23 12 2019

Ո՞վ է մեղավոր պետական ապարատի լավ չաշխատելու համար․ 168.am

Ո՞վ է մեղավոր պետական ապարատի լավ չաշխատելու համար․ 168.am

168.am-ը գրում է․ «Իշխանության գալուց Նիկոլ Փաշինյանը գրեթե բոլոր ոլորտներում հեղափոխական փոփոխություններ էր խոստանում։ Ժամանակն անցնում է, իսկ հասարակությունը չի տեսնում այդ փոփոխությունները։ Դրանք չկան առնվազն այն ոլորտներում, որտեղ ակնկալվում էր։ Գուցե մի շարք առումներով` ազգային արժեքների ոտնահարում, այլասերվածության բացահայտ քարոզ և այլն, հեղափոխական փոփոխություններ իսկապես կան, բայց դրանց չէր, որ հասարակությունը սպասում էր։

Հեղափոխական փոփոխություններ չկան տնտեսության մեջ, չկան նաև հասարակության սոցիալական կյանքում։ Այն հատվածական դրսևորումները, որոնք կառավարությունը փորձում է ներկայացնել՝ որպես հեղափոխական ձեռքբերումներ, հեռու են այդպիսին լինելուց։ Ու դրա լավագույն վկայությունը հասարակության վերաբերմունքի արտահայտությունն է. քաղաքական իշխանությունը սկսել է կորցնել վստահությունը։

Այսօր ավելի քիչ մարդ է վստահում կառավարությանը, քան վստահում էր մեկ տարի, նույնիսկ վեց ամիս առաջ։ Եվ դա փաստում են նաև միջազգային կազմակերպությունների հարցումները։ Դրանցից մեկի համաձայն, որն արել է ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը, անցած մեկ տարում վարչապետի գրասենյակի նկատմամբ հասարակության վստահությունը նվազել է գրեթե 10 տոկոսային կետով, ինչը լուրջ հետընթաց է։ Այսպես շարունակվելու դեպքում, շուտով անվստահությունը շատ ավելի խորն է լինելու։

Պատճառները, անշուշտ, պետք է փնտրել կառավարության գործողությունների մեջ։ Ժամանակին մարդիկ մեծ հույսեր էին կապում քաղաքական իշխանության հետ։ Հետո սկսեցին հասկանալ, որ այն ի վիճակի չէ արդարացնել այդ հույսերը։

Տնտեսության մեջ արտաքուստ աճ կա, բայց հասարակության մեծ մասը դա ոչ մի կերպ չի զգում։ Մարդիկ աշխատանք են ուզում, բայց աշխատելու հնարավորություններ չկան։ Թեև վարչապետը պարբերաբար հայտարարում է Հայաստանում տասնյակ-հազարավոր աշխատատեղերի ավելացման մասին, դրանից գործազրկության իրական պատկերը երկրում չի փոխվում։

«2018 թվականի մայիսի համեմատ՝ 2019 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ՝ Հայաստանում ի հայտ է եկել (ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել) 81 հազար 534 նոր աշխատատեղ»։ Այս մասին օրերս ֆեյսբուքյան իր էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը։

Այդպե՞ս է, թե՞ ոչ, դժվար է ասել։ Պաշտոնական վիճակագրությունը նման ցուցանիշներ դեռ չի հրապարակել։ Դրանք կլինեն առնվազն երկու ամիս հետո։

Ամեն դեպքում, հայտարարվող աշխատատեղերի թիվը դեռ ոչինչ չի նշանակում։ Դրանց մեծ մասը նախկինում էլ եղել են։ Մարդիկ աշխատել և աշխատավարձ են ստացել։ Պարզապես դա վիճակագրական ցուցանիշներում չի երևացել։ Այլ բան, եթե դրանք իրականում լինեին նոր աշխատատեղեր։ Դա իսկապես կարող էր հեղափոխական լինել։ Այն էապես կթուլացներ աշխատանքի շուկայի լարվածությունը։

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում հաշվվում է շուրջ 250.000 գործազուրկ։ Ու եթե նրանից 81,500-ն իսկապես ապահովվեր աշխատանքով, ապա դա մեծ ձեռքբերում կլիներ։ Դժվար չէ պատկերացնել, թե 81,500-ն ինչպիսի լուրջ ազդեցություն կարող էր ունենալ շուկայի վրա։

Բայց այդ ազդեցությունը չի երևում։ Չի երևում, որովհետև դրանք նոր աշխատատեղեր չեն։ Դրանք աշխատատեղեր են, որոնք մեծամասամբ նախկինում էլ կային և հիմա ընդամենը դուրս են եկել ստվերից։ Ինչքան էլ դա գուցե լավ է բյուջեի համար, եկամտային հարկի տեսքով լրացուցիչ մուտքեր են ապահովվում, այնուհանդերձ, այն ոչինչ չի ավելացնում գործազրկության կրճատմանը կամ աշխատատեղերի ավելացմանը։

Նոր իշխանություններից մարդիկ ակնկալում էին իրենց սոցիալական վիճակի բարելավում։ Ու դա պիտի արտահայտվեր ոչ միայն աշխատանքի ապահովվածության, այլև արժանապատիվ աշխատավարձի տեսքով։ Բայց ի՞նչ է տեղի ունեցել. առնվազն անցած մեկ տարվա ընթացքում միջին աշխատավարձը Հայաստանում ավելացել է ընդամենը 5-6 տոկոսով։ Ու դա էլ ոչ բոլորին է բախտ վիճակվել։

Ժամանակին կառավարությունն ամենուրեք հեղափոխական բարեփոխումներից էր խոսում։ Սակայն անցած մեկուկես տարին ցույց տվեց, որ քաղաքական իշխանությունը պատրաստ չէ տնտեսության մեջ ու հասարակության կյանքում հեղափոխական փոփոխություններ անել։

Այդպիսի փոփոխություններ չեն սպասվում նաև առաջիկայում։ Պատահական չէ, որ տնտեսական հեղափոխությունը թափ է հավաքում, ինչպես ասում է վարչապետը, բայց հաջորդ տարի ակնկալվում է անգամ 5 տոկոսից ցածր տնտեսական աճ։ Էլ չասենք, թե ժամանակին կառավարության ղեկավարն ինչեր էր ասում Հայաստանին «սպառնացող» ներդրումային ու շինարարական բումերի մասին։ Այսօր շինարարության աճն ընդամենը 4-4,5 տոկոս է, իսկ ներդրումների մասին նույնիսկ ավելորդ է խոսել. 9 ամսում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը կազմել է ընդամենը 67-68 մլն դոլար։

Ակնհայտ է, որ «թավշյա հեղափոխությանը» հեշտ օրեր չեն սպասվում։ Եթե ժամանակին հեղափոխականներին ամեն ինչ շատ պարզ էր թվում, ապա հիմա այլևս այդպես չէ։ Քաղաքական իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում գլուխ հանել պետական կառավարման գործից։

Շուտով կլրանա երկու տարին, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է։ Բայց նա այնպիսի պաթոսով է դժգոհում պետական կառավարման համակարգի աշխատանքից, կարծես դեռ նախկին ընդդիմադիր պատգամավորն է։

Եթե նույնիսկ ընդունենք, որ պետական ապարատը լավ չի աշխատում կամ անարդյունավետ է գործում, ապա դրա մեղավորն առաջին հերթին՝ կառավարությունն է ու կառավարության ղեկավարը։ Մեկուկես տարին լիարժեք բավական էր այն կարգի բերելու համար։ Բայց դա չի արվել։ Չի արվել, որովհետև կառավարությունն ու կառավարության ղեկավարն իրենց տեղում չեն։ Գործ անելու փոխարեն` նրանք զբաղված են քաղաքական խարդավանքներով, սրա-նրա վրա գործ բացելով, բռնել-բաց թողնելով, Ֆեյսբուքում հասարակության կյանում ոչինչ չփոխող գրառումներ անելով։ Դա չէ, որ երկիրը պիտի տանի հեղափոխական փոփոխությունների ճանապարհով։

Զարմանալի չէ, որ քաղաքական իշխանությունն այլևս չունի նախկին հեղինակությունը։ Վստահության ռեսուրսն օր-օրի մաշվում է։ Հասարակության հիասթափությունը գնալով խորանում է։

Իշխանափոխությունը չտվեց այն, ինչին սպասում էր հասարակությունը։ Երկրում տնտեսական ու սոցիալական իրավիճակը բարելավման նշաններ ցույց չի տալիս։ Նախկինի նման, մարդիկ կերակրվում են դատարկ խոստումներով ու վիճակագրական աճերով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ