28 01 2020

Խեղաթյուրված փաստերը և վարչապետի անմեղ «բացթողումները»․ 168.am

Խեղաթյուրված փաստերը և վարչապետի անմեղ «բացթողումները»․ 168.am

168․am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանին հավանաբար թվում է, թե իր հրապարակած «փաստերը» հայտնի կամ հասանելի են միայն իրեն, ու կարող է իրեն թույլ տալ դրանք ներկայացնել և մեկնաբանել այնպես, ինչպես հարմար է գտնում։

Հաճախ հենց դա էլ պատճառ է դառնում, որպեսզի վարչապետը հայտնվի անհարմար դրության մեջ։ Բայց որքան էլ զարմանալի է, նա դասեր չի քաղում։ Ու շարունակում է գնալ նույն ճանապարհով, ինչ ճանապարհով գնում էր։ Վկա՝ նաև կապանյան ասուլիսը։

«2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 465 մլն դոլարով կամ 27,6 տոկոսով, 2017թ. համեմատ՝ 635 միլիոն դոլարով կամ 41 տոկոսով: Օտարերկրյա ուղղակի ներդրումների գծով ստացումները նշված ժամանակահատվածում կազմել են 453,8 մլն դոլար, ինչը 68,7 մլն դոլարով կամ 17,8 տոկոսով ավել է, քան 2018թ. ցուցանիշը»։ Սա բառացի մեջբերում է Նիկոլ Փաշինյանի խոսքից։

Ամեն ինչ արտաքուստ ճիշտ է ասված, բացի մեկ կարևոր դետալից. ուշադրություն դարձրեք՝ օտարերկրյա ընդհանուր ներդրումների մասին խոսելիս վարչապետը 2019թ. ցուցանիշները համեմատում է ինչպես 2018թ., այնպես էլ 2017թ. հետ։ Իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների դեպքում 2019թ. ցուցանիշը համեմատում է միայն 2018թ. հետ։ Այս անգամ 2017թ. մասին խոսք չկա։

Եվ գիտե՞ք՝ ինչու է այդպես, որովհետև 2017թ. նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումներն ավելին են եղել ինչպես 2018թ., այնպես էլ 2019թ. համեմատ։ Դրանք կազմել են 475 մլն դոլար։ Այսինքն՝ 21 միլիոնով ավելի։ Ու դա է պատճառը, որ վարչապետը որոշել է այս դեպքում շրջանցել մինչհեղափոխական շրջանի ցուցանիշը, որը ըստ էության իրավունք չունի ավելի առաջանցիկ լինել, քան հեղափոխությունից հետոյինը։

Լավ, նման դեպքերում կարելի է, չէ՞, գոնե այդքան ակնհայտ «բացթողում» չանել։ Գոյություն ունեն տարրական վիճակագրական նորմեր, որոնք պետք է պահպանվեն ցուցանիշներ հրապարակելիս։ Հատկապես, երբ խոսքը վարչապետին է վերաբերում։

Մեկ դիտարկում ևս. ներդրումների մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե 9 ամսում ներդրումները կազմել են 2 մլրդ 174 մլն դոլար։ Ու շատերին կարող է թվալ, թե հսկայական օտարերկրյա ներդրումներ են կատարվել Հայաստանի տնտեսության մեջ։ Իրականում, սակայն, դրանք այն չեն, ինչ պատկերացնում ենք՝ որպես ներդրում։ Դրանում ներառված են վարկերը, փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք կամ ստացվելիք գումարները, կանխավճարները, ինչպես նաև ուղղակի, պորտֆելային և այլ կարգի ներդրումները։

Այս ամենի մեջ ամենաառաջնայինը տնտեսության համար ուղղակի ներդրումներն են, որոնք հետհեղափոխական Հայաստանում նվազել են։ Եվ, որ շատ ավելի կարևոր է, ուղղակի ներդրումների զուտ հոսքերն են, որոնք Նիկոլ Փաշինյանի նշած ժամանակահատվածում զիջել են նույնիսկ 2018թ. ցուցանիշը։ Խոսքը տնտեսության մեջ մնացած մաքուր ներդրումների մասին է։ Եթե 2018թ. 9 ամիսներին դրանք կազմել էին 127 միլիոն, ապա 2019թ. նույն ժամանակահատվածում կազմել են 68 մլն դոլար։ Այսինքն՝ օտարերկրյա ուղղակի ներդրումները, որոնք այդքան կարևոր են Հայաստանի տնտեսության համար, մի բան էլ սկսել են ավելի շատ գնալ երկրից։

Սրա մասին Նիկոլ Փաշինյանը գերադասում է չխոսել, իսկ խոսելիս էլ, եթե մանևրելու այլ տարբերակ չկա, ապա նախկիները միշտ կան ու կան:

«Ես այդ անկումը բացատրում եմ հենց դրանով, որ կոռումպացված, օֆշորներով պտտվող ներդրումները նվազել են: Հիմա կոռուպցիոներները մտածում են, որ չարժե նման բան անել, սա նորմալ է, քանի որ հիմա գալիս են նորմալ տնտեսական ներդրումներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Եթե գալիս են, ապա ո՞ւր են։ Մի՞թե վարչապետի պատկերացրած նորմալ ներդրումները «Արդշինբանկի» թողարկած եվրոբոնդերն են, ինչը հիմք էր տվել նրան հայտարարելու, թե «սա մեր տնտեսության մեջ կատարված ուղիղ օտարերկրյա ներդրում է»։

Թե այդ երբվանի՞ց եվրոբոնդերով ներգրավված թանկ փողերը դարձան ուղղակի ներդրումներ, հայտնի չէ։ Իրականում դրանք բարձր տոկոսներով ձեռք բերված գումարներ են, որոնք գալիս նստում են երկրի համախառն պարտքի մեջ։ Այնինչ՝ իսկական ներդրումները պարտք չեն գոյացնում։

Եվրոբոնդերը թանկ փողերը են, առավել ևս, երբ խոսքը 6,5 տոկոսով ներգրավված գումարների մասին է։ Ու դեռ հարց է, թե մինչև տնտեսություն հասնելը դրանք դեռ ինչքան կթանկանան։ Անգամ մեծ ցանկության դեպքում դրանք դժվար է համեմատել ուղղակի ներդրումների հետ։

Այսօր Հայաստանի ֆինանսական շուկայում առկա տարադրամային ազատ միջոցները շատ ավելի էժան են, քան եվրոբոնդերի թողարկման արդյունքում ձեռք բերված գումարները։ Խոսքը տարադրամային ավանդների մասին է, որոնք ներգրավում են բանկերը։ Դրանց գինը ընդամենը 3,5-4,5 տոկոս է։

Եվրոբոնդերի, վարկերի կամ փոխառությունների ծավալները չեն, որ ցույց են տալիս Հայաստանի տնտեսության ներդրումային գրավչությունը։ Հայաստանի տնտեսության ներդրումային գրավչությունը որոշվում է ուղղակի օտարերկրյա ներդրումներով, որոնց դինամիկան, ցավոք, հուսադրող չէ։

Որպես մեկ այլ կարևոր փաստ՝ Նիկոլ Փաշինյանը խոսում է բյուջեի եկամուտների ավելացման մասի։ Ոչինչ, որ դրանց աճն այնպիսին չէ, ինչպես ներկայացնում է վարչապետը։ Բայց դա էլ մի կողմ թողնենք. կա շատ ավելի էական հանգամանք։ Ճիշտ կլիներ, որպեսզի բյուջեի եկամուտների մասին խոսելիս վարչապետը ներկայացներ նաև ծախսերը, որոնք երբեմն ավելի կարևոր են, քան եկամուտները։ Եվ ի՞նչ ունենք այդ առումով՝ հսկայական թերակատարում, ու դա ևս փաստ է, բայց որի մասին վարչապետը չի խոսում։

Իսկ որ 2020թ. բյուջեում կապիտալ ծախսերը ավելացել են, դա դեռ չի նշանակում, թե անցած կամ նախանցած տարի այդ ոլորտում թերակատարում չենք ունեցել։

«2020թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 2017 թվականի փաստացի ցուցանիշի նկատմամբ աճել են 21 տոկոսով, 2018թ. փաստացի ցուցանիշի նկատմամբ`90 տոկոսով, 2019թ. բյուջեի համեմատ՝ ավելի քան 30 տոկոսով»,- ասում է վարչապետը:

Բնական չէ՞, որ նախորդ տարիներին կապիտալ ծախսերի լուրջ թերակատարումից հետո 2020թ. նախատեսվածն ավելին պիտի լինի։ Դա ամենևին էլ առավելություն չէ։ Հատկապես որ, ոչ մի երաշխիք չկա, որ 2020թ. կապիտալ ծախսերը չեն արժանանա նախորդների ճակատագրին։ Միշտ էլ կարելի է ճոխ ծախսեր նախատեսել՝ նախորդ տարիների համեմատ աճեր ցույց տալու համար, բայց հետո չկատարել։ Սա չէ, որ որոշում է բյուջեի առաջընթացը։

Ժամանակն է հրաժարվել ոչինչ չասող «փաստերով» հասարակությանը կերակրելուց։ Դրանք չեն, որ բնորոշում են երկրի տնտեսության ու հասարակության վիճակը։ Մարդիկ իրական ու շոշափելի փոփոխություններ են ուզում տեսնել, և ոչ թե՝ վիճակագրական ներկայացումներ, որոնք ոչինչ չեն տալիս»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ