասին, իսկ նա արդեն անգիր արած սխեմայով (երբ պատասխանելու բան չունի), ամեն ինչ գցում է նախկին իշխանության վրա, իբր՝ «նախկինում այդ հարցը միշտ քաղաքականացվել է», և, այսօր մենք իբր հնձում ենք դրա պտուղները։ Բայց մի րոպե՛, դու իշխանության ղեկին ես արդեն մոտ 2 տարի, ուրեմն լուծեի՛ր այդ հարցը զուտ տնտեսական եղանակով։ Լուծեի՛ր, այլ ոչ թե տխմար արդարացումներ փնտրեիր։

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԸ. հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկություններն արդեն գտնվում են երկարաժամկետ վարկերի բեռի տակ, իսկ կառավարությունը նրանց առաջարկում է թաղվել նոր պարտքերի մե՞ջ։ Այս հարցին էական պատասխան ընդհանրապս չհնչեց. հավանաբար 2,5 ժամում վարչապետը խիստ հոգնել էր և իսպառ դադարել էր որսալ հացերի իմաստը… Գյուղական բնակավայրից գանգատվում են, թե քաղցած նստած են, իսկ Փաշինյանը դարձյալ գյուղատնտեսական վարկեր է առաջարկում նրանց։

Վերջում վարչապետն ընդհանրապես սկսեց հակասել ինքն իրեն։ Սկզբում ասաց, որ սխալ է համարում 2018 թվականի ամռանը վարկերի գծով 12,5 մլրդ տուգանքների և տույժերի համաներումը, քանի որ այսօր այդ համաներվածները դարձյալ և՛ տուգանքներ, և՛ տույժեր են հավաքել։ Ու տեղնուտեղն էլ հայտնեց, թե կառավարությունը նոր օրինագիծ է նախապատրաստում… տուգանքներն ու տույժերը ներելու մասին։ Ի դեպ, քրեական համաներումը նույնպես վարչապետն այսօր համարում է «անարդյունավետ գործիք», քանի որ ազատ արձակվածերի մեծամասնությունը նորից դիմել է հանցագործությունների…

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ