04 03 2020

Ընդդիմադիր անցյալն իշխանավորներին խանգարում է դառնալ իշխանություն․ «Հրապարակ»

Ընդդիմադիր անցյալն իշխանավորներին խանգարում է դառնալ իշխանություն․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Անշուշտ, կարեկցանքի արժանի են մեր երիտասարդ իշխանավորները, որոնք ոչ միայն զարմացել են իրենց գլխին ընկած հանկարծահաս իշխանությունից եւ այն փորձում են լիուլի վայելել, այլեւ ակնհայտորեն կարոտում են իրենց ընդդիմադիր անցյալը։ Հենց անցյալի հանդեպ այդ նոստալգիան է ստիպում նրանց կիրառել ընդդիմադիր ժամանակներին բնորոշ լեքսիկոնը եւ շարունակ թիրախներ փնտրել՝ քննադատության համար։ Այդ կարոտն է պատճառը, որ շարունակ հանրահավաքներ, երթեր անելու պահանջ են զգում եւ նախընտրական շրջանում են միայն կենդանանում ու ոգեւորություն ապրում։ Ընդդիմությանը հատուկ հանրային համակրանքի ու սիրո հանդեպ կարոտն է ստիպում, որ այցելեն շարքային մարդկանց տներ, փողոցներում քայլեն ու բուկլետներ բաժանեն։

Լայվեր մտնեն ու դրանց տակ գրված զեղումային, քծնախառը քոմենթներից առնեն ընդդիմադիր շրջանի կարոտը։ Մամուլի կողմից միայն դրական կամ առնվազն չեզոք հրապարակումների արժանացած ընդդիմադիր անցյալն է պատճառը, որ ցանկացած քննադատություն այսքան ծանր են տանում եւ փորձում են, անգամ բռնապետ կոչվելու գնով, քայլեր անել՝ լրագրողների ու ընդդիմախոսների բերանը փակելու համար։ Ամբիոններից ու հրապարակներից բոցաշունչ ճառերի, հրապարակում հավաքված հիացական ու վառվռուն հայացքների հանդեպ կարոտն է նրանց մղում տարին մեկ-երկու անգամ նման մեծ լսարաններ հավաքել։

Իսկ հիմա, երբ լսարան հավաքելը բարդացել է, ՀՀ իշխանությունները փորձում են հանրային սիրո եւ հանդիպումների կարոտն առնել սփյուռքում, որտեղ դեռ հետհեղափոխական էմոցիոնալ ֆոնը բարձր է, իսկ հիասթափությունների մակարդակը՝ ցածր։ Հենց այս միտինգային ու ընդդիմադիր բնույթն էլ, ըստ էության, խանգարում է նրանց դառնալու իշխանություն եւ զբաղվելու պետական գործերով, որոնք լռություն են սիրում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ