10 01 2020

Մարտի 1-ի 25 տուժածները վախենում են ստանալ իրենց 5-15 մլն դրամները․ 168.am

Մարտի 1-ի 25 տուժածները վախենում են ստանալ իրենց 5-15 մլն դրամները․ 168.am

168.am-ը գրում է․ «2019թ. տարեվերջին պետական գանձարանից ավելի քան կես միլիարդ դրամ է հոսել՝ մարտի 1-ի դեպքերից տուժածների փոխհատուցման նպատակով։ ՀՀ Արդարադատության նախարարությունը (ԱՆ) մարտի 1-ի դեպքերից տուժածներին բաժանել է 575 մլն ՀՀ դրամ, ընդ որում՝ բոլոր դիմումատուներին անխտիր։

«2020 թվականի հունվարի 9-ի դրությամբ ԱՆ-ի կողմից բավարարվել է 48 դիմում, որոնցից 10-ը՝ զոհված (մահացած) անձանց իրավահաջորդներին, 7-ը՝ ծանր վնասվածք ստացած անձանց, և 31-ը՝ առողջության միջին ծանրության վնասվածք ստացածների դիմումների համաձայն»,- ասված է 168.am-ի ստացած պատասխան նամակում։

Ի դեպ, նախարարությունից ստացված պատասխանից պարզ է դառնում, որ առնվազն 15 մլն դրամ անհասցե ու առանց հիմնավորման դուրս է գրվել բյուջեից, համենայն դեպս, պարզ մաթեմատիկական հաշվարկով այս թվերը՝ դիմումատու-ելք արած գումար, ոչ մի կերպ չեն համընկնում։ Առավել ուշագրավ է, սակայն, այն, որ նրանք, ովքեր իրավասու են ստանալ 15-ական մլն դրամ և 5-ական մլն դրամ փոխհատուցում, չգիտես ինչու, դեռևս չեն դիմել Արդարադատության նախարարություն։

Հիշեցնենք, այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հապճեպ ընթացակարգով ԱԺ օրակարգ մտցրեց 2008թ․ մարտի 1-2-ի դեպքերից տուժածների աջակցության մասին օրինագիծը, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն ամբիոնից հայտարարեց, որ իրենց հայտնի է 63 տուժած անձանց ցանկը, և, որ 10 զոհերի իրավահաջորդներից բացի, օրենքով աջակցություն կտրամադրվի նաև ծանր վնասվածք ստացած 63 անձի։

Ստացվում է՝ առնվազն 25 հոգի 6 ամիս շարունակ մտմտում է՝ ստանա՞լ այդ միլիոնավոր գումարները, թե՞ ոչ, նրանց անգամ Ամանորի նախատոնական աժիոտաժը չի ստիպել դիմում գրել։

Այն դեպքում, երբ նրանց մի մասը պետք է 15 մլն դրամ ստանար, մյուս մասը՝ 5 մլն-ական դրամներ։ Տրամաբանությունը հուշում է, որ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ դեպքերը կարող էին մեկ-երկուսը լինել, ոչ ավելին, իսկ 25 շահառուների չդիմելու հանգամանքը, մեղմ ասած, տարօրինակ է։

Ենթադրելի է, որ այդ մարդկանց երկմտանքի ետևում լուրջ մտավախություններ կան։

Հավանաբար վախեր ունեն՝ ստանա՞լ այդ գումարները, կամ ի՞նչ գնով, ի վերջո, նրանք ևս հետևում են «Մարտի 1»-ի գործի շրջանակներում երկար ձգձգվող Ռոբերտ Քոչարյան +3 ֆոմատով դատավարության գործընթացին։

Ըստ մեր աղբյուրների՝ այդ մարդիկ մտավախություն ունեն և գիտակցում են, որ իրենցից յուրաքանչյուրը դիմումատու դառնալուց հետո ինչ-որ պահից սկսած այս գործին «ծառայող» իր ցուցմունքը պիտի տա։ Այդ իսկ պատճառով նրանք չեն շտապում դիմել նախարարություն, որպեսզի քաղաքական առևտրի գործիք չդառնան։

Հիշեցնենք, իշխանությունը 2019թ. հունիսին հապճեպ ընթացակարգով մշակեց և հաստատեց «2008 թ․ մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» թիվ ՀՕ-58-Ն օրենքը, որով նախատեսվում է տուժածներին աջակցություն տրամադրել՝ զոհվածների իրավահաջորդին՝ 30 մլն դրամ, առողջությանը ծանր վնաս հասցվածներին՝ 15 մլն դրամ, միջին ծանրության վնաս հասցված անձանց՝ 5 մլն դրամի չափով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ