11 01 2020

Ծեծկռտուք «սևերի և սպիտակների» միջև՝ «Կովկաս» ռեստորանում․ 168.am

Ծեծկռտուք «սևերի և սպիտակների» միջև՝ «Կովկաս» ռեստորանում․ 168.am

168.am-ը գրում է․ «Ամանորի նախատոնական օրերին «Կովկաս» ռեստորանում նախկինների ու ներկաների՝ «սևերի» ու «սպիտակների» միջև լուրջ միջադեպ է եղել։ Բախումը տեղի է ունեցել Աջափնյակ վարչական շրջանի (թաղապետարանի) նախկին ու ներկա աշխատակիցների միջև. պատճառը եղել է հեղափոխությունից հետո թրենդ դարձած սևեր-սպիտակներ բաժանման շուրջ ծավալված տհաճ քննարկումները։

168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ բանկետի ամենաթեժ պահին գինովցած մասնակիցներից մի քանիսը սկսել են իբր իշխանահաճո զրույց ծավալել, հների ու նորերի միջև համեմատություններ են արել, վարկաբեկիչ բառերով սուր քննադատել են նախկիններին, այդ թվում՝ նախկին ՀՀԿ-ական թաղապետի գործունեությունը, ինչից վրդովվել են թաղապետարանի հնաբնակները, և «քաղաքական դիսկուրսը» վերածվել է մեծ ծեծկռտուքի։

Մեր տեղեկություններով՝ միջադեպին ներգրավված են եղել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար (թաղապետ) Գևորգ Բաբայանի վարորդն ու օգնականը, ինչպես իրենք են իրենց անվանում՝ «մի խումբ սպիտակներ»։ Եվ, ըստ մեզ փոխանցված տվյալների, «սևերից» 4 տղաներ ծեծել են միջադեպը հրահրած՝ թաղապետարանի աշխատակազմի ղեկավարին, տնտեսվարին ու վարչական շրջանի ղեկավարի վարորդին։

Գևորգ Բաբայանը, ասում են, ի սկզբանե նկատել է, որ դահլիճում կանանց ներկայությամբ «սևերի ու սպիտակների միջև» լարված զրույց է ծավալվում։ Սկզբում Բաբայանը փորձ չի արել միջամտել երիտասարդների բանավեճին, իսկ հետո արդեն իրավիճակը դուրս է եկել «կոնտրոլից», և տղամարդիկ հայհոյախառն արտահայտություններով, իրար քաշքշելով դուրս՝ ծեծկռտուք են հրահրել, թաղապետն անհետացել է աշխատակիցների տեսադաշտից։

Ավելին, ուշագրավ է, որ Աջափնյակի թաղապետի հրավերով նույն բանկետին ներկա են գտնվել վարչական տարածքի դատախազը, ոստիկանապետը և ուժային կառույցներից այլ ներկայացուցիչներ։ Ստացվում է՝ նրանց ներկայությունը չի սաստել վեճի բռնվածներին, իսկ թե սույն պաշտոնյաները միջամտե՞լ են ծեծկռտուքին, թե՞ ոչ՝ մեզ առայժմ չհաջողվեց պարզել։

Ուշագրավ է, որ ռեստորանից զանգահարել են ՀՀ ոստիկանություն, չնայած միջադեպի վայրից հաղորդում ստանալու մասին մեր տեղեկությունը Ոստիկանությունը չհաստատեց։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը հերքում է, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը գրավոր կամ բանավոր նկատողություն է ստացել, իսկ հարցին ի պատասխան, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Բաբայանի սեղանին այս օրերին մի քանի ազատման դիմումներ են դրվել, խնդրեց պարզաբանում ստանալ ուղիղ հասցեատիրոջից։

Առնվազն տարօրինակ էր Գևորգ Բաբայանի արձագանքը մեր հարցադրումներին։ 168.am-ի հետ զրույցում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը զգուշավոր պատասխաններով փորձեց իբր հերքել միջադեպի մասին լուրը՝ ասելով, թե «Կովկասում» իրենց տարեմուտի բանկետին մնացել է մինչև վերջ, քեֆ-ուրախությունը չի խաթարվել, և «ոչ մի միջադեպ, հարայ-հրոց չի նկատվել իր կողմից»։

Ստացվում է՝ վարչական շրջանի ղեկավարը չի տիրապետում իրավիճակին և տեղեկացված չէ իր քթի տակ կատարվածի մասին, իր ենթականերին՝ աշխատակազմի ղեկավարին, տնտեսվարին ու իր վարորդին ծեծի ենթարկելու մասին։

Իրականում, սակայն, պաշտոնյա Բաբայանը, մեղմ ասած՝ ճիշտ չի ասում և թաքցնում է տեղի ունեցածը, այն դեպքում, երբ «Կովկաս» ռեստորանում ծեծկռտուքը ոչ միայն տեղի է ունեցել, այլև անգամ բանը հասել է քաղաքապետ Հայկ Մարությանին, իսկ միջադեպի հաջորդ օրը Գևորգ Բաբայանի սեղանին դրված ազատման դիմումները, որի մասին հաղորդվում է նաև մեր երկրորդ աղբյուրից, պատճառաբանվում են հենց Մարությանի հրահանգով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ