«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի գործով իրավապահ համակարգը հայտնվել է փակուղու առջեւ: Շուրջ 1 տարի է, ինչ Սամվել Մայրապետյանը գտնվում է արտերկրում, եւ ստացվեց այնպես, որ մեկ տարի անց իրավապահ համակարգը, այընտրանք չունենալով, գնաց կոնկրետ գործողությունների: Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, եւ միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար, ինչը դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս իրավիճակից հետո Սամվել Մայրապետյանի մտերիմները կապ են հաստատել նրա հետ՝ հասկանալու համար, թե ինչու նա չի ներկայացել նախաքննական մարմին եւ չի կատարել օրենքի պահանջը: Եվ, մեր տեղեկություններով, ի պատասխան՝ Սամվել Մայրապետյանը ասել է, որ 2019 թվականի հոկտեմբերին տոմս է գնել, որ վերադառնա Հայաստան, սակայն օդանավակայանում ինքնազգացողությունը կրկին վատացել է եւ չի կարողացել նստել ինքնաթիռ: Ավելին՝ մեր տեղեկություններով՝ Մայրապետյանը պարբերաբար իրավապահ համակարգին ուղարկել է իր առողջական վիճակի հետ կապված փաստաթղթեր, սակայն նախաքննական մարմին ներկայանալ չի կարողացել: Ինչեւէ, այս իրավիճակում չի բացառվում, որ Սամվել Մայրապետյանի պաշտպանները դիմեն ՄԻԵԴ եւ ներկայացնեն, թե ինչ իրավիճակի առաջ են կանգնել»:
Նյութն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը