«168 Ժամ»-ը գրում է․ «Մինչ իշխանությունները, վարչապետի գլխավորությամբ, բան ու գործ թողած, հանրաքվեի բուկլետներ են բաժանում, համաշխարհային շուկաներում տեղի են ունենում երևույթներ, որոնց հետևանքով Հայաստանի տնտեսությունն ու տասնյակ-հազարավոր ընտանիքներ կորցնում են իրենց եկամուտները: Կտրուկ նվազել են հանքահումքային ապրանքների. Մասնավորապես՝ նավթի գները: Գահավիժում է ռուսական ռուբլին աղքատացնելով նաև մեր բազմահազար քաղաքացիներին:
Շաբաթը մեկնարկեց նավթի շուկայի փլուզմամբ. Brent մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսի արժեքը Լոնդոնի բորսայում սակարկությունների ընթացքում ընկավ 426 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց մինչև 3174 դոլարի: Wtl մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսի արժեքն ընկավ 48.9 տոկոսով՝ տատանվելով 27-28 դոլարի շրջակայքում:
Գնանշումները փլուզվեցին այն տեղեկությունների ֆոնին, երբ հայտնի դարձավ, որ «ՕՊԷՔ+»-ի մասնակիցները չեն կարողացել համաձայնության գալ նավթի արդյունահանումը նվազեցնելու շուրջ: Դա խուճապ է առաջացրել շուկայում. ինչի հետևանքով, որոշ գնահատումներով, առաջիկայում նավթի գները կարող են իջնել բարելի դիմաց ընդհուպ մինչև 15-20 դոլարի:
Նավթի շուկայի փլուզումը հանգեցրեց ռուսական ռուբլու հերթական գահավիժման: Չնայած այն ավելի վաղ էր սկսել արժեզրկվել, այնուհանդերձ վերջին իրադարձությունների ֆոնին արագորեն կորցրեց քաշը:
Ռուբլու գինը կտրուկ ընկավ նաև Հայաստանի ֆինանսական շուկայում: Այժմ այն տատանվում է 6.6-6.9 դրամի սահմաններում: Մինչդեռ անցած շաբաթվա վերջին գերազանցում էր նույնիսկ 7.2 դրամը: Չհաշված, որ տարեսկզբին շատ ավելի բարձր էր և հասնում էր մինչև անգամ 7.9-8 դրամի: Դժվար չէ նկատել այն հսկայական տարբերությունը, որն արձանագրել է ռուբլու փոխարժեքը տարեսկզբից մինչև այժմ:
Այն, որ ռուսական արժույթի արժեզրկումից Հայաստանի տասնյակ, եթե ոչ հարյուր֊հազարավոր քաղաքացիներ կորուստներ են ունենում, նորություն չէ: Նախկինում նման իրավիճակների բազմիցս հանդիպել ենք: Այսօր էլ բան չի փոխվել: «Հեղափոխությունից» հետո էլ մեր շատ ու շատ հայրենակիցներ իրենց ապրուստը վաստակում են Ռուսաստանում՝ արտագնա աշխատանքի միջոցով: Նրանց և նրանց ընտանիքների եկամուտները ձևավորվում են հիմնականում ռուսական ռուբլով: Ռուբլու արժեզրկման հետևանքով նրանք գումարներ են կորցնելու և ոչ պակաս փոքր գումարներ: Սա նաև սոցիալական լարվածության ռիսկեր է պարունակում:
Բայց խնդիրը միայն դա չէ: Նավթի գների փլուզումը կարող է հերթական ծանր հարվածը լինել Ռուսաստանի տնտեսության համար: Եթե այս իրավիճակը երկար պահպանվի՝ դրա հետևանքները զգալու են ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլև տնտեսությունը: Լինելով մեր երկրի հիմնական առևտրատնտեսական գործընկերը՝ Ռուսաստանի տնտեսության վատթարացումն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի վրա: Դա սովորաբար արտահայտվում է մի քանի ուղղություններով:
Նվազելու են ֆիզիկական անձանց մասնավոր փոխանցումները: Որքան էլ Ռուսաստանի մասնակցությունը Հայաստանի տրանսֆերտային շուկայում վերջին տարիներին կրճատվել է. այնուհանդերձ այն այսօր էլ շարունակում է ամենամեծ տեսակարար կշիռը կազմել: Տարեկան այդ երկրից
Հայաստան է գալիս ավելի քան 1 մլրդ դոլարին համարժեք գումար: Նավթի գների անկումը, ռուբլու արժեզրկումը, Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատացումը և մեր հայրենակիցների եկամուտների նվազումը հանգեցնելու է տրանսֆերտների կրճատման:
Տնտեսության մեջ դա արտահայտվելու է, առաջին հերթին արտահանման կրճատման տեսքով: Մեր արտահանման գրեթե 27-28 տոկոսը մտնում է ռուսական շուկա: Ռուբլու արժեզրկումը նվազեցնում է հայկական ապրանքների մրցունակությունը: Կրճատվելու է նաև ռուսական շուկայի սպառողական պահանջարկը: Ներդրումների մասին չենք խոսում, որովհետև Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումներն իշխանափոխությունից հետո առանց այն էլ երևելի ակտիվություն չէին ցուցաբերում: Չնայած, եթե այս իրավիճակը երկար պահպանվի, ապա գուցե և դրանք էլ դադարեն»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը