24 12 2019

Ինչո՞ւ բարերարների գումարները տեղ չեն հասել․ մանրամասներ․ «Ժողովուրդ»

Ինչո՞ւ բարերարների գումարները տեղ չեն հասել․ մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․  «Գյումրու «Թռչունյան տուն» մանկատան սաները մնացել են բախտի քմահաճույքին. այստեղ երեխաները քաղցած են, թե մերկ, հիվանդ են, թե առողջ, ոչ ոքի չի հետաքրքրում, անգամ մանկատունը 16 տարի ղեկավարող Սոնյա Սիմոնյանին, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին եւ սոցապնախարար Զարուհի Բաթոյանին:

Նշենք, որ սփյուռքահայ բարերարները՝ Հերման Հինթիրյանի գլխավորությամբ, որոնք 16 տարի շարունակ ֆինանսավորել են կառույցը, այս տարվա հունիսից դադարեցրել են գումար տրամադրել: Բայց պարզվում է, որ բարերարի կողմից ֆինանսավորումը դադարեցնելն ավելի խորը պատճառներ ունի:

«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնել մանկատան ներսում տիրող իրավիճակից: Մեր տեղեկություններով` անհատ բարերարները մանկատան սաների կողմից նամակներ են ստացել այն մասին, որ ղեկավարությունը որեւէ բան չի տվել իրենց, անգամ հիգիենիկ պարագաներ՝ ատամի մածուկ, խոզանակ, սրբիչ, շամպուն եւ այլն: Էլ չենք խոսում այն մասին, որ երեխաներին չեն տվել միրգ՝ կիվի, նարինջ, խնձոր, շոկոլադ, կոնֆետ, հալվա:

Ի դեպ, նշենք, որ անհատ բարերարները իրենց հետ տարել են նաեւ շոգեխաշած պահածոյացված տավարի միս, խտացրած կաթ, որոնցից եւս երեխաները չեն օգտվել, փոխարենը երեխաներին կերակրում են ճաշեր, որի մեջ ջուր է եւ մակարոն՝ առանց կանաչու, փլավ՝ կիսաթթված կաղամբով:

«Ժողովուրդ» օրաթերթը, լինելով մանկատանը, ավելի սարսափելի պատկերի ականատես եղավ. երբ շրջեցինք մանկատան զուգարաններով, բաղնիքներով, տեսանք, որ լվացարանների մոտ օճառներ չկային. եթե կային, ապա հին, տարօրինակ գույն ունեցող, կտրտված, եւ սա այն դեպքում, երբ անհատ բարերարները լիտրերով հեղուկ օճառ էին ուղարկել: Իսկ բաղնիքներում չկային շամպուններ, օճառներ, ցնցուղը կոտրված էր:

Զրույցի ընթացքում մանկատան աղջիկները պատմեցին, որ երկար ժամանակ է, ինչ ցնցուղը կոտրված է, եւ տնտեսվարը, որը մանկատան տնօրենի եղբայրն է, չի վերանորոգում: Ստիպված աղջիկները լողանում են ծորակից հոսող ջրով՝ կիսանստած վիճակում` նայած` ով ինչ ելք կգտնի այդ պահին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ