09 12 2019

Գագիկ Ջհանգիրյանը` «փլուզված երազանքի» ու ապահով ծերություն արանքին․ Փաստինֆո

Գագիկ Ջհանգիրյանը` «փլուզված երազանքի» ու ապահով ծերություն արանքին․ Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ «Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի անունը վերջին շրջանում հաճախ է մամուլում հոլովվում։ Նախկին պաշտոնյան վիճարկում է իր պաշտոնանկության վերաբերյալ նախկինում կայացված որոշումները։ Ինչպես արդեն «Փաստինֆո»-ն տեղեկացրել է` Գագիկ Ջհանգիրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել իրեն կոչումներից զրկելու եւ զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ ՆՀ-28-Ա և ՆՀ-29-Ա հրամանագրերը։ 

Հիշեցնենք, որ նա պաշտոնանկ է արվել ՀՀ երկրերդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով` քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար: Մասնավորապես` Ջհանգիրյանը, լինելով գլխավոր դատախազի տեղակալ, 2008 թվականի փետրվարի 22-ին ելույթ էր ունեցել ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, մինչդեռ օրենքն արգելում էր դատախազներին զբաղվել քաղաքականությամբ։

Ինչին անմիջապես արձագանքել էր դատախազությունը՝. նկատի ունենալով, որ «Դատախազության մասին» օրենքն արգելում է համակարգ ներկայացվուցչին լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ, համապատասխան միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին:

 Իշխանափոխությունից հետո, թերեւս  Գագիկ Ջհանգիրյանի համար, ում անունը տարիներ շարունակ մամուլում շրջանառվել է որպես ընտրախախտումների հիմնադիր ու զինվորական հանցագործությունների կոծկման անմիջական մասնակից, բարենպաստ պայմաններ ստեղծվեցին։

Իշխանատենչ ամբիցիաներով հայտնի գործիչը, ըստ որոշ գնահատականների, կրկին ցանկանում է համակարգ վերադառնալ, ամեն գնով հասնել դատախազի աթոռին: Նրա` այս երազանքի մասին ժամանակին խոսել է նաեւ Նիկոլ Փաշինյանը` արձանագրելով, որ այն փլուզված է:

«Այդ երազանքն իրականացնելու համար նոր սցենարներ կառուցելու, նոր սցենարներ գծագրելու ու նոր տեղերում հատնվելու անհրաժեշտություն ունեք», - տարիներ առաջ ասել էր ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը` հեգնելով Ջհանգիրյանին: 

Ճիշտ է` երբեմնի հակառակորդներն այսօր համախոհներ են, բայց գլխավոր դատախազ դառնալու Ջհանգիրյանի նոր ծրագիրը նորից դատապարտված է փլուզման:   Խնդիրն այն է, որ մյուս տարի` 2020 թ. ապրիլին լրանում է Գագիկ Ջհանգիրյանի  65 -ամյակը, ու այդպիսով կփակվի նրա` հնարավոր հավակնությունների  դուռը, քանի որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի   33-րդ հոդվածը սահմանում է, որ դատախազ կարող է նշանակվել 25-ից մինչև 65 տարեկան ՀՀ քաղաքացին։ Այսինքն` Գագիկ Ջհանգիրյանի` գլխավոր դատախազ դառնալու Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ երազանքը ընդամենը  4 ամսից կդառնա  անիրականանալի երազանք:

Ճիշտ է` նա հայցադիմում ներկայացրել է վարչական դատարան, բայց այն վարույթ ընդունելու մասին որոշում  դեռ չկա: Բայց  եթե անգամ դատարանը շուրջ 12 տարվա վաղեմության հրամանագրի դեմ հայցը քննության առարկա դարձնի ու քաղաքական ներկայիս  իրավիճակով պայմանավորված արագացված կարգով որոշի այն բավարարել, համարել, որ գլխավոր դատախազի տեղակալը  կարող է զբաղվել քաղաքականությամբ, հետեւապես նրան պետք է վերականգնել պաշտոնում` ընդամենը կլուծվի նրա թոշակի հարցը:

Այսինքն` չիրականացված երազանքի համար Ջհանգիրյանը կստանա  նյութական փոխհատուցում` 12 տարվա աշխատավարձը ու դատախազի կենսաթոշակ, ինչ կապահովի  նրա  ծերությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ