«Հրապարակ»-ը գրում է․ «Էկոնոմիկայի նախարարությունն այս օրերին բիզնեսին օժանդակելու նպատակով հարցաշար է ուղարկում տնտեսվարողներին, որպեսզի նրանք լրացնեն, թե ինչ խնդիրներ ունեն և ինչի կարիք ունեն: Սա անում են, որպեսզի կողմնորոշվեն, թե ինչպես օգնեն բիզնեսին: Հարցաշարի վերջում կա նաև առանձին տող, որտեղ տնտեսվարողը կարող է նշված հարցերից դուրս իր առանձին առաջարկությունն ու ակնկալիքը ներկայացնի, թե ինչով կցանկանար, որ կառավարությունն աջակցեր իրեն ճգնաժամային այս իրավիճակում:
Այդպիսի մի հարցաշար էլ ուղարկել էին մեզ ծանոթ մի ընկերությւուն, որի ղեկավարը հարցաշարի վերջում՝ առանձին առաջարկությունների տողում գրել է, որ ինքը կցանկանար արտոնյալ պայմաններով վարկ ստանալ բանկերից, որպեսզի կարողանար այս ճգնաժամային ամիսներին աշխատավարձ վճարել: Եվ գիտե՞ք՝ ինչ պատասխան են ուղարկել էկոնոմիկայի նախարարությունից, գրեթե նույն ոճի պատասխան, ինչ այսօր էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի պատասխանն էր թանկացումների վերաբներյալ, թե «եթե ոսպը թանկացել է, փոխարինիչներ գտեք»:
Խաչատրյանի ղեկավարծ նախարարությունից տնտեսվարողին պատասխան նամակով առաջարկել են օգտվել իրենց կայքում տեղադրված վեբինարներից, որը on line սեմինարն է:
«Ուսումնասիրություններից պարզ են դարձել, որ ներկայիս անկանխատեսելի իրադրության պայմաններում բիզնես սուբյեկտներն ունեն տեխնիկական և խորհրդատվական աջակցության կարիք՝ արագ և ճիշտ կողմնորոշվելու և մարտահրավերներին համապատասխան արձագանքելու համար։
Ոլորտում գործող առաջատար խորհրդատվական ծառայություններն ու անհատ փորձագետները առանց հապաղելու արձագանքեցին կամավորաբար օժանդակելու կոչին։ Մասնագիտական համայնքը պատրաստակամություն հայտնեց կանգնել բիզնեսի կողքին, ինչի գործնական վկայությունը ապրիլի 1-ից մեկնարկող վեբինարների շարքն է՝ վերոնշյալ հարցման արդյունքում դուրս բերված խնդիրների շուրջ։
Վերջում էլ մաղթել. «Մնացեք առողջ և անվտանգ»
Փաստորեն, կառավարությունը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության, տնտեսվարողին ռեալ քայլերով աջակցելու փոխարեն նրան առաջարկում է թիթեռ նկարել՝ նստել էկրանի առջև և սեմինարի մասնակցել, թե ինչպես դուրս գալ այս ճգնաժամից: Սա նման է Ամանորից հետո կազմակերպվող «հակասթրեսային» ասուլիսներին, երբ որևէ հոգեբան սկսում է ժողովրդին սովորեցնել, թե ինչպես դուրս գալ հետտոնական սթրեսից: Իսկ գուցե ավելի լավ կլիներ նախարարությունը բիզնեսմեններին հորդորեր ուղղակի որևէ լավ ֆիլմ նայել, գեղարվեստական գրքեր կարդալ կամ թերթել ընտանեկան ալբոմը՝ մի քիչց ցրվելու և կարանտինային այս շրջանն ավելի թեթև հաղթահարելու համար: Հետո էլ վարչապետն ու նախարարը կառավարության նիստին լուրջ դեմքով կնստեն ու կներկայացնեն իրենց հերթական աննախադեպ փաթեթը, որով իբրև թե պետք է աջակցեն բիզնեսին: Դու մի ասա, նրանք ընդամենը վեբինարներ են առաջարկում գործարարներին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը