20 01 2020

Ինչպես ենք վայելում «վագրային թռիչքի պտուղները»․ 168.am

Ինչպես ենք վայելում «վագրային թռիչքի պտուղները»․ 168.am

168.am-ը գրում է․ «Կառավարությունն ամեն ինչ անում է՝ տպավորություն ստեղծելու համար, որ իշխանափոխությունից հետո Հայաստանի տնտեսությունը «Կովկասյան վագրի» թռիչք է կատարել։ Դրսում հոդվածներ են պատվիրում «հեղափոխության պտուղների», «վագրային թռիչքների» վերաբերյալ, ներսում՝ խոսում տարածաշրջանային ու համաշխարհային մակարդակով արձանագրված տնտեսական ու սոցիալական աննախադեպ հաջողությունների մասին։

Ու այդ ամենն արվում է՝ ցույց տալու համար «հեղափոխության» ձեռքբերումները։ Ոչինչ, որ իրական կյանքում այդ ձեռքբերումները շարքային քաղաքացիները գրեթե չեն զգում։ Տնտեսական աճի արդյունքները նրանք տեսնում են հիմնականում վարչապետի հայտարարությունների ու գրառումների, հրապարակվող վիճակագրական ցուցանիշների մեջ։ Պատահական չէ, որ մարդիկ հաճախ անկեղծ զարմանում են, որ եթե տնտեսության զարգացումներն այդքան լավ են, ինչո՞ւ դրանց արդյունքներն իրենց ևս չեն հասնում։

Պետեկամուտների կոմիտեի նախագահը հայտարարում է, որ վերջին 2 տարվա ընթացքում հարկային եկամուտները մեր երկրում ավելացել են 44 տոկոսով։ Եթե իրականում այդպես է, ապա խոսքը 500 մլրդ դրամի, կամ, ավելի քան 1 մլրդ դոլարի մասին է։ Սա հսկայական գումար է Հայաստանի բյուջեի համար։

Եվ ի՞նչ է ստացել բյուջեի եկամուտների նման աճից շարքային քաղաքացին։

Հարկային եկամուտները 500 մլրդ դրամով ավելացրած կառավարությունը 2 տարում ոչինչ չի հատկացրել կենսաթոշակները բարձրացնելու համար։ Եվ միայն իշխանափոխության երրորդ տարում համարձակվել է թոշակներն ավելացնել ընդամենը 10 տոկոսով։ Ու դրա համար պատրաստվում է ծախսել 25 մլրդ դրամ։

Պատկերացնում եք` 2018-2019թթ. բյուջեի հարկային եկամուտները 500 միլիարդով ավելացրած կառավարությունը «հեղափոխության» երրորդ տարում հազիվ 25 մլրդ դրամ է գտել հասարակության ամենաանապահով հատվածի եկամուտները մի քանի հազար դրամով ավելացնելու համար։ Ու դեռ չհաշված, թե ինչպիսին կլինի այդ 10 տոկոսանոց ավելացման արդյունքը, եթե դիտարկենք նաև բազմաթիվ այլ ոլորտներից դրա վրա փոխանցվող բացասական ազդեցությունները։

Հիշեցնենք, որ թոշակառուները կազմում են Հայաստանի բնակչության շուրջ 17-18 տոկոսը։ Խոսքը գրեթե 500.000 մարդու մասին է, ովքեր «հեղափոխության» առաջին երկու տարվա արդյունքները ոչ մի կերպ չեն զգացել իրենց եկամուտների վրա։ Իսկ երրորդ տարում, երբ թոշակները 10 տոկոսով բարձրացել են, դեռ հարց է` իրականում զգալո՞ւ են, թե՞ ոչ։

Երկու տարում բյուջեի հարկային եկամուտների 44 տոկոս աճ ապահոված կառավարությունը միայն անցած տարվա սեպտեմբերին համարձակվեց բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, այն էլ՝ ընդամենը 10 տոկոսով։

Աշխատավարձերի մասնակի ավելացումներ, իհարկե, եղել են նաև մի քանի այլ ոլորտներում` բանակի սպայական անձնակազմ, փրկարարներ, անտառապահներ և այլն։ Իսկ ինչքան ոլորտներ կան, որտեղ հայտնի չէ, թե վերջին անգամ երբ է աշխատավարձ բարձրացվել։ Հարկային եկամուտները 500 մլրդ դրամով ավելացրած կառավարությունն այդպես էլ միջոցներ չգտավ 2 տարվա ընթացքում անդրադառնալու այդ ոլորտներում զբաղված մարդկանց աշխատավարձերին։ Փոխարենը` հասցրեց լիուբոլ պարգևատրել քաղաքական իշխանության վերնախավին ու նրան սպասարկողներին։

Մի՞թե սա է տնտեսության վագրային թռիչքի արդյունքը։

Որքան էլ կառավարությունը փորձի այլ կերպ ներկայացնել տնտեսության զարգացումները, միանշանակ է, որ տնտեսական աճի մեջ մեծ բաժին ունեն վիճակագրական աճերը։

Ով կարող է հավատալ, որ, ասենք` առևտրի ծավալները Հայաստանում գրեթե երկնիշ թվերով աճում են, երբ հասարակության մեծ մասի եկամուտները չեն ավելանում կամ շատ քիչ են ավելանում, երբ իրական սպառումը կրճատվում է, երբ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն ավելի արագ են բարձրանում, քան եկամուտները։ Տրամաբանական չէ՞, որ այդ պայմաններում առևտուրը չի կարող ավելանալ կամ այդքան ավելանալ։ Բայց ունենք երկնիշին մոտ աճ։ Ու այդ աճը վիճակագրական է։ Շրջանառության այդ ծավալները նախկինում էլ եղել են, բայց չեն երևացել։

Վիճակագրորեն այդ աճը կա, բայց հասարակության իրական կյանքում` ոչ։

Թեև դա չի խանգարում, որպեսզի փորձ արվի տպավորություն ստեղծել, որ «հեղափոխությունը» հանգեցրել է կյանքի բարեկեցության բարձրացմանը, որ հիմա մարդիկ շատ ավելին են ծախսում սպառման նպատակներով, քան նախկինում։

Բայց առևտուրը միակ ոլորտը չէ, որտեղ վիճակագրական աճերն էական ազդեցություն են թողել արձանագրված տնտեսական աճի ցուցանիշների վրա։ Նույնը՝ նաև մյուս ոլորտներում է, այդ թվում` ծառայությունների մեջ, որտեղ արձանագրվում են աճի ամենաբարձր միտումները։

Առևտրի և ծառայությունների ոլորտներում վիճակագրական բարձր աճերն ամենևին էլ պատահական չեն։ Դրանք նախկինում եղել են տնտեսության ամենաստվերային հատվածները, ու հիմա ստվերի բացահայտումը վերածվում է վիճակագրական աճերի։

Նույնը նաև արդյունաբերության մեջ է, բայց ավելի փոքր չափով։ Փոխարենը` այստեղ կան այլ գործոններ։ Խոսքը, մասնավորապես, հանքարդյունաբերության մասին է։

Մինչ դրան անդրադառնալը՝ հիշեցնենք, որ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում էր, թե Հայաստանում տնտեսական զարգացումներն այլևս նստած չեն լինելու ընդերքը քանդել-ծախելու վրա։ Բայց արի ու տես, որ այդպես էլ կա։

Հանքարդյունաբերությունն այժմ էլ շարունակում է առաջնային դեր կատարել արդյունաբերության աճի գործում։ Ընդերքի շահագործման ոլորտում արտադրության ծավալներն ավելացել են 23,9 տոկոսով։ Մետաղական հանքաքարի արդյունահանման աճը հասնում է 25 տոկոսի։

Հայաստանի տնտեսության աճի մյուս կարևոր բաղադրիչն էլ ավտոներկրումներն էին, որի հնարավորությունը ստեղծվել էր ԵԱՏՄ մաքսասակագնային օրենսդրության արտոնյալ ժամկետների արդյունքում։

Այս ամենից հետո տեղին չէ հպարտանալ, որ Հայաստանի տնտեսությունը «վագրային թռիչք» է արձանագրել։ Այս փուլում ավելի շատ գործ ունենք այլ ոլորտներից թելադրված նպաստավոր իրավիճակների և վիճակագրական աճերի հետ, որոնք ամենևին էլ չեն խոսում տնտեսության մեջ տեղի ունեցող իրական փոփոխությունների ու զարգացումների մասին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ