«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսպիսով, Արցախի համապետական ընտրություններն արդեն անցյալում են, սակայն նախագահական ընտրությունների ելքը կորոշվի երկրորդ փուլով։ Ինչպես բազմիցս կանխատեսել էինք, մրցակցությունը երեք հիմնական թեկնածուների մեջ ընթացավ, եւ նախագահական ընտրություններն էլ երկրորդ փուլով կավարտվեն. «Ազատ հայրենիք»-ՔՄԴ կուսակցությունների դաշինքի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը եւ ինքնաառաջադրված «Նոր Արցախ» դաշինքը գլխավորող Մասիս Մայիլյանը կպայքարեն Արցախի նախագահի աթոռի համար: Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը ստացել էր 36,076 ձայն կամ 49,26 տոկոս, Մասիս Մայիլյանը՝ դրա գրեթե կեսը` 19, 360 ձայն կամ 26,4 տոկոս։
Իհարկե, թվերին նայելով՝ կարելի է կարծել, որ նույն օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երկրորդ տեղում պետք է լիներ Մասիս Մայիլյանի գլխավորած դաշինքը, այնինչ Մայիլյանն անգամ նվազագույն 7 տոկոս շեմը չի հաղթահարել եւ անգամ պատգամավորի մանդատ չի ստանա։ ԱԺ ընտրություններում երկրորդ տեղն է գրավել «Միասնական հայրենիք» կուսակցությունը, որի նախագահը Սամվել Բաբայանն է եւ ի սկզբանե հայտարարել էր Մայիլյանին աջակցելու մասին։
Հիմա խոսենք թվերի լեզվով. Բաբայանի գլխավորած ուժը ստացել է 17365 ձայն, Մայիլյանի գլխավորած դաշինքը՝ 3305 ձայն։ Եվ այս երկու թվերը միասին մի փոքր ավելի է ստացվում այն արդյունքից, որը հավաքել է Մայիլյանը՝ որպես նախագահի թեկնածու։ Ստացվում է՝ նա ունի ընդամենը 3305 կամ դրանից մի փոքր ավելի ձայներ, իսկ մնացած մասը նա ստացել է հենց Սամվել Բաբայանի շնորհիվ, թեեւ Մայիլյանն ինքը ասում է, թե դրանք երկուսի ձայներն են, այլ ոչ միայն Բաբայանի:
Ամեն դեպքում, արդեն կանխատեսվում է, որ ապրիլի 14-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլում Մայիլյանը ձախողելու է»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը